«Ոսկե ծիրան» փառատոնի շնորհիվ ընդարձակվում են մեր բարեկամների շարքերն ու աշխարհագրությունը․ Սերժ Սարգսյան

«Ոսկե ծիրան» փառատոնի շնորհիվ ընդարձակվում են մեր բարեկամների շարքերն ու աշխարհագրությունը․ Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին.



«Սրտանց ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Արդեն տասներկուերորդ անգամ Երևանում կազմակերպվող փառատոնը նախաձեռնողների և իրականացնողների ձեռքբերումն է և բոլոր երևանցիների կողմից սպասված մեծ տոն:



Հատկանշական է, որ «Ոսկե ծիրանը» դարձել է մեր տարածաշրջանի առաջնային կինոփառատոնը: Հենց այս փառատոնի շնորհիվ համաշխարհային կինոարվեստի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ նորովի են բացահայտում Հայաստանը, ընդարձակվում են մեր բարեկամների շարքերն ու աշխարհագրությունը, որը մեզ մեծ ուրախություն է պարգևում:



Կարևոր է նաև այն, որ փառատոնի շնորհիվ նոր զարկ է տրվում մեր ազգային կինոմշակույթին: Երիտասարդներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու մեծ արվեստագետների վարպետության դասերին, որոնք, վստահաբար, նրանց ոգեշնչելու են նոր կինոգործեր նախաձեռնելու և նկարահանելու: Փառատոնը, անկասկած, մեծապես հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը:



Հարգելի՛ բարեկամներ,



Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային տասներկուերորդ կինոփառատոնը: Վստահ եմ, որ այն լինելու է կինոաշխարհի նոր բացահայտումների հարթակ, որը նոր կամուրջներ է կապելու տարբեր մշակույթների միջև, խրախուսելու է քաղաքակրթությունների երկխոսությունը:



«Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին մաղթում եմ ապագայում ևս նույն եռանդով իրենց ազնիվ գործը շարունակելու ուժ և կորով»: