Քաղաքագրություն. Րաֆֆի. ՔԱՂԱՔԱՑՈՒՀԻՆ

Քաղաքագրություն. Րաֆֆի. ՔԱՂԱՔԱՑՈՒՀԻՆ


Դպրոցից դուրս բերել են հետո, աշխատում են աղջկան շուտով մարդու տալ: Օժիտի քանակությունն առաջուց հրապարակվում է, թե քանի հազար է. նրա համեմատ որոնում են փեսա: Մայրը սկսում է այնուհետև աղջկան ցույց տալ աշխարհին, այցելություններ են անում, տանում է նրան բալ, թատրոն, «կրուժոկ» և դրանց նման տեղեր: Աղջիկը միշտ իրան նեղված է գտնում անկիրթ, անտաշ մոր մոտ, որ ամեն տեղ հետևում է նրան, որպես մի սև ստվեր, բայցթաքցնում է իր տհաճությունը: Հայրն ամենևին չէ խառնվում գործի մեջ. նա իրան հեռու է պահում: Դուք չեք տեսնի հարուստ հայրերից մեկին, որ իր աղջկահետ ման գալիս լիներ փողոցում: Այս դեպքում հայը պահպանել է իր ասիականությունն այլևս կնոջ վերաբերությամբ:




Ամուսնությունները լինում են ըստ մեծի մասին հավասարը հավասարի հետ (նյութական կարողության կողմից): Առաջ գերադասում էին աստիճանը, «մունդիրը», բայց հիմա աստիճանավորին բանի տեղ չեն դնում, եթե փող չունի կամ որևիցե բարձր դիրք բռնած չէ: Մի ժամանակ էլ մոդայի մեջ մտան օտարազգի փեսաները, բայց հիմա նրանք էլ կորցրել են իրանց վարկը, որովհետև համարյա բոլոր ամուսնություններն օտարազգիների հետ անբախտ եղան: Փեսան աղջկա բերած փողը կերավ և նրան քաղցած թողեց: Ծնողները սկսեցին ափսոսալ ոչ թե աղջկան, որ մի անպիտանի ձեռքում մաշվում էր, այլ իրանց տված փողին: Եվ այսպես, ամուսնության մեջ գլխավոր դերը խաղում է հաշիվը և ամուսնական կապը դառնում է փողը: Ամենևին չեք տեսնի, որ մի աղջիկ, մի քանի տասն հազար օժիտով, պսակվեր մի գեղեցիկ և առողջ երիտասարդի հետ, որ միայն ուսում ուներ, բայց փող կամ պաշտոն չուներ: Եվ ընդհակառակը,շատ կտեսնեք այնպիսի փեսաներ, որ ամուսին լինելու ընդունակությունը կորցրել էին, որ կյանքը սպառել էին վատ կացության մեջ, բայց պսակվում են աղջիկներից ամենագեղեցիկի հետ, որովհետև փող ունեն: Սերն ամենևին դեր չունի այս դասի ամուսնության մեջ. և եթե հայտնվում է նա, առաջ է բերում այնպիսի մի րոման, որ ոչ մի գրիչը հարգող րոմանիստ չէր ցանկանա նկարել նրան: Շատ ցավալի է լինում աղջկա դրությունը, երբ նա միայն փողով պետք էիր համար ամուսին գտներ: Այդ դեպքում նրա անձնական արժանավորությունները բոլորովին իրանց նշանակությունը կորցնում են: Գուցե նա գեղեցիկ էր,գուցե խելացի էր, և կարող էր լավ կին լինել, բայց փեսաները նրա մոտով անցնում են կարծես արհամարհելով: Նա մնում է որպես մի անվաճառ ապրանք, որ խանութպանի լեզվով կոչվում է «փասմանդա»:



 



Տարիների հետ նրա բնավորությունը փոխվում է: Կապիկը որքան պառավում է, այնքան չարանում է:Պառավ աղջիկը սեփականացնում է մաղձոտ բնավորություն: Նա դառնում է և նախանձոտ, մանավանդ երբ տեսնում է, որ վատերը փողով մարդիկ են գնում:Մի հարստից, որ կաղ աղջիկ ուներ, հարցրին. «ի՞նչպես պետք է մարդու տաս աղջիկդ»: Նա պատասխանեց. «Հիսուն հազար ռուբլի կդնեմ ոտքերի տակը,երկուսն էլ կդրստվին»:
Վերջապես աղջիկը մարդի է գնում: Կին լինելուց հետո սկսվում է նոր կյանք:



Առաջին ամիսներից հետո անցնում է ամուսնական սիրո առաջին ջերմությունը:Այնուհետև սառնությունն աննկատելի կերպով մեջ է մտնում: Այր և կնոջ հարաբերությունները պաշտոնական ձև են ընդունում: Դեպքերն առաջ են բերում սոսկալի պայթյումը: Հետո սկսվում է ընտանեական դժոխքը: Եվ այդ ծագում է խիստ բնական կերպով: Ամուսին այրն ունի իր պարապմունքը, իր արտաքին բարեկամները և բարեկամուհիքը. նա ունի իր առանձին զվարճությունները, գնում է կլուբ և ուրիշ այսպիսի տեղեր: Նա այնքան զբաղված է լինում իրմով, որ համարյա մոռանում է, թե կին ունի: Կինն էլ իր կողմից պետք է իր համար կյանք տնօրինե: Այս բանի մեջ նրան առաջնորդում է մոր օրինակը: Նա անում է այն, ինչ որ տեսել ու սովորել է մորից: Այցելություններ է անում, զբոսանքի է գնում, տանը երեկույթներ է սարքում, թրև է գալիս մագազիններում, զբաղվում է ավելի իր պչրանքներով, քան թե զավակներով, իսկ տնտեսությունը մնում է ավազակ ծառաների և աղախինների կամքին: Ամառն անց է կացնում ամառանոցում, իսկ ձմեռը սկսվում է միևնույն կյանքը: Տարիներն անցնում են միմյանց ետևից, միօրինակ և աննպատակ զվարճությունները սաստիկ հոգնեցնում են նրան: Այլևս ի՞նչ անե. ամեն բան փորձել, ամեն բան մաշել է նա: Վերջին տարիներում սովորության մեջ մտավ արտասահմանը. Կնիկները սկսեցին ձգել ամուսիններին և հեռու օտարության մեջ թաքցնել իրանց ամոթը: Այս բոլորի մեջ ես մեղադրում եմ տղամարդին, նա ինքն է առիթ տալիս նրան վատ լինելու:



Պատահում են բախտավոր ամուսնություններ: Տղամարդը զբաղվում է իր գործերով, աշխատում է ընդարձակել իր ասպարեզը: Կինը կառավարում է տունը և նրանից դարձնում է մի փոքրիկ դրախտ: Երկուսն էլ օգնում են միմյանց. մեկը, որպես դրսի մարդ, մյուսը, որպես ներսի մարդ: Կյանքը սահում է իր խաղաղընթացքով և լի ամեն վայելչություններով: Զավակները թռվռում են ծնողների բոլորտիքը մաքուր, առողջ, որպես հրեշտակներ: Ամեն ինչ դրվում է կարգի և օրինակության ներքո: Ամուսնական ներդաշնակությունը լինում է հիմքն ընտանիքի բարօրության, իսկ բարոյականությունը — նրա մեջ տիրող ոգին:



 



շարունակելի