Եթե իշխանությունները լեգիտիմ չեն, ինչպիսի կառավարման համակարգ էլ լինի՝ փոփոխություն չի լինի

Եթե իշխանությունները լեգիտիմ չեն, ինչպիսի կառավարման համակարգ էլ լինի՝  փոփոխություն չի լինի

- Շուտով կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, եւ կփոխվի կառավարման մոդելը: Հայաստանի չկայացած կուսակցական համակարգի պայմաններում որքանո՞վ է ճիշտ անցնել խորհրդարանական համակարգին, որտեղ մեծանալու է կուսակցությունների դերակատարումը: Եվ, ընդհանրապես, ի՞նչ կարծիք ունեք առաջարկվող փոփոխությունների, մասնավորապես երկփուլ խորհրդարանական ընտրությունների, լողացող թվով ԱԺ-ի վերաբերյալ:



- Նախ պետք է ասեմ, որ երկրում կա խորը անվստահություն իշխանության որեւէ առաջարկի ու քաղաքականության վերաբերյալ, սահմանադրական փոփոխությունները բացառություն չեն: Հանրությունը, ի դեմս այս գործընթացի, տեսնում է իշխանությունների կողմից սեփական վերարտադրությունն ապահովող օպերացիա: Եվ այդ մանրամասներին անդրադառնալ, կարծում եմ, որ ինչ-որ տեղ կարող է նշանակել հանրային կամքին դեմ գործողություն անել, որովհետեւ դրանով կարծես լեգիտիմացնում ես ոչ լեգիտիմ գործընթացը: Բայց, իհարկե, փորձագետները չեն կարող զերծ մնալ մեկնաբանություններից: Իշխանությունների իբր մտահոգությունները, թե մտահոգված են երկրի ժողովրդավարացմամբ եւ դրա համար են ուզում փոփոխություն անել, ես ուզում եմ հիշեցնել իրենց իսկ խոսքերը ոչ վաղ անցյալում, որոնք կտրականապես մերժում էին կառավարման համակարգի փոփոխության հարցը: Իշխանությունները տեւական ժամանակ պնդում էին, որ Հայաստանի նման երկրի համար խորհրդարանական համակարգն անընդունելի է: Եվ, փաստորեն, մեկ օրում մտափոխվեցին։ Այդպես չի լինում, այստեղ արհեստածին բան կա: Սա էլ մեկ ապացույց է այն բանի, որ իշխանությունները բարեփոխումները չեն անում լավ համակարգ ունենալու եւ այլնի նպատակով: Եթե այս իշխանությունները գործող Սահմանադրության պարագայում որեւէ կերպ չեն ուզում աշխատեցնել Սահմանադրությունը, այլ անում են հակառակը եւ հաստատում հակասահմանադրական հարաբերություններ, սա էլ խոսում է այն մասին, որ գործընթացն այլ նպատակներ է հետապնդում:



- Փաստ է, որ իշխանությունների պլաններն իրականություն են դառնում, վտանգավոր չէ՞ չկայացած կուսակցական համակարգի պայմաններում գնալ նման ռիսկի:



- Կուսակցական դաշտի չկայացվածության հանգամանքը նախկինում հենց իշխանություններն էին հղում անում, ասելով, որ տեսեք՝ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, համակարգը կայացած չէ, եւ այս պարագայում ո՞նց կարող է անցնել խորհրդարանական համակարգի: Կառավարման համակարգի դրական կողմերը կարող են նպաստել երկրի ժողովրդավարացմանն այն դեպքում, երբ որ կա համապատասխան քաղաքական կամք: Եթե իշխանությունները լեգիտիմ չեն, ինչպիսի կառավարման համակարգ էլ լինի ֆորմալ առումով, միեւնույն է՝ էական փոփոխություն հանրության կյանքում տեղի չի ունենա, երկիրը չի դառնա ժողովրդավարական, իրավական պետություն: Իհարկե, իշխանություններն իրենց քարոզչամեքենայի միջոցով փորձելու են բոլորին համոզել, որ սա շատ կարեւոր գործընթաց է, մի լսեք նրանց, ովքեր ասում են, թե դրա ժամանակը չէ, արհեստածին է, հղում են անելու գործող Սահմանադրության բացերին, կիսանախագահական կառավարման հետ կապված օբյեկտիվ բացերին եւ ասելու են, որ իրենք ուզում են այդ բացերը վերացնել: Շատերը հակադարձում են՝ եթե կառավարության համակարգը մնա նույնը, արդյոք իշխանությունը չի՞ կարող վերարտադրվել: Բայց փաստ է, չէ՞, որ գործող Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը չի կարող դառնալ նախագահ, իսկ փոփոխության դեպքում կարող է լինել երկրի ղեկավար: Թեպետ ես կարծում եմ , որ սա չէ այս փոփոխությունների հիմնական նպատակը: Այլ նպատակներ էլ կարող են լինել, օրինակ, հանրության ուշադրության շեղումը երկրի հիմնարար խնդիրներից: Չի բացառվում, որ սրանով փորձ է արվում ստանալ նաեւ միջազգային հանրության աջակցությունը, ցույց տալով, որ տեսեք՝ ռեալ ժողովրդավարական փոփոխություններ ենք անում, իշխանության ճյուղերն ենք ուզում անջատել, չենք ուզում, որ գերկենտրոնանա նախագահի ձեռքերում եւ այլն: Չի բացառվում նաեւ, որ կառավարման այս ձեւի անհրաժեշտությունն առաջացել է այն պահին, երբ որ հասկանալի է դարձել, որ նախագահը, որն ունի բավականին լուրջ լիազորություններ, կարող է որոշ դեպքերում տորպեդահարել իշխող մեծամասնության այս կամ այն որոշումն ու քաղաքականությունը: Հանկարծ կարող էպատահել այնպես, որ հաջորդ նախագահն սկսի հակադրվել քաղաքական վերնախավի որոշակի խմբերին, եւ վերջինները չկարողանան դիմադրել՝ չունենալով մեխանիզմներ: Խորհրդարանականի դեպքում այդ մեխանիզմները կան, վարչապետ հանելը շատ ավելի հեշտ է, քան նախագահ հանելը: Սա կարող է պայմանավորված լինել նաեւ արտաքին ճնշումներով: Ենթադրենք՝ Կրեմլը դժգոհ է նախագահի գործառույթներից եւ ուզում է արանքից հանել, բայց խորհրդարանական մոդելի դեպքում նախագահի դիրքերն ուժեղ են, եւ շատ դժվար է լինելու առաջ մղել նման դիրքորոշում: Ի վերջո, կախվածությունը ԵՏՄ մտնելուց հետո ավելի է մեծանում, եւ թերեւս ամեն ինչ արվում է, որ հետագայում խնդիրներ չառաջանան: Իսկ վարչապետին արդեն հեշտ է պաշտոնանկ անել:
Սրանք ընդհանուր վերլուծություններ են, որ կարող եմ անել, իսկ դետալային կարելի է քննարկել, երբ արդեն հստակ ներկայացնեն Սահմանադրության փաստաթուղթը:



- Իսկ հնարավո՞ր է տապալել այդ փոփոխությունների հանրաքվեն։ Քաղաքական բազում ուժեր շարունակում են հայտարարել, որ դեմ են այդ փոփոխություններին:



- Եթե լուրջ կոալիցիա ձեւավորվի՝ քաղաքացիական, քաղաքական տարբեր հատվածների մասնակցությամբ, դեմոկրատական դիրքորոշում ունեցող, ռեժիմի խաղի կանոնները չընդունող հատվածը կազմակերպվի, ու հզոր շարժում ստեղծվի, իհարկե հնարավոր է: