Գալուստ Սահակյանը Բիբինից չի վիրավորվել, բայց գորշ ու անիմաստ է համարում նրա մեղադրանքները կառավարությանը

Գալուստ Սահակյանը Բիբինից չի վիրավորվել, բայց գորշ ու անիմաստ է համարում նրա մեղադրանքները կառավարությանը

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին իր ծննդյան օրվա առթիվ ուժ, կորով, առողջություն և երջանկություն մաղթած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլեկտրաէներգիայի թանկացման հարցով հրավիրված լսումներից այն եզրակացության է եկել, որ թանկացումներ, իհարկե, կլինեն։
Իսկ թանկացումների գլխավոր «մեղավորը», ըստ երկրի երկրորդ դեմքի, դոլարի թանկացումն էր շուրջ 60 դրամով, և, այս պայմաններում, բնական է, որ շուրջ 7 դրամով թանկացումը պետք է համակարգը իր վրա վերցներ։
Հարցին, եթե այդքան բնական էր ամեն ինչ, ինչու՞ Բիբինը չեկավ խորհրդարան՝ լսումներին մասնակցելու։
«Գիտե՞ք, Բիբինը հիմնարկի ղեկավար էր, ես կարծում եմ, ավելի շուտ, ասելիքը չհիմնավորելու կարողության հետևանքով չեկավ, կամ, ինչպես ասում են խորհրդարանականները, արհարմարհել է Ազգային ժողովին»,-ասաց նա։
Hraparak.am-ի հարցին՝ ինքը չի՞ վիրավորվել այդ արհամարհանքից, ԱԺ նախագահն ասաց․ «Հիմնարկի տնօրենից ի՞նչ պիտի վիրավորվեմ, էնքան մարդիկ ենք հրավիրում, չեն գալիս»։



Իսկ իշխանությունն ունի՞ այն կամքի ուժն ու համարձակությունը, ու Ռուսաստանի ներկայացուցչին պատժի որևէ կերպ այդ արհամարհանքի համար, օրինակ՝ միջնորդի հեռացնել նրան այդ պաշտոնից։ Պարզվեց՝ կապ չունի, թե որ երկրի ներկայացուցիչ է Բիբինը, անգլիացի էլ լիներ, խնդիրը դա չէր լինելու։



«Խնդիրը 105-106 միլիարդի մեջ էր, հանձնաժողովը աշխատեց, նաև մեր քաղաքացիական հասարակությունը ընդվզեց, և խնդիրն արդեն գնաց 23 միլիարդի առումով, որը կապված է դրամ-դոլար հարաբերությունների հետ»,-բացատրեց Գալուստ Սահակյանը։ Նա նաև նշեց, որ այդ յոթ դրամով թանկացումը ոչ միայն մարդկանց գրպանին կխփի, այլև ողջ տնտեսությանը կհարվածի։



Անդրադառնալով Բիբինի տված հարցազրույցին, որտեղ նա մեղադրանքն եր էր հնչեցրել Հայաստանի կառավարության հասցեին՝ Գալուստ Սահակյանն ասաց․ «Դա գորշ, անիմաստ մի հայտարարություն էր՝ մտածելով, որ իրեն մեղադրում են հանցագործության մեջ, և նոր հանցագործություններ փնտրելու փնտրտուքի մեջ էր, բայց ավելի կշռելի կլիներ, եթե ոչինչ չխոսեր»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ