Պետք է ախպերավարի գումարը կիսենք

Պետք է ախպերավարի գումարը կիսենք

Ոսկու շուկայի աշխատակիցները նոր բողոքի ալիք են բարձրացրել, նրանցից շատերն սպառնում են, որ հուլիսի 1-ից կհանձնեն իրենց սեղանիկները եւ ընտանիքներով կարտագաղթեն Հայաստանից։ Նրանք դժգոհ են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ««Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից, որով առաջարկվում է Երեւանում գործող ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը փոխարինել արտոնագրային վճարով: Որպես արտոնագրային վճարի չափ՝ մայրաքաղաքի շուկաների համար սահմանվել է առավելագույնը 35 հազար դրամ, մարզկենտրոնների համար՝ 25 հազար, սահմանամերձ համայնքներում՝ 0 դրամ: Շրջելով Ոսկու շուկայի (բաղնիքի ոսկու շուկայի) տաղավարներով՝ զրուցեցինք վաճառողների հետ։



«Մենք բազմիցս մեր բողոքներում ասել ենք, որ ավելի լավ է կոնկրետ գումար սահմանեք ոսկի վաճառողների համար եւ վերջ։ Այսօր կառավարությունն արդեն այդ որոշումը կայացրել է եւ խելքից հեռու մի գումարի չափ սահմանել՝ 35 հազար դրամ։ Այ մարդ, որ էդ գումարը սահմանում եք, մի հատ չե՞ք ասում՝ խեղճ ոսկու վաճառողը կարա՞ էդքան մուծի։ Օրենքի ներկայիս պահանջները չեն նպաստում ոլորտի կարգավորմանը եւ ստվերի վերացմանը, այլ հակառակը` ստեղծում են անհավասար պայմաններ ոլորտում աշխատողների համար»,-ասաց Ոսկու շուկայի աշխատակից Կարինե Նազարյանը։



Նրանցից շատերն ասում են, որ վարկերի տակ են եւ յուրաքանչյուր ամիս այդքան գումար չեն կարող վճարել․ «Կարող եք ինքներդ գալ եւ ստուգել, կտեսնեք, որ ոսկու վաճառք չի լինում, առեւտուրը մեռած է, հիմա էլ ամառ է, ոսկի առնող հաստատ չկա, վնասով ենք աշխատում, հազիվ կարողանում ենք ընտանիքի հացի խնդիրը լուծել, էլ չենք խոսում մեր վարկերի մասին, որոնք հայտնի չէ, թե ոնց պետք է վճարենք այսքանից հետո։ Ապրանքներն ինքնարժեքից ցածր ենք վաճառում, տուժած ենք դուրս գալիս, մի խոսքով՝ բոլոր դեպքերում էլ մենք տուժող ենք դուրս գալիս»,-ասաց վաճառող Մարինեն։
Տիկին Լուսինեն էլ հիշում է անցյալ տարիները, երբ առեւտուր կար, բայց իրենք քիչ էին վճարում․ «Մեր կառավարությունը կարծես թե ծուռ ծնված լինի, երբ տնտեսությունը զարգանում էր, մենք շահույթով էինք աշխատում, ավելի քիչ էին մեզանից գումար ուզում, ընդամենը վճարում էինք 11 հազար դրամ։ Հիմա, տեսնելով մեր ծանր վիճակը, մեզ ավելի ծայրահեղ վիճակի մեջ են դնում եւ պահանջում են, որ մենք վճարենք կրկնակին։ Ում էլ հարցնեք, ձեզ մի բան կասի, որ շրջանառություն չկա, եւ իրենք 35 հազար դրամ չեն կարող վճարել»։



Շուկայի աշխատակիցներն ասում են նաեւ, որ պետք է յուրաքանչյուրի համար առանձին գումար սահմանվեր, եւ գումարի չափը կախված լիներ տարածքի մեծությունից, գտնվելու վայրից։ «Ես շուկայի ծայրում եմ, իսկ մեկը՝ սկզբում, ու ինքը թափով գործ ա անում, պարզ չի՞, որ ինքը հեշտ ու հանգիստ կվճարի, էդ դեպքում ես ինչի՞ պետք ա նույնքան վճարեմ, որքան կենտրոնում դրած սեղանիկի տերը։ Մի խոսքով, աղջիկ ջան, մեզ նորից շատ դժվար կացության առաջ դրեցին, մենք նորից պետք է, ըստ երեւույթին, սկսենք բողոքի ակցիաներ անել»։



Ոսկու առեւտրով զբաղվողները գրավոր նամակով դիմել են ՀՀ կառավարություն, ներկայացնելով իրենց դժգոհություններն ու առաջարկությունները՝ օրենքի հետ կապված, եւ սպասում են, որ համաձայնության կգան․ «Ախպերական պետք ա գումարի չափը կիսենք, հակառակը չի կարող լինել»։