Ռուսներն իրենց ձեռքով են լարում իրենց նկատմամբ ատելության զսպանակը

Ռուսներն իրենց ձեռքով են լարում իրենց նկատմամբ ատելության զսպանակը

Ռուսական հանրային հեռուստատեսության անդրադարձները երևանյան բողոքի ակցիաներին գնալով ավելի ագրեսիվ են դառնում։ «Երևանում, Բաղրամյանի պողոտայում կրկին պարալիզացված է երթևեկությունը, - պատմում էր այսօր ՕՌՏ-ի լուրերի հաղորդավարուհին, - մի քանի հազար մարդ շարունակում են բողոքել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ։ Նրանք բարիկադներ են սարքել աղբամաններից, սակայն ոստիկաններն ընդամենը կողքից են հետևում նրանց և կիրառում են համոզելու մեթոդը։ Մինչդեռ նախօրեին Հայաստանի քաղաքագետներն ու փորձագետները կարծիք էին հայտնում, որ Բաղրամյան պողոտայի ակցիան ինքնաբուխ չի։ Այն կարող են կազմակերպած լինել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում նաև արտասահմանից ֆինանսավորվող»։ Ոչ մի խոսք այն  մասին, որ հենց ռուսների պահանջով է սակագին բարձրացվել, որ ոստիկանությունը բռնություններ է կիրառել լրագրողների և քաղաքացիների նկատմամբ, որ «Ցանցերը» Հայաստանում թալանով են զբաղվել, ինչը գրգռել է ժողովրդին, ռուս հաղորդավարուհին չի ասում։ Սրա փոխարեն բացարձակ սուտ, եթերից սփռվող զրպարտություն, իրականությունից կտրված, կայսերապաշտ, միակողմանի լուսաբանումներ, որոնք հիշեցնում են սովետմիության վերջին օրերի Կենտրոնական հեռուստատեսության պատրաստած ֆաշիստական նյոթերը Բաքվի, Սումգաիթի ջարդերի, Թատերական Հրապարակում հավաքվող բազմահազար միտինգների մասին։ Բաղրամյան պողոտայում արդեն ՕՌՏ և ՌՏՌ հեռուստաալիքների հասցեին «քֆուրներով» ցուցապաստառներ են հայտնվել։ Էլ ինչ ԵՏՄ-ի, Մաքսային միության մասին է խոսքը, եթե «Հյուսիսային արջն» իր իսկ ձեռքով է ատելություն գրգռում իր հետ կապված ամեն մի բանի նկատմամբ։ Իսկ այդպիսի «բաներ» Հայաստանում շատ են` ատոմակայան, բջջային օպերատոր, գազ, հոսանք, ռուսաց լեզու, ռուսալեզու մեծ զանգված, ռուս մշակույթի հազարավոր երկրպագուներ, ռուս համայնք, վերջապես, ռուսական փողեր, որոնք ամեն ամիս մտնում են խոպանչիների ընտանիքներ։ Ատելության այս նոր զսպանակը ռուսներն իրենց ձեռքով են լարում։ Այն մի օր բացվելու է, և կորուստները երկկողմանի են լինելու։