Բաքվում՝ Պատրուշեւից հետո

Բաքվում՝ Պատրուշեւից հետո

ԱՄՆ- ում երկարատեւ գործուղման մեջ գտնվող ադրբեջանցի գործիչ Գուբաթ Իբադօղլուն facebook –ի էջում գրել է, որ մայիսի 13- ին դատախազության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները 3 ժամ շարունակ խուզարկություն են անցկացրել իր գլխավորած «Տնտեսական վերլուծությունների կենտրոնում»:



Առգրավվել են «ֆինանսա- հաշվապահական փաստաթղթերը, բոլոր համակարգիչները»: Խուզարկվել են նաեւ «Հանուն արդյունահանող բնագավառներում թափանցիկության բարձրացման» ՀԿ-ի եւ Ազգային բյուջեի խմբի գրասենյակները:
Այս օրերին Բաքվում մոլեգնող ձերբակալությունների համապատկերին սույն տեղեկատվությունը չափազանց դժգույն կլիներ, եթե լրատվամիջոցներից մեկն այն չվերնագրեր «Խուզարկություններ Ադրբեջանում ԱՄՆ գլխավոր գործակալի գրասենյակում»:



Ավելի վաղ ադրբեջանական մամուլում կարծիք էր շրջանառվել, որ Իբադօղլուն ԱՄՆ-ում «նարնջագույն հեղափոխություն իրականացնելու հատուկ դասընթացներ է անցնում, Ադրբեջան կվերադառնա խորհրդարանական ընտրությունների մեկնարկին եւ կփորձի սրել իրավիճակը»:



ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների վերջին հանդիպմանը ռուսաստանյան կողմը հատուկ շեշտադրել էր պոստխորհրդային տարածքում «նարնջագույն հեղափոխության սպառնալիքի դեմ համատեղ պայքարի կարեւորությունը:



Ադրբեջանում «նարնջագույն հեղափոխություն նախապատրաստող» Իբադօղլուի գրասենյակում խուզարկությունները հաջորդեցին ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշեւի երկօրյա աշխատանքային այցին, որի ընթացքում նա հանդիպել է նաեւ ԱԱ նախարար Մահմուդովին:



Պատրուշեւը նախկինում գլխավորել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը, բազմափորձ հետախույզ է եւ, անկասկած, չափազանց տեղեկացված: Նա՞ է Ադրբեջանում «նարնջագույն հեղափոխություն նախապատրաստելու՝ Միացյալ Նահանգների ծրագրի» մասին հուշել ադրբեջանական կողմին, թե՞ Բաքուն պարզապես առիթն օգտագործում է՝ հավանական ընդդիմությունը խեղդելու «ձվի մեջ»՝ ենթադրությունները կարող են տարբեր լինել:



Մի բան անառարկելի է՝ համապետական ընտրություններից առաջ եւ հետո Ադրբեջանում միշտ «մեծ լվացք» են անում: Պետք է գրեթե համոզված լինել, որ մի խումբ օլիգարխների ձերբակալությամբ եւ ենթադրյալ մրցակցի գրասենյակում խուզարկությամբ հող է նախապատրաստվում, որպեսզի թխվի «պետական հեղաշրջման փորձով» քրեական գործ: Եւ դարձյալ վարչախումբն իրեն ապահովագրում է Մոսկվայի աջակցությամբ:



Վահրամ Աթանեսյան