«Գարդիան»․ Քարդաշյանը մամլո ասուլիս չի տա, բայց կայցելի Ծիծեռնակաբերդի համալիր

«Գարդիան»․ Քարդաշյանը մամլո ասուլիս չի տա, բայց կայցելի Ծիծեռնակաբերդի համալիր

Այս օրերին Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան հայտնվել է ոչ միայն տեղական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ ստվերում թողնելով վերջին քաղաքական ձերբակալություններն ու ապրիլքսանչորսյան բուն միջոցառումները, այլեւ մեծ լուսաբանում է գտել համաշխարհային մամուլի էջերում, որոնք գրեթե ժամ առ ժամ հետեւում եւ թարմացնում են ամերիկյան աստղի ընտանիքի տեղաշարժերը: Ապրիլի 24-ի նախօրեին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, Քարդաշյանի անունն արդեն ներկայացվում է ոչ թե շոուբիզնեսային, այլ քաղաքական ենթատեքստով:



Օրինակ, eurasianet.org-ը «Քարդաշյանը, Պուտինը եւ Քլունին գալիս են Հայաստան» վերնագրով նյութում գրում է, որ Պուտինն ու Քարդաշյանը Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների Հայաստանի «վիպ» հյուրերն են, ապա նկատում, որ դաժան մրցակցության պայմաններում, երբ արքայազն Չարլզն ու Հարրին գնալու են Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումներին, Քարդաշյանի ներկայությունը մեծապես կօգնի Հայաստանին եւ արդյունավետ «փիառ» զենք կծառայի, որի ազդեցությունը, սակայն, դժվար է կանխատեսել, քանի որ, հղում անելով BBC-ին, Քարդաշյանին միաժամանակ սիրում եւ ատում են Հայաստանում:



theguardian.com պարբերականը գրում է, որ Քիմ Քարդաշյանը Երեւան կայցելի՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերին, ապա որոշ մանրամասներ հաղորդում նրա այցից, մասնավորապես այն, որ ամերիկացի աստղը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, բայց պաշտոնական ոչ մի հանդիպում կամ մամլո ասուլիս նախատեսված չէ: theguardian-ը գրում է, որ նրա հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, 3-րդ սերունդն է ամերիկահայերի, իսկ Քիմը մի քանի անգամ հրապարակայնորեն կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ապա պարբերականը նկատում է, որ Ամերիկայի կառավարությունն ակնհայտորեն խուսափում է փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ չի միանում այն 22 երկրներին, ովքեր պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ 43 նահանգ պաշտոնապես ճանաչել է կատարվածը որպես ցեղասպանություն: Պարբերականը հիշում է, որ առաջին անգամ՝ 2011թ.-ին, Քարդաշյանը դուրս եկավ իր թեթեւամիտ կերպարից ու խոսեց Հայոց ցեղասպանության մասին՝ հղումով ներկայացնելով Քարդաշյանի բլոգի լինքը, ինչպես նաեւ Քիմի 2012թ. Թվիթերի էջի գրառումը, որտեղ նա 1.5 մլն զոհերին հիշելու եւ չմոռանալու կոչ է անում:



hellomagazine.com-ը գրում է, որ Լոս Անջելեսում ապրող եւ ռեփեր Քենիո Վեստի հետ ամուսնացած Քիմ Քարդաշյանը վերադառնում է իր արմատներին, եւ որ ճանաչված ընտանիքը Հայաստան է գալիս ապրիլի 24-ից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մի քանի շաբաթ առաջ: Ապա նշում, որ Քիմը միշտ կողմ է եղել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Անդրադառնալով 8-օրյա այցին, պարբերականը գրում է, որ Քիմն այցելելու է նաեւ թանգարան՝ Հայաստանի պատմությանն ավելի մոտիկից ծանոթանալու համար, այցելության կեսը նկարահանվելու է «Քարդաշյանների հետ» հեռուստաշոուի համար: Քիմի ներկայացուցիչը պարբերականին փոխանցել է, որ Հայաստան այցելությունը վաղուց է եղել Քիմի ծրագրում:



independent-ը գրում է, որ վերջերս շիկահեր դարձած Քարդաշյանը դարձյալ սեւահեր է դարձել՝ Հայաստան մեկնելու համար: Մեկ այլ՝ x17online.com կայքն էլ գրում է, որ Հայաստան այցելությունից հետո Քարդաշյանը մեկնելու է Իսրայել: Չնայած Քարդաշյանները գալիս են Հայաստան հիմնականում «Քարդաշյանների հետ» ռեալիթի շոուի նկարահանումների համար, բայց նրա այցը լուսաբանվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կոնտեքստում: Այլ կերպ ասած՝ Հայաստանի արտաքին քաղաքականության ողջ ծանրությունը հիմա Քիմ Քարդաշյանի ուսերին է դրված: