Կառավարությունը խստացնում է ցանցային ԶԼՄ-ների վերահսկողությունը

Կառավարությունը խստացնում է ցանցային ԶԼՄ-ների վերահսկողությունը

Օրերս ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը կառավարություն էր ներկայացրել օրենսդրական փաթեթ, որը վերաբերում էր մամուլի իրավունքներին, ավելի ստույգ՝ մեզանում արդիական պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ գործերով վեճերի լուծման կարգին։ Պատգամավորներն առաջարկում են երկու փոխկապակցված նախագծեր։ Մեկով նախատեսվում է ներդնել վեճերի լուծման պարտադիր արտադատական կարգ, համապատասխան լրացումներ կատարելով Քաղաքացիական օրենսգրքում։



«Առաջարկվում է, որպեսզի ԶԼՄ-ները, պատվի եւ արժանապատվության հետ կապված դատարան դիմելուց առաջ, պարտադիր իրագործվի արտադատարանական ձեւը, այսինքն, պատասխանի հերքման իրավունքի իրագործման փորձ կատարվի, որից հետո, եթե բողոքող կողմն ընդհանուրի չի գալիս, նոր դատարան է դիմում,- պարզաբանում է Հայկ Բաբուխանյանը,- որպեսզի ԶԼՄ-ներն ստիպված չլինեն ամեն առիթով դատարանում հանդես գալ, այլ ընդհանրապես փորձենք այդ ոճից հրաժարվել, եւ այսկերպ ԶԼՄ-ների ազատության աստիճանն ավելի բարձրանա»։ Այլ կերպ ասած, նախքան դատարան դիմելը լրատվամիջոցից պահանջում են հերքում տպագրել եւ այս պահանջը չկատարելու դեպքում նոր դիմում են դատարան։ Ի դեպ, Սահմանադրական դատարանի որոշումը՝ զրպարտության եւ վիրավորանքի հետ կապված, դա արդեն իսկ նախատեսում է՝ նախ հերքման պահանջ եւ դրա հրապարակում, ապա՝ չկատարելու դեպքում-դատական հայցի ներկայացում։



Երկրորդ օրինագծով էլ ցանցային ԶԼՄ-ները պետք է ավելի մանրամասն տվյալներ ներկայացնեն, ինչպես դա անում են թերթերն ու հեռուստատեսությունը։ Եթե տպագիր մամուլի, հեռուստատեսության եւ ռադիոյի դեպքում օրենքը հաստատում է, թե ինչ տպագիր տվյալներ պետք է ներկայացված լինեն, որոնցից քաղաքացիներն իմանում են, թե ինչ հասցեով պետք է ուղարկեն իրենց հերքման պահանջները, ապա ցանցային ԶԼՄ-ների համար օրենքը, որը գրվել է 2003 թվականին, չի սահմանում ելքային տվյալների ցանկը։ «Քաղաքացին, որն ուզում է դիմել կայքին, միշտ չի ունենում վերջինիս տվյալները՝ հեռախոս, հասցե, էլփոստ եւ այլն։ Քանի որ մենք ասում ենք, որ առանց հերքման պահանջի չի կարելի դիմել դատարան, այդ հերքման պահանջն իրագործելու համար հնարավորություն ենք տալիս, որպեսզի կայքերը նույնպես իրենց ելքային տվյալները ներկայացնեն ԶԼՄ-ներին»,- բացատրում է նախաձեռնության հեղինակը, որին միացել են ՀՀԿ եւս երկու պատգամավոր՝ Կարինե Աճեմյանն ու Լեռնիկ Ալեքսանյանը։ «Սա լավ է լինելու լրագրողների համար, այսինքն՝ դեպի դատարան ճանապարհին խոչընդոտ է դրվում»,- ասում է Կարինե Աճեմյանը։ Ինչպես տեսնում ենք, երկու օրինագծերը միմյանց հետ կապված են, սակայն զարմանալի է, որ կառավարությունն ընդունել է միայն երկրորդը։ Լրագրողների կյանքը թեթեւացնող նախագիծը մերժվել է։



Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը սա հիմնավորում է հետեւյալ կերպ․ «Պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ գործերով վեճերի լուծման պարտադիր արտադատական կարգի սահմանումը խնդրահարույց է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի տեսակետից։ Ներկայումս գործող կարգի պարագայում անձի կողմից տվյալ բնույթի գործերով վեճի լուծման արտադատական կարգին դիմելը կրում է հայեցողական բնույթ»։ Նախաձեռնության երկրորդ մասը, որը պարտադրում է կայքերին լրացուցիչ տվյալներ հաղորդել, նախարարը հավանել է, նշելով, որ կան նկատողություններ, որոնք ընդունելու դեպքում այս կարգավորումն ընդունելի է։ Ստացվում է, որ ցանցային լրատվամիջոցները պետք է ավելի մանրամասն տվյալներ ներկայացնեն, բայց դատարան դիմելուց առաջ հերքում պահանջելը մնում է հայեցողական, ոչ թե պարտադիր պայման։ Այս դեպքում ստացվում է, որ ՀՀԿ-ականների առաջարկը հատուկ արված է էլեկտրոնային ԶԼՄ-ներն ավելի վերահսկելի դարձնելու համար։ Թեեւ նման օրինագիծ մտցնելը փոքր-ինչ կարգավորում կմտցնի համացանցի անկառավարելի տիրույթում։