Գարեգին Բ-ն դարձավ 64 տարեկան

Գարեգին Բ-ն դարձավ 64 տարեկան

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երեկ՝ օգոստոսի 21-ին, դարձավ 64 տարեկան: Մեր տեղեկություններով, Ամենայն հայոց կաթողիկոսը խաղողօրհնեքից անմիջապես հետո մեկնել էր ռուսական առողջարանային քաղաք Կիսլովոդսկ՝ բուժման: Երեկ նրա մերձավորների մի մասը պնդում էր, թե կաթողիկոսն արդեն վերադարձել է, պարզապես Վեհարան դեռ չի գնացել, մյուսներն էլ նշում էին, թե նա կվերադառնա օրերս: Մեզ հայտնեցին նաեւ, որ կաթողիկոսը մի քանի օր է՝ չի պատասխանում հեռախոսազանգերին, անգամ ամենամտերիմները տեղեկություն չունեին եւ չէին կարողանում ճշտել տարեդարձի օրն իրենց անելիքը: Սովորաբար, Գարեգին Բ-ի ծննդյան օրը պաշտոնյաները ոչ միայն շնորհավորանքներ են հղում, այլեւ շքեղ նվերներով գնում են Վեհարան՝ շնորհավորելու: Երեկ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Գարեգին Բ-ն Մայր Աթոռ չի գնացել եւ եթե անգամ Հայաստանում է, գտնվում է իր տանը: Ի դեպ, Ամենայն հայոց կաթողիկոսից դժգոհություններն օրեցօր ավելանում են, հոգեւորականները դա չէին թաքցնում անգամ երեկ՝ նրա ծննդյան օրը հիշելիս: