Սահմանադրության՝ թղթի վրա մնացած դրույթները

Սահմանադրության՝ թղթի վրա մնացած դրույթները

Հոդված 86. Պետության քաղաքականության հիմնական նպատակների մեջ թվարկվում է՝ սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը, տարածքային համաչափ զարգացումը.
Իրականում - Սպառողի իրավունքների պաշտպանության բնագավառում գործող տասնյակ կազմակերպություններ կան. ո՞ր մեկն է գոհ այսօրվա վիճակից: Նրանք միաբերան փաստում են, որ աշխատանքը միակողմանի է, չեն կարողանում լեզու գտնել սպառողի շահերը ոտնահարողների հետ:
Ինչ վերաբերում է տարածքային համաչափ զարգացմանը, ապա փաստ է, որ ոչ միայն տարածքները համաչափ չեն զարգանում, այլեւ՝ Երեւանը, որտեղ ամեն ինչ կենտրոնացված է կենտրոնում:
Անվճար բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթության զարգացումը:
Իրականում - Ամեն տարի մեծանում է բուհերում վճարովի տեղերի թիվը՝ անվճարների հաշվին: Կան բաժիններ, որոնցում ընդհանրապես չկա պետպատվերով տեղ, ինչը հակասում է սահմանադրությանը:



Հոդված 94. Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին եւ կաշկանդված չէ որեւէ ցուցումով:
Իրականում - ԱԺ 131 պատգամավորից առնվազն 110-ն այլ բան կասեն:



Հոդված 95. Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր լիազորություններով չպայմանավորված որեւէ պաշտոն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից: Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Իրականում - Մեզանում ավելի հեշտ կլինի թվարկելն այն պատգամավորներին, ովքեր բիզնես չունեն: Հայաստանում մեկ անգամ կարելի է հիշել, երբ պատգամավորն զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ եւ զրկվել մանդատից՝ ՀՀ վարչապետի եղբայրը: Պատճառն էլ այն էր, որ Հովիկ Աբրահամյանն այլեւս չէր ուզում նախարար լինել, այլ ուզում էր դառնալ ԱԺ նախագահ, եւ մեծամասնականով մանդատ էր պետք: Մնացած բոլոր դեպքերում պատգամավորներն շտապում են խորհրդարան՝ բիզնեսը կարգավորելու:



Հոդված 104. Ազգային ժողովի նախագահը ներկայացնում է Ազգային ժողովը եւ ապահովում նրա բնականոն գործունեությունը:
Իրականում - Կա՞ մարդ, որը մտածում է, թե Գալուստ Սահակյանն ապահովում է ԱԺ բնականոն գործունեությունը: Ազգային ժողովի՝ բարձրագույն օրենսդիր մարմնի հեղինակությունն այսքան ընկած չի եղել երբեւէ:



Հոդված 109. Օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորը, Ազգային ժողովի խմբակցությունը եւ կառավարությունը:
Իրականում - 5-րդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանը ռեկորդներ է սահմանել նախաձեռնողականության պակասի ու «շըփ-թըփ» ռեժիմի առումով։
Մեկ նստաշրջանի ընթացքում ընդունված 143 օրենքներից միայն 7-ն է պատգամավորների հեղինակմամբ, 136-ը կառավարությանն է: Այսինքն՝ մեր օրենսդիրների գործը կառավարության ներկայացրած նախագծերը հաստատելն է:



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Շարունակելի