Տիգրանն Ամանորին բողոքի ցույց է անելու Երեվանի գլխավոր տոնածառի տակ

Տիգրանն Ամանորին բողոքի ցույց է անելու Երեվանի գլխավոր տոնածառի տակ

Չարենցավանի բնակիչ Տիգրան Ասկիջյանն իր առաջ ժամկետ է դրել։ Եթե մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ն իր որդուն փրկող չեղավ, ինքը նստելու է Երեւան քաղաքի գլխավոր տոնածառի տակ եւ նստացույցով հարամելու է բոլոր հարուստ, երջանիկ ու պաշտոնյա մարդկանց տոնը։ Տիգրանը մեծ պատմության մեջ է, որից փրկություն չի տեսնում։ Այս մասին նա գլխի ընկավ, երբ հայտնաբերեց, որ իր որդին՝ Աշոտիկը, չի արձագանքում ձայների, անգամ երբ նրա անունն են տալիս։ Այն ժամանակ երեխան ընդամենը 8 ամսական էր, հիմա 2 տարեկան է արդեն, բայց հայրը ոչինչ չի կարողացել անել տղայի համար, անգամ ստույգ ստուգումներ չեն կատարել, հասկանալու համար, թե արդյոք Աշոտիկը ենթակա՞ է իմպլանտ-վիրահատման (կոխլյար (խխունջային) իմպլանտացիան ներքին ականջի մեջ էլեկտրոնային սարքի տեղադրումն է՝ Ս․Ս.) , թե՞ նրա լսողությունը կարող են վերականգնել սուրդոմանկավարժների օգնությամբ։



Առաջին անգամ Աշոտիկին ստուգել են «Արաբկիր» բժշկական կենտրոնում եւ ախտորոշում են դրել՝ 3-րդ կարգի ծանրալսություն։ «40 հազար դրամ վճարեցի լսողական սարքի համար, որովհետեւ ինձ այնտեղ ասեցին, որ նման երեխաները պետպատվերի մեջ չեն մտնում»։ Փոքրիկը թուլացել է ապարատից։ Հայրը նրան տարել է «Էրեբունի» հիվանդանոց, բժշկուհի Արմինե Մարտիրոսյանի մոտ, որն ասել է, որ երեխայի բուժումն իրենց մոտ ամբողջությամբ վճարովի է։ «60 հազարից ավելի պետք է տայի ստուգման համար, 2 մլն 700 հազար դրամ պետք է վճարեի իմպլանտ-վիրահատության համար, վիրահատողն արտասահմանից է գալու, սրան գումարած էլ՝ 17 հազար դոլար իմպլանտի համար։ Բոլորն իրար հետ արեց 30 հազար դոլարից ավելի։ Ես էլ մարզի տղա եմ, իմ կարողությունն այդքան չի, ես եթե ամբողջը վաճառեմ, կունենամ գումարի կեսն ընդամենը»։ «Էրեբունուց» Աշոտիկի հորն ուղարկել են սուրդոմանկավարժ Ինեսա Աշոտովնայի մոտ՝ Բութանիայում գտնվող «Փոխօգնության կենտրոն» կոչվող հաստատություն, ասելով, որ այստեղ պետք է նա պարապի, որպեսզի հետագայում կոխլյար վիրահատության ենթարկվի։



Աշոտիկի հայրը հասկացել է, որ որդու պարապմունքներն ամիսը 100 հազար են նստելու իր գրպանին։ Ստացվում է, որ տարին 1 մլն 200 հազար դրամ էլ պետք է տա դասերի համար։ «Ես եւ իմ ազգուտակը եթե մեր ունեցածը ծախենք, չենք կարող ոչինչ անել, ահա ինչու որոշեցի դիմել բարեգործներին, հարուստ մարդկանց»,- ասում է Տիգրան Ասկիջյանն ու գնում բարերարների մոտ․ «Ռոզա Ծառուկյանի մոտ եմ եղել։ Նա ինձ ասաց՝ այնքան ծնողներ են գալիս, որոնք երեխային զենք են սարքում, բուժման փող են վերցնում, գնում են կահույք ու հեռուստացույց են առնում, պետք է թուղթ բերես, որ իմանանք, թե ինչքան ես վճարելու բուժման համար»։ Նույնն են ասել նաեւ Սամվել Կարապետյանի հիմնադրամում․ «Պիտի բերես ռեալ թղթեր, որ դու ունես այսինչ ծախսերը, մարդիկ հավատան ու օգնեն քեզ»։ Բայց բժշկուհին, որն իր բազմազբաղ առօրյայում արդեն ժամ է ազատած լինում Աշոտիկի համար, հրաժարվում է թուղթ տալ։ «Մի 5 րոպեից էլ զանգեց նրա քարտուղարուհին, ասեց՝ տեղ չունենք»։ 10 օր է, ինչ Տիգրանը Չարենցավանից Երեւան է հասնում, բայց բազմազբաղ Ինեսա Աշոտովնային չի կարողանում տեսնել։ «Ես փոքրիկ բուդկա ունեմ։ 5 տարի է՝ հարկ եմ վճարում, եւ իմ վրա ակտ ոչ մի անգամ չեն գրել։ Ես էս երկրի օրինավոր քաղաքացի եմ, եւ ինչ ա, որ թուղթ ուզեցի, իմ երեխան պետք է տուժի՞», - վրդովվում է Տիգրանը։



Նա նամակ է գրել առողջապահության նախարարություն, բայց դեռ պատասխան չի ստացել։ Նախարարության աշխատող Նունե Փաշինյանը մեզ պատասխանեց, որ այո, իրոք՝ Տիգրան Ասկիջյանի դիմումն իրենց մոտ է․ «Նա եղել է մեզ մոտ, դիմում է գրել կոխլյար իմպլանտացիա կատարելու կապակցությամբ։ Բայց այս ծառայությունը մտնում է նորագույն եւ թանկարժեք տեխնիկայի կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների ցանկ, որը հաստատված է նախարարի հրամանով։ Այս ծառայությունները վճարովի են բնակչության բոլոր խմբերի համար։ Մենք Տիգրան Ասկիջյանին այս պատասխանն ենք տալու»։ Նախարարության աշխատակիցը հայտնեց, որ եթե Ասկիջյանը մի քիչ ավելի շուտ դիմած լիներ, նրա տղային էլ կկարողանային մտցնել հովանավորների գումարներով մի քանի վիրահատվողների ցանկը։ «Էրեբունի» հիվանդանոցից հետաքրքրվեցինք, թե ինչու են Աշոտիկի նման հիվանդներին Ինեսա Աշոտովնայի մասնավոր կլինիկան ուղարկում։ Հիվանդանոցի մամուլի հարցերով պատասխանատու Շուշան Հունանյանը պարզաբանեց, որ նա նախկինում աշխատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում եւ բարձր որակավորում ունեցող մասնագետ է․ «Այս 10 տարում մեզ մոտ մի քանի տասնյակ երեխա է վիրահատվել։



Ինեսա Աշոտովնան լավ մասնագետ է եւ գիտի բոլոր նրբությունները, սակայն սուրդոմանկավարժի ընտրությունը ծնողի գործն է եւ իրավունքը»։ Թե ինչու Ինեսա Աշոտովնան թուղթ չի տվել Աշոտիկի հորը, «Էրեբունի» հիվանդանոցում չգիտեն։ Սուրդոմանկավարժի հետ փորձեցինք կապվել, սակայն նա հասանելի չէր։ Նրա պատասխանին կսպասենք առաջիկայում։ «Էրեբունի» ԲԿ-ից հայտնեցին նաեւ, որ հունիսին 7 երեխայի իմպլանտ են տեղադրելու, որոնք բերելու են ԱՄՆ-ից։ Բոլոր երեխաների ծնողները վճարել են վիրահատության գինը՝ 2 մլն 800 հազար դրամ։