Դատախազությունն ու Քննչական կոմիտեն պայքարում են Լիսկայի որդու համար

Դատախազությունն ու Քննչական կոմիտեն պայքարում են Լիսկայի որդու համար

Ըստ ամենայնի, Քննչական կոմիտեն եւ ՀՀ գլխավոր դատախազությունն այնքան էլ համերաշխ չեն մայիսի 2-ին Սդղի գյոլի մոտ տեղի ունեցած «ռազբորկայի» քննության հարցում։ Մեկ դատախազությունը քննիչից նյութեր է ուզում, ընդհատելով նրա աշխատանքը։ Մեկ Քննչական կոմիտեն է դիմում դատախազություն՝ դատախազներից մեկի վարքը քննարկման առարկա դարձնելու խնդրանքով։ Մեր տեղեկություններով, դա տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ` այն բանից հետո, երբ կենտրոնական ապարատի դատախազներից մեկը զանգահարել է Զաքարյաններին եւ նրանց հետ իրենց ցուցմունքների վերաբերյալ զրույց ունեցել, ինչը գործը վարող քննիչը դիտարկել է որպես քննության վրա ներազդելու փորձ։ Դատելով Սդղի գյոլի ծեծկռտուքի զոհերի՝ Զաքարյան եղբայրների հոր՝ մամուլում արած հայտարարություններից, նա հավատում է քննիչներին եւ համոզված է, որ հանցագործությունը բացահայտվելու է։ Երեւում է՝ քննիչներն իրոք անաչառ եւ բազմակողմանի քննություն են տանում, իսկ դատախազությունը ցանկանում է փոխել այս հունը, չափից դուրս ակտիվ «հսկողություն» իրականացնելով։ Մանավանդ, որ գլխավոր դատախազի համակրանքը Լիսկայի եւ նրա ընտանիքի նկատմամբ վաղուց է հայտնի։ Ինչպես հիշում ենք, երկու տարի առաջ մարզպետի տան մոտ տեղի ունեցած կրակոցների շուրջ հանրային ալեկոծման գագաթնակետին հենց Գեւորգ Կոստանյանը Սուրիկ Խաչատրյանի օգտին առաջին հայտարարությունն արեց, ասելով, որ նա քնած է եղել։ Հետագայում հենց Կոստանյանի այս «կարծիքը» դարձավ քննիչների վարկածի հիմքը։ Բայց չմոռանանք, որ նույն համակրանքը Լիսկայի նկատմամբ, համենայնդեպս մինչեւ վերջին ժամանակներս, ուներ ՀՀ նախագահը։ Ի՞նչ է ստացվում։ Քննչական կոմիտեն նախագահի «սիրեցյալ» մարզպետի դե՞մ է գնում։ Հազիվ թե։ Ավելի հավանական է, որ Սերժ Սարգսյանն ուղղակի ձեռքը հետ է քաշել Սյունիքի մարզպետի գլխավերեւից եւ այս պահին ամեն ինչ թողել է օրենքի ուժին։ Իսկ Աղվան Հովսեփյանն ու Գեւորգ Կոստանյանը, երեւում է, սույն ուժի տարբեր ընկալում ունեն, եւ յուրաքանչյուրն իրենն է ապացուցում, համառորեն պայքարելով մարզպետի որդու գործի համար։