Էլիտար շինարարության հին և նոր զոհեր

Էլիտար շինարարության հին և նոր զոհեր

Գործարար Համլետ Ամիրխանյանի ինքնասպանությունից հետո նրան պատկանող «Լեւոն Ամիրխանյան» ընկերության կառուցած էլիտարների բնակիչների հարցն օդում կախված է։ Նրանց մեծ մասը չունի սեփականության վկայականներ, քանի որ, պարտքերի մեջ խճճվելով, Ամիրխանյանը բանկերում գրավադրել էր նրանց տները։ Բանկերը, որոնց թվում են «Զարգացման հայկական բանկը», «Արդշինինվեստը», «Կոնվերսբանկը», գործարարի մահից անմիջապես հետո, հասկանալով, որ այլեւս չեն ստանալու փողը, բնակարանների տերերից պահանջեցին ազատել դրանք։ Վերջիններս դիմել են կառավարություն։



«Լեվոն Ամիրխանյան» ՍՊԸ-ին միլիոնավոր դոլարների պահանջ է ներկայացվել



Հիմա միայն մեկ բանկ կա, որը շարունակում է պահանջներ ներկայացնել, որի անունը բնակիչները չեն ասում։ Մյուսները ենթարկվել են կառավարության հորդորին՝ սպասել։ Սայաթ-Նովա 40 հասցեում բնակվող Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, մարդիկ չեն ենթարկվում բանկերի պահանջներին։ «Մենք ինչո՞ւ դուրս գանք, թող իրենք դուրս գան,- ասում է նա,- մենք դիմել ենք սնանկության կառավարչին եւ սպասում ենք մեր պահանջների բավարարմանը»։ Բացի բնակարանատերերի պահանջներից, մեծ թվով պարտապաններ կան։ Մայիսին «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ սնանկության գործընթացը մտել է դատական փուլ։ ««Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի պարտատերերի թվում եւ ֆիզիկական անձինք են, եւ կազմակերպություններ,- ասում է սնանկության կառավարիչ Արման Սարգսյանը,- նրանց պահանջները քննարկվում են դատարանում»։ Մինչ օրս մոտ 190 քաղաքացիներ են գումարային պահանջներ ներկայացրել կառավարչին, որոնց ընդհանուր գումարն անցնում է տասնյակ մլն դոլարից։ Սակայն բնակարանաշինության նախկին զոհերի փորձը լավատեսություն չի ներշնչում։

Դալմայում բնակարան ստացածների կորուստները չեն հատուցվել



2006-2008 թվականներին, ինչպես հայտնի է, աղմկահարույց սնանկացումներ եղան։ «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ի տնօրեն, նախկին ոստիկան Սիմոն Աղազարյանն էր 65 քաղաքացիների հետ անշարժ գույքի նախնական առքուվաճառքի, փոխառության եւ ներդրումային համագործակցության մասին պայմանագրեր կնքել, նրանցից գումարներ էր հավաքել, սակայն Բուզանդի 13-21 հասցեում փոսային աշխատանքներից այն կողմ գործն առաջ չգնաց։ Աղազարյանին կալանավորեցին, հետո բաց թողեցին, հետո լուրեր տարածվեցին, թե նա դատախազության հովանու ներքո է գործել, ինչի մասին բարձրաձայնել է փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Աղազարյանի հետ այդ նույն շրջանում աշխատում էր Արամի 72-80 հասցեի կառուցապատող «ԳԱՊբնակշին» ՍՊԸ տնօրեն Գագիկ Պապոյանը, որը պարտավորվեց, Աղազարյանի հետ համաձայնեցված, բնակարաններ հատկացնել նրա «կլիենտներին», ինչը չարեց։ Հետագայում դատարանում պարզվեց, որ 172 բնակարանների համար նա վաճառքի 700 պայմանագրեր էր կնքել, բնակարանները երեք-չորս անգամ վաճառելով տարբեր մարդկանց։ Պապոյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, Աղազարյանը՝ 7, սակայն նրանց խարդախություններից եւ յուրացումներից տուժած անձինք մինչ օրս կամ դատարանների դռներն են ընկած, կամ չնչին փոխհատուցում են ստացել։ Փաստաբան Սեդա Սաֆարյանը, որի պաշտպանյալը «քցվածների» թվում է, այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել։ «Արդեն երեք տարի է՝ սպասում եմ։ Իմ պաշտպանյալը ոչինչ չի ստացել,- ասում է նա,- մյուսներին բնակարաններ են տրամադրել Դալմայում, ոչ ձեռնտու պայմաններով, եւ մարդիկ հարկադրված ընդունել են դրանք, որոշ մարդկանց էլ ոչինչ չեն տվել»։ Սիմոն Պապոյանի խաբեությունից տուժածները գրեթե ոչինչ չեն ստացել, քանի որ նա իր անունով գրանցված ունեցվածք չուներ։ «Որոշ մարդիկ իրավունք ունեցան փոխհատուցում ստանալու, մյուսները, ինչպես իմ պաշտպանյալ, ԱՄՆ բնակիչ Թովմաս Մեգերյանը, օրինակ, Պապոյանի ունեցվածքից պետք է ստանար, բայց նա իր անունով երկու միավոր անշարժ գույք ունի, որի 5-րդ մասն է իրենը, եւ սա չի փոխհատուցում մարդկանց կորուստները»։ Դալմայում բնակարաններ ստացած քաղաքացիների համար էլ, ըստ փաստաբանի, գործարքը ձեռնտու չէր։ Նրանց կորուստների մոտ 30-40 տոկոսը հատուցվեցին, սակայն հարկադրանքի մեթոդով ընտրեցին չարյաց փոքրագույնի ճանապարհը։



Վլադ Մանգասարյանի հասցրած վնասի չափը ոչ մի կերպ չեն կարողանում որոշել



Մեկ այլ «անվանի» կառուցապատող Վլադ Մանգասարյանի զոհերը նույնպես մինչ օրս չեն կարողանում հետ բերել կրած վնասները։ Նրա գործունեությունից հատկապես տուժել էր սփյուռքահայ ներդրող Էդմոն Խուդյանը։ 2004 թ․-ին նա ձեռք էր բերել Մաշտոցի 33 հասցեում գտնվող 4 հարկանի շենքը՝ այն վերանորոգելու եւ վաճառելու նպատակով, որի վերանորոգման աշխատանքները հանձն առած անձը՝ Վլադիսլավ Մանգասարյանը, շենքը քանդեց առանց Խուդյանի թույլտվության, այն շինության կողքին գտնվող Մաշտոցի 33ա տարածքին միացնելու եւ այնտեղ բարձրահարկ շենք կառուցելու նպատակով: Խուդյանը պայման էր դրել, որ մինչեւ 2006 թ. մայիսը պետք է ստանար ներդրած գումարներն ու որոշակի շահույթ, ապա դուրս գար գործից։ Նա բազմաթիվ արտասահմանյան գնորդներ էր գտել, բայց Մանգասարյանը, որը պետք է շինարարությունն ավարտին հասցներ, դրա փոխարեն նոր «գնորդներ» ներգրավեց։ 2010-ի սկզբին իրական գնորդների թղթերն անհետացան հաշվապահությունից, եւ հայտնվեցին այլ գնորդների փաստաթղթեր։ Այս գործով ներկայում նախաքննություն է իրականացվում, սակայն արդեն տարիուկես է, ինչ քննությունը կանգ է առել։ Այս մասին հայտնեց Խուդյանի եւ մի քանի գնորդների շահերը ներկայացնող փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ «Մեկ տարիուկես առաջ նշանակվել է փորձաքննություն։ Ամեն ամիս գնում, ասում ենք՝ ե՞րբ կավարտվի փորձաքննությունը, բայց մեզ պատասխան չեն տալիս։ Փոխվեցին քննիչներ, փորձաքննիչներ, փորձաքննության ծավալներ, բայց պատասխանը մինչ օրս չկա»,- ասում է նա։ Փորձաքննությունը պետք է պարզի յուրացման գումարային չափը։ Մեկուկես տարի է՝ հաշվում են։



ՀԳ․ Թվարկված բոլոր գործերով տուժողներն ու փաստաբանները հակված են այն կարծիքին, թե խարդախ շինարարները պետական պաշտոնյաների տանիքով են գործել։ Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էր, օրինակ, Լեւոն Ամիրխանյանը, առանց բնակարանատերերի համաձայնության, նրանց սեփականության վկայականներով մի քանի բանկերից եւ վարկային կազմակերպություններից գումարներ ստանալ, կամ սնանկ ձեռնարկության սեփականատեր Վլադ Մանգասարյանը նույն ձեռնարկության անունով ֆինանսական խոշոր գործարքներ անել, կամ ինչպե՞ս կարող էր Սիմոն Պապոյանը շենքեր կառուցել, չունենալով սեփական եւ ոչ մի միջոց, ոչ մի երաշխավորված ունեցվածք։