«Սեւ կատու»՝ վրաց-ադրբեջանական հարաբերություններում

«Սեւ կատու»՝ վրաց-ադրբեջանական հարաբերություններում

Մի քանի օր է, Ադրբեջանի իշխանությունները չեն արտոնում Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Դեմետրե Թեթրիաշվիլու մուտքն իրենց երկրի տարածք: Հայր Դեմետրեն Ադրբեջանի Գախի շրջանում վրացական Սբ. Գեւորգ եկեղեցու վանահայրն է, որ Վրաստան էր մեկնել անձնական գործերով:
Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունները հայր Դեմետրեի նկատմամբ կիրառված արգելանքը պատճառաբանել են օրենքի պահանջով: Ադրբեջանում հոգեւոր սպասավորություն կարող են իրականացնել միայն ադրբեջանական քաղաքացիություն ունեցող անձինք:
Ադրբեջանի կառավարությանն առընթեր կրոնի գործերով պետական կոմիտեն հաստատել է, որ հայր Դեմետրեն մուտքի արտոնագիր չի ստացել, որովհետեւ Վրաստանի քաղաքացի է: Մեկնաբանության մեջ կա մի ուշագրավ հանգամանք. «Տեւական ժամանակ Ադրբեջանը բացառություն էր անում Վրաց ուղղափառ եկեղեցու նկատմամբ, բայց այսօր խնդիրը պետք է կարգավորվի բացառապես օրենքի շրջանակներում»:
Մնում է ենթադրել, թե որ «մեղքի» համար է Վրաց ուղղափառ եկեղեցին զրկվել իր հանդեպ Ադրբեջանի իշխանությունների բացառիկ բարեհաճությունից: Եվ արդյոք պատճառը քաղաքակա՞ն չէ: