Հայաստանը մտահոգված է Իրաքում ԻՊ կողմից մշակութային ժառանգությունը ոչնչացնելու խնդրով. նախարար

Հայաստանը մտահոգված է Իրաքում ԻՊ կողմից մշակութային ժառանգությունը ոչնչացնելու խնդրով. նախարար

Հայաստանը մտահոգված է Իրաքում Իսլամական պետության կողմից մշակութային ժառանգությունը ոչնչացնելու խնդրով: Իրաքի Հանրապետության մշակույթի նախարար Ֆարյադ Ռավանդուզիի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ շեշտելով, որ ժամանակին չձեռնարկված քայլերը վատ նախադեպ են հանդիսացել նման վայրագությունների համար: Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները զինված ընդհարումների հետևանքով մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելումն ու կանխումն ապահովելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:



«Հայաստանը խստագույնս հետևում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային արժեքների ապօրինի տեղաշարժման կոնվենցիայի դրույթների կատարմանը: Մենք հետևողական կլինենք և մեկ անգամ ևս մեր ենթակառուցվածքների ղեկավարներին կզգուշացնենք, որպեսզի ուշադիր լինեն մշակութային արժեքների ապօրինի ներմուծումն ու արտահանումը կանխելու համար»,-նշել է ՀՀ մշակույթի նախարարը:



ՀՀ մշակույթի նախարարն Իրաքի իր գործընկերոջն առաջարկել է համագործակցության ընդլայնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների շրջանակում:



Իրաքի մշակույթի նախարարն անհանգստություն է հայտնել Իրաքում պատերազմական գործողությունների և ազգամիջյան հակամարտությունների հետևանքով մշակութային արժեքների վտանգման և ոչնչացման վերաբերյալ: Ի պատասխան՝ Հասմիկ Պողոսյանը նշել է, որ Հայաստանը կիսում է Իրաքի մտահոգությունը, քանի որ մեր երկիրը ևս ունի հակամարտություններ և փակ սահմաններ հարևան պետություններից երկուսի հետ:



ՀՀ մշակույթի նախարարը նշել է, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո երկու երկրները քայլեր են ձեռնարկել տարբեր, այդ թվում նաև մշակույթի ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Երկու երկրների բարեկամական հարաբերությունները պահպանելու գործում էական դեր է ունեցել Իրաքի ոչ մեծաթիվ հայ համայնքը, որն իր ներդրումն ունի Իրաքի քաղաքական, հասարակական, մշակութային կյանքում:



Զրույցի ընթացքում Ֆարյադ Ռավանդուզին նշել է, որ Իրաքի հայերը լիարժեք կյանքով են ապրում, բայց ազգային մշակույթի հետ ավելի հաճախակի շփման պահանջ ունեն: Հասմիկ Պողոսյանն արձագանքել է, որ Հայաստանը պատրաստ է հանդես գալ մշակութային նախաձեռնություններով` տեղի հայ համայնքի մշակութային ծրագրերի նախընտրությունը նախապես հստակեցնելուց հետո:



Նշենք, որ Իրաքի Հանրապետության մշակույթի նախարար Ֆարյադ Ռավանդուզին Երևանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակին նվիրված «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. Մշակույթի դերը «Ետ-2015 զարգացման օրակարգում» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար, որը մեկնարկել է հուլիսի 11-ին: