Եթե սակագինը մեկ լումայով իջեցնելու հնարավորություն գտնեինք, կանեինք դա

Եթե սակագինը մեկ լումայով իջեցնելու հնարավորություն գտնեինք, կանեինք դա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց «Հրապարակի» հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ հանձնաժողովը, այնուամենայնիվ, փոխի իր որոշումը։
- Ես արդեն ասել եմ, որ մենք այսօր էներգետիկ համակարգը կայուն պահելու խնդիր ունենք, հուսալի, անվտանգ շահագործելու խնդիր ունենք, եւ սա ոչ միայն «Ցանցերին» է վերաբերում, այլ նաեւ կայաններին։ Ասել եմ նաեւ, որ հարցի գինը սա է։ Բոլոր լսումների ժամանակ, որոնց ես մասնակցել եմ, այդ հարցն ինձ ուղղել են, եւ ես ասել եմ՝ կարելի է, եթե երկու աղբյուր լինի։ Մեկը՝ եթե երկարաժամկետ, արտոնյալ վարկ ճարեք, բերեք-դնեք եւ տարիների ընթացքում մարեք, եւ բեռը թեթեւանա, մյուսն էլ սակագնի բարձրացումն է։ Մենք 5 հոգուց կազմված կոլեգիալ մարմին ենք եւ մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Եթե որեւէ մեկն այդ գումարը կգտնի եւ կասի՝ տալիս եմ ձեզ եւ տեղադրեք, ոնց որ եղավ ժամանակին գազի սակագնի հետ, երբ մեզ ասեցին՝ սպառողի վրա ոչ թե 270 դոլար հաշվեք, այլ 189, բնականաբար, կվերանայենք։ Բայց այդ գումարը չկա, աղբյուրը չկա։



- Հիմա թվեր են հրապարակվում։ Ասում են, որ, օրինակ, «ՌԱՕ ԵԷՍ»-ի 2014 թվականի տարեկան հաշվետվության մեջ 14,4 մլն․ ռուբլու եկամուտ է ներկայացված ՀԷՑ-ի մասով։ Բայց մեզ ասում են, որ վնաս են կրել։



- Ստահոդ ինֆորմացիա է։ Կարծում եմ, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ի ամբողջ ընկերության շահույթի մասին է խոսվել, ոչ թե «Ցանցերի»։ 2013 թվականի աուդիտի եզրակացությամբ 9 մլրդ․ դրամի վնաս են ունեցել «Ցանցերը»․ մեր կայքում տեղադրված է։



- Իսկ եթե նորից ամբողջությամբ ստուգեք նրանց ֆինանսական վիճակը, այլ ռեսուրսներ չե՞ք գտնի։



- Եթե մեր ամբողջ վերլուծությունների արդյունքում սակագինը գոնե մեկ լումայով իջեցնելու հնարավորություն գտնեինք, մենք այդ մի լուման էլ կիջեցնեինք։



- Մի խոսքով, Դուք ասում եք, որ այս ակցիաներն արդյունք չե՞ն ունենալու, եւ սակագինը չի՞ փոխվելու։



- Ես ասում եմ հետեւյալը։ Մենք մեր ուսումնասիրությունների արդյունքում կատարել ենք մասնագիտական խորը վերլուծություն եւ մեր դիրքորոշումը հայտնել ենք, բազմաթիվ հրապարակային լսումների ենք մասնակցել, որտեղ տվել ենք մեր պարզաբանումներն ու մեկնաբանությունները։