Ինձ ճանաչող մարդիկ չեն կարող ասել, որ Մարուխյանը արկածախնդիր մարդ է

Ինձ ճանաչող մարդիկ չեն կարող ասել, որ Մարուխյանը արկածախնդիր մարդ է

Պոլիտեխնիկական համալսարանը միակն է ռեկտորի ընտրություն կատարող երեք բուհերից, որտեղ կա այլընտրանք։ Խոսքը բուհի նախկին ռեկտոր, ՀՅԴ անդամ, 2003-ին նաեւ ԱԺ պատգամավոր, 69-ամյա Ոստանիկ Մարուխյանի մասին է։ «Հրապարակի» հետ հարցազրույցում նա հերքեց տարածված շշուկները, թե իր հովանավորը կրթության եւ գիտության նախարար Աշոտյանն է․ «Կարդացել եք, չէ՞, նախարարի պատասխանը։ Այսօր նա հայտարարել է, որ ինձ չի սատարելու»։ Սակայն երեկ արդեն Արմեն Աշոտյանը կոչ էր արել գործող ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին՝ «արժանապատիվ հեռանալ»։



Իսկ մինչ մենք զրուցում էինք Մարուխյանի հետ, նրան զանգահարեց Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը եւ հեռախոսով իր աջակցությունը հայտնեց, մեզ էլ առաջարկելով հաշվի առնել իր դրական կարծիքը Մարուխյանի մասին։ Սա նշանակում է, որ Մարուխյանի հաղթանակը կանխորոշված է։ Եվ այսպես, մասնագիտությամբ ջերմաէներգետիկ Ոստանիկ Մարուխյանը 1964-ից Պոլիտեխնիկում է։ Անցել է բոլոր աստիճաններով՝ ասիստենտ, ասպիրանտ, ավագ դասախոս, դոցենտ, Ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի վարիչ, դեկան եւ այլն, մինչեւ ռեկտոր։ Ի դեպ, այն ժամանակ, 2006-ին, Մարուխյանը ռեկտորի միակ թեկնածուն էր եւ հանուն ռեկտորության ընդհատեց իր պատգամավորությունը։



- Պարոն Մարուխյան, Ձեր ռեկտորության շրջանն այսօր տարբեր կերպ են արծարծում․ եւ լավն են նշում, եւ վատը, Դուք ինչպե՞ս եք գնահատում այն։



- 2011 թվականին թողել եմ ռեկտորությունը միայն տարիքային հանգամանքով։ Այդ ժամանակ «ՊՈԱԿ-ի մասին» օրենքով ղեկավարը կարող էր պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը։ Պատվով եմ թողել այդ պաշտոնը։ Մի թիվ նշեմ։ Ես թողել եմ Պոլիտեխնիկին մեր կոլեկտիվի ջանքերով ստեղծված եւ կուտակված մեծ գումար՝ 1 մլրդ 100 մլն դրամ, որը միայն Երեւանի կրթահամալիրի հաշվեկշռին էր։ Սա ստեղծվել էր խիստ խնայողական ռեժիմով աշխատելու պայմաններում։



- Ի՞նչ եք արել Ձեր բուհի համար ռեկտոր լինելու 5 տարիներին։



- Իմ առաջ դրված թիվ մեկ խնդիրը ձեւակերպել եմ այսպես․ ինչպես ընդունել եմ Պոլիտեխնիկը, այնպես էլ կհանձնեմ, դեռ մի բան էլ կավելացնեմ։ Ընդունել էի մոտ 950 մլն նախահաշվային գումարով, ասեցի, թե ինչպես եմ հանձնել։ Տնտեսումների հետ միաժամանակ աշխատավարձերն եմ բարձրացրել։ Ուսումնաօժանդակ աշխատակազմի աշխատավարձ եմ բարձրացրել 20 տոկոսով, մնացած սպասարկող անձնակազմինը՝ 15 տոկոսով, պրոֆեսորադասախոսական կազմինը՝ միջինը 31 տոկոսով, մնացած անձնակազմինը՝ 15 տոկոսով։ 2007՝ 15 տոկոսով, 2008՝ 16 տոկոսով, միայն 2010-ին չենք կարողացել էապես բարձրացնել, ճգնաժամի պատճառով, բայց մինչեւ 60 հազար ստացողների աշխատավարձը բարձրացրինք մինչեւ 15 տոկոսով։ Իսկ 2011 թվականի մայիսին, իմ պաշտոնանկությունից առաջ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը բարձրացրել եմ 10 տոկոսով։ Ֆինանսական կայունությունը համալսարանում մենք ապահովել ենք։ Միգուցե ինչ-որ բաներում սեղմել ենք մեզ, շքեղություններ չենք արել, որոնք այսօր արվում են։ Չէի ուզենա տեսնել բաներ, որոնք այսօր արվում են։ Բայց թողենք այս հարցը։



- Հիմա հիմնադրամ է եւ ամեն տարի պետք է ֆինանսական հաշվետվություն ներկայացնի։ Պատրա՞ստ եք դրան։



- Իմ գործելակերպը միշտ եղել է բաց։ Ռեկտորության շրջանս համընկավ բուհական համակարգի հանդեպ տարբեր ստուգող եւ վերահսկող կազմակերպությունների հետաքրքրության հետ, եւ ուղիղ կես տարի մեր բուհում աշխատել է Վերահսկիչ պալատը, եւ որեւէ էական թերություն չի արձանագրվել։



- Ի՞նչ հույսով եք մտել պաշտոնավարող ռեկտորի հետ մրցակցության մեջ։ Ի՞նչ կասեք Աշոտյանի՝ Ձեզ հովանավորելու մասին։



- Իհարկե, դժվար է մրցակցել պաշտոնավարող ռեկտորի պայմաններում։ Երկար եմ մտածել եւ կշռադատել, նաեւ ի վնաս իմ ընտանիքի եմ եկել այս որոշման։ Ես լավ եմ ինձ զգում, ղեկավարելով միջուկային տարածաշրջանային կենտրոնը, իր բոլոր հնարավորություններով։ Այստեղ 4 ամիս միայն օնլայն ռեժիմով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Վիեննայից անցկացնում է դասընթացներ, եւ եթե որեւէ մեկ տեղ նման ձեռքբերում կլինի, թող ցուցադրեն։ Ինչ մնում է նախարարի հովանավորությանը, ինձ ճանաչող մարդիկ չեն կարող ասել, որ Մարուխյանն արկածախնդիր մարդ է եւ կարող էր հաշվարկ չկատարելով՝ մուտք գործել մրցակցային դաշտ։



- Այսինքն, նա Ձեզ սատարե՞լ է։



- Ոչ, հաշվարկ ասելով, ես նկատի ունեմ այն, որ հարցում եմ կատարել որոշ մարդկանց, իմ կոլեկտիվի, նաեւ դրսի, այլ շրջապատներում, նոր եմ որոշել առաջադրվել։ Բայց ես երբեք ինձ իրավունք չեմ վերապահի այդ հարցով դիմել որեւէ պաշտոնատար անձի։ Դա իմ գործելակերպի մեջ չկա։



- Չունե՞ք մտավախություն, որ հետագայում, եթե չհաղթեք, ճնշումների կենթարկվեք։



- Ասեմ ազնվորեն, որ իմ մրցակիցն ինձ մրցակից չի համարում, այլ համարում է հակառակորդ, որը ես չեմ ընդունում։ Կարող է նման բան անցնել մտքովս, բայց Պոլիտեխնիկը մեր տունն է։ Այդ տան պատերը կանգուն պահելու պատասխանատվությունն է իմ կրեդոն։ Կարող են սա չընդունել, ասել, որ հաղթելու եմ, կամ հակառակը՝ որ իմ ժամանակ դանդաղ էր զարգացումը գնում։ Մի բան կասեմ՝ մարդը պետք է օբյեկտիվությունը չկորցնի, մանավանդ՝ մտավորականը։ Անթերի մարդ հազվագյուտ կարելի է գտնել, ամեն մեկն էլ Պոլիտեխնիկի ռեկտորներից իր առավելություններն ու որոշակի բացերն է ունեցել։ Մենեջմենթն այսօր պահանջում է նոր մոտեցումներ, բայց երբեք չեք կարող ասել, որ ես հանիրավի, անարդարացի լուծումներ եմ տվել հարցերին։ Ես այսօր ինձ բռնացնում եմ այլ բանի մեջ՝ չափազանց բարի եմ եղել որոշ անձանց նկատմամբ։ Երբ որ տեսնում եմ, թե ոնց մարդը կարող է կերպարանափոխվել… Խոսքը պաշտոնատար անձանց մասին է, բայց ոչ վերին օղակների։



- Ի՞նչը կփոխեիք բուհի կառավարման մեջ։



- Կցանկանայի, որ Պոլիտեխնիկը վերադառնար իր ժողովրդավարական սկզբունքներին։ Մեկի կարծիքը չպետք է դոմինանտ լինի։ Չի կարելի ձեռքերի ոլորման մեթոդով կորզել համապատասխան որոշումներ։ Սա մեր հաստատության համար ոչ ճիշտ ուղղություն է։ Կոլեգիալ կառավարման հանգամանքը միշտ մեզ մոտ գործել է։



- Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունը որոշ ԶԼՄ-ներ համեմատեցին Աբովյանի քաղաքապետի ընտրության հետ։ Նաեւ գրվեց, որ ՀՅԴ-ն ինչ-որ դիրքեր է ուզում վերադարձնել։ Ի՞նչ կասեիք։



- Ինձ համար ամենավիրավորականը «դրածո» բառի օգտագործումն էր։ Հասկանում եմ, թե որտեղից են արմատները։ Իմ գերդաստանի ներկայացուցիչները երբեւիցե դրածո չեն եղել։ Աղերսներ են կատարում իմ կուսակցական լինելու հանգամանքի վերաբերյալ։ Հազար ներողություն, եթե կուսակցականացնելու խնդիր կա, կրթության նախարարն էլ ՀՀԿ փոխնախարարն է։ Դրանից ավելի լավ կուսակցականացո՞ւմ։ Եվ հետո, գյուղապետ կամ թաղապետ հո չե՞ն ընտրում։ Ես հպարտ եմ, որ դաշնակցական եմ, ամենադժվարին ժամանակ, 92-95 թթ․, երբ որ արգելվեց կուսակցությունը, եղել եմ կենտրոնական կոմիտեի անդամ։



- Ինչպե՞ս է Ձեզ վերաբերվում ռեկտոր Թոքմաջյանը Ձեր առաջադրումից հետո։



- Ինձ դուր չի գալիս, երբ որ մարդիկ, անհանգստություն ունենալով, խուսափում են այս հարկ բարձրանալուց։ Դա, հազար ներողություն, մանկամտության տարբերակ է։ Տարիների փորձն ու քաղաքական գործունեությունն ինձ ավելի շատ հնարավորություն են տվել տարբեր ծալքերի առնչվելու։