Լեվոնը «ծնեց» Ռոբերտին, Ռոբերտը «ծնեց» Սերժին, Սերժը «ծնեց»...

Լեվոնը «ծնեց» Ռոբերտին, Ռոբերտը «ծնեց» Սերժին, Սերժը «ծնեց»...

Դեռ չի «ծնել», բայց այնպես էլ չէ, որ չի «ծնելու»: Չի կարող «չծնել», որովհետեւ կյանքը շարունակվում է, ու պետք է մեկը լինի, որ համ Հայաստանը ղեկավարի, համ էլ իր ապահով ծերությունը երաշխավորի: Վերեւում մեր ասածը ճիշտ է նաեւ հակառակ կողմից` Սերժն ապահովագրեց Ռոբերտին, Ռոբերտն ապահովագրեց Լեւոնին, Լեւոնն արդարացրեց ու ապահովագրեց կոմունիստ ավազակներին: Բայց այս շարքը մի տեսակ խառնվում է, երբ գործող նախագահը ցանկանում է էլի գործել կամ հեռացած նախագահը որոշում է վերադառնալ:



Առաջին նման փորձն ունեցանք 2008-ին: Դրանից ուղիղ 10 տարի անց, 2018-ին, չի բացառվում, որ նորից խնդիրներ ունենանք, եթե, իհարկե, այդ թվականին դեռ ստիպված լինենք ուղիղ ընտրություններով նախագահ ընտրել: Գործող նախագահը կփորձի իր հոգեզավակին նշանակել այդ պաշտոնում, իսկ արդեն չգործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ կարող է վերադառնալ: Հնարավոր է նույնիսկ, որ Տեր-Պետրոսյանը փորձի որոշ դերակատարություն ստանձնել:



Սակայն կա նաեւ մեկ այլ տարբերակ: Դա այն է, որ Սերժ Սարգսյանը չուզենա հեռանալ:
Դատելով սահմանադրական փոփոխություններ կատարելու Սերժ Սարգսյանի ցանկությունից, կարելի է ասել, որ գործող նախագահը մի տեսակ դժկամությամբ է ուզում սերունդ թողնել եւ դառնալ երիտասարդ թոշակառու: Մարդիկ կան, ովքեր պնդում են, թե Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումներ է անում, որ ինքը վերարտադրվի ու շարունակի իշխել, բայց արդեն որպես մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի` ՀՀԿ-ի առաջնորդ: Այդ մարդիկ բոլոր հիմքերն ունեն այդպես մտածելու, որովհետեւ սահմանադրական բարեփոխումներով, այո, մեծանալու է քաղաքական կուսակցությունների կշիռը, եւ, ըստ էության, խորհրդարանական ընտրություններում հաղթած ուժն է որոշելու մնացած ամեն ինչը: Իսկ ՀՀԿ-ում, որը դժվար թե չհաղթի խորհրդարանական ընտրություններում, ամեն ինչ որոշում է Սերժ Սարգսյանը եւ ոչ թե, ասենք` Սերժ Սարգսյանը Շարմազանովի հետ համախորհուրդ: Սա նշանակում է, որ հենց Սերժ Սարգսյանը կորոշի, թե ովքեր են լինելու վարչապետը, ԱԺ նախագահը եւ նախագահը:



Դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանը կարող է միանգամից հրաշալի եռյակ լույս աշխարհ բերել` մնալով «ասողի» դերում: Սա հենց այն տարբերակն է, որ Շարմազանովը շուտ-շուտ կրկնում է` բոլոր ճանապարհներն անցնում են Մելիք-Ադամյանով: Բայց որքան էլ գեղեցիկ հնչի այդ արտահայտությունը, միեւնույն է, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ` վերարտադրություն:
Իսկ Սերժ Սարգսյանը կկարողանա՞ գլուխ բերել այս` առաջին հայացքից դյուրին թվացող վերարտադրությունը: Խանգարող հանգամանքները, ի դեպ, քիչ չեն: Մեկը` ԵՏՄ-ն: Այդ կառույցի անդամ բոլոր երկրներում նախագահական կառավարման համակարգ է, եւ Հայաստանն իր խորհրդարանական կառավարմամբ կարող է մեջների ծաղիկը դառնալ: Արդյոք հարկ չի՞ լինի ԵՏՄ-ում մի նոր օրենսդրական փաթեթ մշակել Հայաստանի համար: Բայց սա դեռ ամենամեծ դժվարությունը չէ: Խորհրդարանական համակարգի ամենամեծ հակառակորդներն այստեղ են` ներսում: Եվ ովքե՞ր են նրանք: Բավական է մի քանի անուն նշել` Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան եւ մի քիչ էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյան: Ի՞նչն է այս երեքին միավորում, գիտե՞ք: Նրանք չունեն լուրջ քաղաքական հենարան, մինչդեռ իշխանության գալու համար ստիպված են լինելու ոչ միայն հաղթահարել խորհրդարանական ընտրությունների արգելքը, այլեւ հաղթելու այդ ընտրություններում: Սերժ Սարգսյանը, փաստորեն, սահմանադրական բարեփոխումներով նրանց ուղարկում է վերջնական հանգստի:



Թերեւս առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարեւորությամբ է պայմանավորված նաեւ նոր քաղաքական ուժերի (այդ թվում՝ եւ քոչարյանամետ) ի հայտ գալը: Չի կարելի բացառել, որ Քոչարյանը, եթե դեռ ցանկանում է վերադառնալ, հանկարծ հռչակվի կուսակցապետ, երբ պարզվի, որ սահմանադրական բարեփոխումներին այլեւս այլընտրանք չկա: Քոչարյանի կուսակցությունը կարող է լինել, օրինակ, «Ալյանս»-ը` համալրված նախկին ԲՀԿ-ի ծառուկյանահեն դեմքերով, ինչպես նաեւ ՀՀԿ-ում Ռոբերտ Քոչարյանի աչքուականջներով: Այստեղ լուրջ դերակատարություն կարող է ստանձնել նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով, ըստ տարածվող լուրերի, արդեն իսկ հետաքրքիր հանդիպումներ է ունենում եվրոպական պաշտոնյաների հետ:
Սրան հակառակ` Սերժ Սարգսյանը ոչինչ չստացավ ԲՀԿ-ի փլուզումից, եթե հաշվի չառնենք ԲՀԿ այն մնացորդացը, որ գործում է կամ, ավելի ճիշտ` չի գործում Նաիրա Զոհրաբյանի ղեկավարությամբ: Կա նաեւ ՀՀԿ-ից քոչարյանական էլեմենտների հեռանալու հանգամանքը, ինչը կարող է լրջորեն հարվածել ՀՀԿ-ի անհաղթահարելիության իմիջին: Բայց, դրանով հանդերձ, Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար ունի շատ ավելի մեծ շանսեր, քան Ռոբերտ Քոչարյանը, ով կարող է ասպարեզ գալ որեւէ նորելուկ ուժի գլուխն անցած: Սերժ Սարգսյանն ունի դաշինքներ ձեւավորելու լայն հնարավորություններ, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը կարող է հույսը դնել սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող ՀԱԿ-ի եւ մի քիչ էլ «Ժառանգության» վրա, որոնք, սակայն, թեեւ դեմ են Սերժ Սարգսյանին, բայցեւ իրեն չեն համակրում: Մեղմ ասած` չեն համակրում:



Մեր համոզմամբ` իշխանության անընդհատ վերարտադրությունը, ում դեմքով էլ այն տեղի ունենա եւ ինչ պատրվակով էլ իրականացվի, չի կարող դրական երեւույթ համարվել: Դա դեմ է զարգացման օրենքներին: Եվ բոլորիս մեղավորությունն է, որ այսօր, վերանկախացումից 25 տարի անց, ոչինչ չենք կարողանում հակադրել մեր իշխանություններին, ու նրանք սովորել են, որ միշտ պետք է իրենք լինեն: Ավելին ասենք` մենք Ղարաբաղից երկու նախագահ ենք ունեցել ընդամենը, բայց երբ խոսք է գնում հաջորդ նախագահի մասին, անմիջապես մտածում ենք, թե որ ղարաբաղցին է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը: Կարո՞ղ է մեկը պնդել, որ Հայաստանի Սահմանադրությամբ նախագահի պաշտոնը պատկանում է ղարաբաղցիներին: Ոչ, իհարկե: Հետեւաբար, վերարտադրության նման մի բան էլ ղարաբաղցի նախագահների հերթագայումն է: Խնդրում ենք սխալ չհասկանալ մեզ: Խոսքը ղարաբաղցի-հայաստանցի կեղծ, գոյություն չունեցող հակասության մասին չէ, այլ իշխանության համակողմանի, այդ թվում եւ տոհմածառային վերարտադրության մասին, ինչը, Սերժ Սարգսյանի ասած, սիրուն չէ:



Ամփոփենք: Սահմանադրական փոփոխությունները պետք է ծառայեցվեն ոչ թե տարաբնույթ վերարտադրությունների, այլ վերարտադրության հնարավորությունները սահմանափակելուն: Տարբերությունը շատ մեծ չէ` Սերժն ու Ռոբերտը կշարունակեն Հայաստանը ղեկավարել անձա՞մբ, թե՞ նախագահի կամ վարչապետի պաշտոններում իրենց դրածոների ձեռամբ: Մեզ պետք է նոր մտածողությամբ իշխանություն, մեզ պետք է նոր Հայաստան, մեզ պետք է զարգացող Հայաստան: Մեզ պետք են ընտրություններ, ու կապ չունի` ինչ կընտրենք, նախագա՞հ, թե՞ կուսակցություն: