Խճանկար՝ մեկ լուսավոր կետով. կառավարություն, 18.06

Խճանկար՝ մեկ լուսավոր կետով. կառավարություն, 18.06

Հայաստանում բողոքի ցույցեր են՝ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հետ կապված, սոցիալական լարվածության եւ աղքատության նոր ալիք է սկսվել։ Վարչապետից մի մխիթարական խոսք էր սպասվում, մի պատասխան այն հարցի, թե ինչպես պետք է սոցիալապես անապահով խավերին աջակցի կամ ինչ պետք է անի, որ հոսանքի թանկացումից ոգեւորված առեւտրականներն ու խանութպանները գներ չբարձրացնեն։ Սրա փոխարեն Հովիկ Աբրահամյանը կառավարության հինգշաբթին սկսեց Քրք Քրքորյանի հիշատակին նվիրված ելույթով, թեեւ բարերարը 3 օր առաջ է մահացել, եւ այս կապակցությամբ ուղերձ հղվել է։ Վարչապետը վարժ էր կարդում․ «Քրք Քրքորյանն ստեղծող, արարող հայի տեսակ էր, ով վայելում էր ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների հարգանքը: Մեր բոլորի անունից եւս մեկ անգամ ցավակցում ենք մեծ հայի ընտանիքին, նրա մերձավորներին, բարեկամներին, հարազատներին եւ մեր ժողովրդին»։



Ուղղագրականն ու խմբագրականը նո՞ւյնն են



Կառավարության նիստում նախարարներից յուրաքանչյուրն ինչ-որ գումարային նախագծեր էր հաստատել տալիս։ Լսելիս տպավորություն է ստեղծվում, թե կարեւոր չէ՝ ինչ նպատակի համար, միայն թե փող «կպնի»։ Արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը 24 հազար դոլարի ծախս էր բերել հաստատելու «Դասընթացավարների վերապատրաստում. գենդերային հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» ծրագրի արտաբյուջետային միջոցներից։ Մեր երիտասարդների ինչի՞ն են պետք գենդերի մասին գիտելիքները։ Որ իմանան, թե ինչպես կարող են իրենց սեռը որոշե՞լ։ Ավելի լավ չէ՞ նրանց գործազրկությունից փրկելու, հանգիստը կազմակերպելու ծրագրեր հաստատեն։



ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն առարկեց ներկայացված որոշման դեմ, բայց առարկությունը զուտ «խմբագրական» էր՝ որոշման վերնագրից հանել «գենդեր» բառը, քանի որ «գենդերային հավասարություն» տերմինը չի ընդունվել հայ հասարակության կողմից։ «Գենդեր հասկացության հիմնավորումը կա բոլոր բառարաններում, դա սեռի սոցիալական ընկալման ձեռքբերովի հատկանիշն է, ոչ թե տղամարդկանց եւ կանանց հավասարությունը,- գիտելիքները ցուցադրեց Վիգեն Սարգսյանը։- Մենք դա անցանք տարբեր քննարկումների ժամանակ, առաքելական եկեղեցին սրա մասին իր կարծիքը հայտնել է։ Ինչո՞ւ ենք մենք նորից վերադառնում որոշման մեջ մի տերմինի, որը վատ է ընդունվում։ Եթե մենք ուզում ենք կանանց եւ տղամարդկանց մեջ հավասարություն մտցնենք, այդպես էլ գրենք-վերջացնենք»։



Մանասարյանի պատասխանը զայրացրեց վարչապետին։ Պարզվեց, որ նա խմբագրման հարցում չունի խնդիր, ուղղակի իրեն ասել են, որ առարկությունը կհնչի կառավարության նիստում, այսինքն՝ վարչապետի ներկայությամբ։ «Բա ինչո՞ւ կառավարության նիստի ժամանակ։ Այ, էդ չեմ հասկանում։ Հաճո՞ւյք եք ստանում դրանից»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանն ու հրահանգեց․ «Էդ ուղղագրականն անպայման կարգավորել»։



Քննչական կոմիտեի շինարարությունը՝ առանց մրցույթի



Հասկացանք։ Քննչական կոմիտեն նոր հիմնարկ է։ Բայց ինչքա՞ն կարելի է գումարներ ծախսել քննիչների շենքերի համար։ Դեռ թարմ է հիշողությունը 76 հազար դոլարի մասին, որն ապրիլին ՀՀ հարկատուների գրպանից տվեցին Աղվան Գառնիկիչին՝ երկու ավտոմեքենա գնելու համար։ Երեկ էլ ֆինանսների նախարարը հաստատել տվեց 2015 թվականի պետբյուջեով նախատեսված՝ ՀՀ քննչական կոմիտեի պահպանման ծախսերից 126 մլն դրամի վերաբաշխում կատարելու մասին որոշումը՝ այս գումարը կոմիտեին հանձնված շենքի վերակառուցման աշխատանքներին ուղղելու համար։ Կամ՝ լավ, ասենք թե պետք է։



Բայց ինչո՞ւ նորմալ մրցույթներ չանցկացնել շինարարության համար։ Ինչո՞ւ էր պետք Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների՝ Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի շենքերի նորոգումը կատարել բանակցային կարգով, ինչը եւս երեկ հաստատվեց։ Սա նշանակում է, որ այս շենքերի շինարարությունն իրականացնողին ընտրելու են ոչ թե մրցույթով, այլ բանակցությունների միջոցով, հնարավոր է՝ նույնիսկ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու։ Գնումների այս ընթացակարգը կարող է կիրառվել, եթե արտակարգ, անկանխատեսելի իրավիճակ է առաջացել, եւ շատ արագ պետք է կատարել աշխատանքները։ Բայց ի՞նչ անհետաձգելի, աղետալի իրավիճակ է մարզային քննչական կոմիտեներում։ Սելա՞վ է քննիչների սենյակներում։ Կարկո՞ւտ, որ շտապ պետք է ծանոթ-բարեկամների միջոցով նրանց կաբինետները վերանորոգել։



Նույնիսկ վարչապետը զարմացավ «բանակցային» բառը լսելով եւ երեւի մտածեց, թե լավ չի լսել։ «Բանակցայի՞ն»,- կրկին հարցրեց նա, այնուամենայնիվ, հաստատելով կոռուպցիոն մեծ ռիսկ պարունակող այս որոշումը։ Իրականում կարկուտը ոչ թե քննիչների կաբինետներում էր, այլ Տավուշի մարզի գյուղերում։ Անցյալ շաբաթ Արճիս, Լճկաձոր, Այրում, Պտղավան, Հաղթանակ, Զորական, Բագրատաշեն, Դեբեդավան, նաեւ Լոռու Ճոճկան գյուղերի այգիներն ամբողջությամբ վնասվել են կարկուտից։ Կես ժամում ոչնչացվել են բանջարանոցներն ու տնամերձները: Սա կարծես մեր երկրում չի եղել։ Համենայնդեպս, կառավարության նիստից պատկերացում չես կազմի, որ սա այն երկրի կառավարության անդամների ժողովն է, որի գյուղացիները 7 օր առաջ նման կորուստ են կրել։ Փոխարենը կառավարությունն աջ ու ձախ փողեր է հաստատում անհասկանալի, ժամանակավրեպ նախագծերի համար։



Ո՞րն է գրողի տունը



Երեկ կառավարության նիստում գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց երկու գումարային հատկացման նախագիծ․ 53,9 մլն դրամ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերակառուցման եւ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցման, 50 մլն դրամ էլ՝ Հրանտ Մաթեւոսյան մշակութային կենտրոնի շինարարությունն սկսելու համար։ Մեր մշակութային օջախները թող վերականգնվեն, նորերը կառուցվեն։ Ոչ ոք դեմ չէ։ Բայց դրանց ժամանա՞կն է։ Կամ արդյոք շենք-շինություն, տուն կամ դամբարան կառուցե՞լն է գրողներին, նկարիչներին անմահացնելու լավագույն ձեւը։ Եվ ո՞րն է նրանց տունը, կամ ի՞նչ են անում նրանք այդ տները, երբ ողջերը տներ չունեն։ Մեղրիի Անդրանիկի փողոցում բռնկված հրդեհից տուժած բնակիչներին եւ քաղաքապետարանում հաշվառված ու բնակարանային կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին երեկ կառավարության նիստի ժամանակ նվիրեցին քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքը։ Տարածքի չափերը նշված չէին, բայց, մեկ է, վարչապետն ուրախացավ եւ հանձնարարեց Արմեն Երիցյանին արագ լուծել տեխնիկական հարցերը։ Թերեւս սա գործադիրների վերջին ժողովի միակ լուսավոր կետն էր։