Արձակուրդային սեզոնը սկսվել է

Արձակուրդային սեզոնը սկսվել է

Պառլամենտում այս օրերին շունչ չկա, բոլորը մեկ մարդու նման հանգիստ են տվել իրենց առանց այդ էլ չաշխատող ուղեղներին ու «հոգնատանջ» մարմիններին: Հիմա Եվրոպան է նրանց ձեռքը «տառապում», պատգամավորները հիմնականում այնտեղ են հանգստանում: Չնայած նրանց մեջ որոշ կրեատիվներն էլ գտնվեցին: «Չէ, Եվրոպա չենք մեկնելու, ընտանիքիս հետ մեկնում եք Ղարաբաղ՝ այնտեղ հանգստանալու»,- ասաց ԱԺ կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Ղարաբաղցի՞ եք: «Ոչ»: Բա` «նախաբա՞ր»: «Պարզապես, երբ տասնյակ մեքենաներով Ռուսաստանից Ղարաբաղ են գալիս հանգստանալու, մենք եւս պարտավոր ենք այդպես վարվել»: Գենադի Ստրելինգովին չե՞ք հանդիպելու: «Ոչ»: Ի դեպ, ՀՀԿ նախարարական կորպուսում եւս «մե ուրախություն, մե հրճվանք» է: Պարզվում է` Սերժ Սարգսյանը հանել է կառավարության անդամների չհանգստանալու հրահանգ-վետոն, ասել է` կարող եք 2 շաբաթով գնալ, սակայն անընդհատ կապի մեջ կլինեք: «Հիմա մեր ժամացույցը դրված է հանգստի մեկնելու ռեժիմի վրա»,- հաճույքից մեռնելով՝ ասաց մեզ հետ զրուցող նախարարը: