16 տարում էլեկտրաէներգիան Հայաստանում թանկացել է 400 տոկոսով

16 տարում էլեկտրաէներգիան Հայաստանում թանկացել է 400 տոկոսով

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մասամբ բավարարեց հոսանքի թանկացման ՀԷՑ-ի պահանջը` էլեկտրաէներգիայի կիլովատի սակագինը բարձրացնելով 6.93 դրամով։ Սա նշանակում է, որ օգոստոսի 1-ից ՀՀ բնակչությունը հոսանքի համար կվճարի ոչ թե 42 դրամ, այլ՝ 49։ Սրա հետ մեկտեղ, կբարձրանան բոլոր այն ապրանքատեսակների գները, որոնց արտադրության, տեղափոխման կամ պահպանման համար հոսանք է օգտագործվում։



«Լույսի մարդը» միշտ էլ լավ է ապրել



2000-ականներին, երբ Հայաստանի բաշխիչ ցանցերը սեփականաշնորհվեցին եւ 40 մլն դոլարով վաճառվեցին բրիտանական «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» (Midland Resources Holding) ընկերությանը, կառավարությունն այս գործարքը ներկայացնում էր որպես միակ փրկօղակ էներգետիկ ոլորտի հսկայական կորուստներից։ Կառավարիչները հաշվարկել էին, որ Հայաստանի բյուջեն տարեկան 50 մլն դրամի վնասներ է կրում ցանցերի վատ կառավարումից։ Ժողովուրդն այս «լապշային» չէր հավատում։ Մարդիկ, իհարկե, գիտակցում էին, որ հոսանքը գողանում են, որ համակարգում ներդրումներ էին անհրաժեշտ։ Մյուս կողմից՝ բոլորը գիտեին, որ համակարգը, այնուամենայնիվ, եկամտաբեր է, եւ այն օտարներին տալ պետք չէ։ Դա երեւում էր կենցաղային մակարդակում, «լույսի մարդու» ապրելակերպից։ Նաեւ նրանից, որ ընտրություններից առաջ հենց «լույսի մարդն» էր հաճախ ընտրակաշառք բաժանողը՝ ավանդույթ, որը գյուղերում հիմա էլ պահպանվում է։ Բոլորը գիտեին, որ հոսանքը մինչեւ վերջ սպառվող միակ ապրանքն է Հայաստանում, որ անշնորհք կառավարումն է բերել ճգնաժամային վիճակի, որ այն բարելավելու համար պարտադիր չէ դրսից տեր բերել եւ հանձնել նրան ռազմավարական նշանակության օբյեկտները, վտանգելով Հայաստանի բնակչության անվտանգությունը։



Բիբինն սպառնում է «ազգի հերոս» Ռոբերտ Նազարյանին



Ըստ հրապարակված տվյալների, ՀԷՑ-ի ղեկավարությունը տնօրինում է մեր էներգահամակարգի ֆինանսական ներքին հոսքերի 100 տոկոսը, վերահսկում է էլեկտրակայաններում արտադրվող ու արտահանվող էլեկտրաէներգիայի 80 տոկոսը։ Այժմ «Ցանցերի» տնօրեն Եվգենի Բիբինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին ուղղված իր նամակում մեր էներգետիկ անվտանգությանն ուղղակի սպառնալիքներ է հնչեցնում։ Եթե հանձնաժողովը չբարձրացնի հոսանքի գինը ոչ թե 7, այլ 17 դրամով, ապա «ընկերությունը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին եւ հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը»։ «Ընկերությունը հորդորում է Հանձնաժողովին ուշադրություն դարձնել կայացված որոշման կարեւորությանը եւ դրանից բխող պատասխանատվությանը, քանի որ այս պարագայում Ընկերությունը հայտնում է իր պարտականությունների անհրաժեշտ ծավալով կատարման անհնարինության մասին»: Սա այն է, ինչի մասին ժամանակին, երբ ռազմավարական նշանակության էներգետիկ օբյեկտների մասնավորեցման վերաբերյալ որոշում էր կայացվում, զգուշացնում էին ՀՀ պատգամավորները, քաղաքական գործիչները, «Ո՛չ բաշխիչ ցանցերի վաճառքին» ցույցերի կազմակերպիչները։ 2000 թվականին, ապացուցելով, որ բաշխիչ ցանցերի վաճառքն անհրաժեշտություն է, Քոչարյանի կառավարությունը ճարտար հռետոր, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի շուրթերով նաեւ էներգետիկ անվտանգության երաշխիքներ էր տալիս․ «Կառավարությունը պատրաստ է ստանձնելու պատասխանատվությունն այն առումով, որպեսզի առավելագույնս այս պայմաններում ապահովի թե՛ երկրի էներգետիկ անվտանգությունը, թե՛ սպառողների շահերը, թե՛, ընդհանուր առմամբ, մեր պետության զարգացման համար անհրաժեշտ էներգետիկ ենթակառուցվածքների ստեղծումը»։ Այսօր փաստ է, որ ոչ սպառողների շահերը, ոչ համակարգում խոստացված ներդրումները, առանց որոնց էներգետիկան չի զարգանում, ոչ էլ էներգետիկ անվտանգության երաշխիքները չեն պահպանվել, եւ ՀՀ քաղաքացին անպաշտպան է ու միայնակ հոսանքի գնի գալարապտույտ բարձրացման առաջ։



Ստախոս կառավարիչներ, անուն առ անուն



Ի դեպ, այդ նույն օրը՝ ապրիլի 25-ի նիստին Դավիթ Հարությունյանն իր ելույթում կարծես 15 տարի առաջ նայեր, ասելով․ «Պատկերացրեք, որ մենք սեփականաշնորհեցինք ցանցերը, եւ նոր սեփականատերն ունի որոշակի պարտավորություններ։ Օրինակ՝ 100%-ով վճարել գնված էլեկտրաէներգիայի դիմաց, անկախ նրանից՝ նա կարողացա՞վ հավաքել գումարները, թե՞ ոչ։ Եվ, ենթադրենք, նա չկարողացավ 100%-ով վճարել, շատ բնական գործընթացներ են ծագելու, եթե գումարները չնչին լինեն։ Իհարկե, խոսքը վերաբերելու է սովորական դատական կարգով բռնագանձմանը, բայց լուրջ գումարների պարագայում կարող է հարց դրվել սնանկ ճանաչելու այդ բաշխիչ ցանցերը։ Էներգետիկ անվտանգության լրջագույն խնդիրը հենց հետեւյալն է․ եթե հանկարծ նման հարցեր են ծագում՝ ի՞նչ է տեղի ունենում, արդյոք չի՞ կարող երկիրն այդ պահին զրկվել, իր իսկ օրենքների հիման վրա, էներգետիկ ոլորտում էներգիայի մատակարարումից որոշակի ժամանակահատվածով»։ Այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ կարող է եւ շատ հեշտ։ Բավական է չկատարել ռուս տիրակալի պահանջը։ Իհարկե, Բիբինի նամակը թատերական բեմականացում է, կրկեսային տրյուկ, բնակչության զայրույթը մեղմելուն, Նազարյանի երեսը լվանալուն միտված։ Բայց սպառնալիքը կարող էր եւ իրական լինել։ Չէ՞ որ ոչ բռնագանձումներ, ոչ դատական ակտեր «Ցանցերում» տեղի ունեցած չարաշահումների կապակցությամբ չեղան, եւ մեր անշնորհք կառավարիչները գլուխները կախ ընդունեցին ռուսների պահանջները, թքած ունենալով եւ սպառողի շահի, եւ էներգետիկ անվտանգության վրա։ Մտաբերելով բաշխիչ ցանցերի գործարքը, ուշագրավ մի դրվագ էլ հիշեցինք։ 2002 թվականի օգոստոսին Դավիթ Հարությունյանը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ստորագրեցին «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» օֆշորային ընկերությանը Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի վաճառքի պայմանագիրը։ Նույն օրը Վարդան Խաչատրյանն ասել էր լրագրողներին․ «Եթե արդիականացնելու է, եթե մեր հոսանքի վիճակը լավանալու է, եւ քիչ գումարով է, դա էլ է մեզ ձեռնտու. ուրեմն սակագնում ավելի քիչ փոփոխություն կլինի»։ Այսօր կարող ենք ասել, որ նա ստում էր։ Եթե համեմատենք էլեկտրաէներգիայի այն ժամանակվա սակագինը՝ 12 դրամ, երեկ հաստատված գնի հետ, ապա կտեսնենք, որ թանկացումը կազմել է 400 տոկոսից ավելի։ Սա նաեւ մեր պաշտոնյաների ստախոսության տոկոսն է։



Քոչարյանը հենց եկավ իշխանության, հոսանքը թանկացրեց



«Գույք պարտքի դիմաց» ծրագիրը, որով Հայաստանը ռուսական պարտքի դիմաց այս երկրին հանձնեց իր ռազմավարական օբյեկտները, ամենամութ գործարքներից է, որի բացահայտումը դեռ առջեւում է։ Տվյալ պահին հայաստանցիներիս հետաքրքիր է էլեկտրաէներգիայի գնի էվոլյուցիան, որն սկսվել է 1998 թվականին, այն տարում, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի նախագահ։ «Ո՛չ բաշխիչ ցանցերի վաճառքին» ակցիաների կազմակերպիչ, 98 թվականին Քոչարյանի ստեղծած քաղխորհրդի նախագահ, այն ժամանակ ՍԻՄ կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը հիշում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի առաջին թանկացումը 98 թվականին տեղի ունեցավ հենց բաշխիչ ցանցերի հավանական գնորդի պահանջով։ Այն ժամանակ էլ էր համակարգի կորուստների եւ պարտքերի ցուցակ ներկայացվել, որը Խաչատրյանն ուսումնասիրել էր սեփական նախաձեռնությամբ։ «Մենք այն ժամանակ շատ լուրջ ուսումնասիրություն արեցինք, մասնագետների ներգրավեցինք, կազմակերպություններ։ Ես ինքս բոլոր թվերը նայեցի, ու եկանք եզրակացության, որ էլեկտրաէներգիայի գինը բավական է բարձրացնել ոչ թե 25 դրամով, ինչպես պահանջվում էր, այլ 18 դրամով։ Այդպիսի հայտարարություն արեցինք, ու շատ լավ հիշում եմ, որ դա դարձավ քաղաքական խորհրդի վրա խաչ քաշելու պատճառը, որովհետեւ այդ խորհրդի ֆունկցիան համարվում էր նախորդ իշխանությունների գնահատականը»։ Այն ժամանակ ընդդիմադիր համարվող մի քանի կուսակցություններ նույնիսկ դավադրություն կազմակերպեցին ՍԻՄ նախագահի դեմ, նրան հանեցին քաղխորհրդի նախագահությունից։ Ռոբերտ Քոչարյանն Իջեւանում կոպիտ ձեւով պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում քաղաքական խորհրդի հայտարարությունը։ «Նա մոտավորապես ասաց, որ քաղաքական խորհուրդն ստեղծել են քաղաքական հարցեր քննարկելու համար, որ այն ամեն տեղ քիթը պետք է չխոթի,- պատմում է Հրանտ Խաչատրյանը։- Այս հարցազրույցից մի քանի ամիս հետո քաղխորհուրդը փակվեց։ Այն ժամանակ մենք համարում էինք, որ լավ էլ աշխատող ձեռնարկություն է «Ցանցերը»։ Արտադրանքի ներքին պահանջարկը կա, հաստատուն շուկայով ցանց էր, որը որոշակի ռեսուրսներ ուներ։ Ի՞նչ իմաստ ուներ վաճառել մեկ ուրիշին։ Եկամուտները պետք է մնային երկրում։ Իր ընդերքի վաճառքն ի՞նչ իմաստ ունի, որ որեւէ ողջամիտ մարդ դեմ չլինի դրան»։ ՍԻՄ նախկին նախագահին, որն այժմ հեռացել է քաղաքականությունից եւ մասնագիտական գործունեությամբ է զբաղվում, հարցրինք, թե արդյոք կրկեսային տրյուկ չէ՞ր Բիբինի նամակը Ռոբերտ Նազարյանին։ «Եթե անցյալ տարի ռուսների առաջարկները քննարկվել են, եւ որոշում է կայացվել, մի տարի հետո այս ամենը նորից քննարկելն արդեն լուրջ չի։ Սա զուտ ժողովրդի համար է։ Բայց ես չէի ուզենա երկիրը կրկեսի հետ համեմատել, այդ բանն անողները շատ են, ափսոս է մեր երկիրը»։