Դե, հերիք է տանջեք երեխային

Դե, հերիք է տանջեք երեխային

Կառավարության նիստում երեկ կես ժամ մենախոսում էր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Թղթից նա երկար-բարակ կարդում էր այն խնդիրների ցանկը, որոնք լուծելու է քրեական նոր օրենսգիրքը, հատ-հատ կանգ առնելով բոլոր խնդիրների վրա։ «Ապահովել անձի հասարակության և պետության անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից, հնարավորինս նվազեցնել հանցավորությամբ պայմանավորված սոցիալական լարվածությունը, ապահովել քրեական օրենսդրության համապատասխանությունը հանցավորության զարգացման ժամանակակից միտումներին և կրիմինալ սպառնալիքներին, ամրագրել հանցավոր արարքները ոչ հանցավորներից սահմանազատելու հստակ հատկանիշներ, որոնք կբացառեն օրենքի տարածական մեկնաբանությւոնը» և այլն, և այլն։ Մոնոտոն այս ընթերցանության ժամանակ հիշեցինք «Երջանկության մեխանիկա» ֆիլմի դրվագը, որում հյուրերը դեմքի քաղաքավարի արտահայտությամբ լսում են անտաղանդ փոքրիկի ծնգծնգոցը և տառապում, մինչև որ նրանցից մեկն ասում է՝ դե, հերիք է տանջեք երեխային։ Բայց կառավարության նիստում այդ ասողը չկար, և նախարարները կոլեկտիվ ջանքերով տառապեցին մինչև որ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց․ «Կա՞ն հարցեր, այս ուղղությունների մասին, որ խոսեցինք, որևէ գերատեսչություն կա, որ դեմ է»։ Այս ելույթի միակ լուսավոր կետն այն է, որ մենք վերջապես հասկացանք, որ արդարադատության նախարարը դժգոհ է ներկայիս օրենքներից, կալանքի՝ որպես խափանման միջոց կիրառելու հաճախակիությունից, հանցանք կատարած անձանց հետ աշխատանքից և վերջապես համոզված է, որ հանցավորությունը սոցիալական լարվածություն է ստեղծել։ Այնուամենայնիվ, պարզ չեղավ, թե ինչն է խանգարում նախարարին ներկայիս օրենքների սահմաններում, օրինակ, վաղաժամկետ ազատել ցմահներին, որոնք 20 տարուց ավելի նստած են։ Ստեփան Գրիգորյանն, օրինակ, հացադուլ է անում, պահանջելով լուծել իր ազատման հարցը։ Բայց մինչև նախարարը տեղից շարժվի, ցհամ դատապարտվածները կմահանան նրան սպասելով։