Ցիպրասի հրաժարականը

Ցիպրասի հրաժարականը

Օգոստոսի 20-ին հրաժարական տվեց Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Նա հունական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ իր եւ կառավարության հրաժարականը կներկայացնի երկրի նախագահին, եւ հորդորել, որ երկրում անցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Տեղեկատվություն էր տարածվել, որ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 20-ին: Երեք օր առաջ Եվրախորհրդարանի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկին Հունաստանին ֆինանսական օգնության երրորդ փաթեթը տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել:



Աթենքում պոլիտեխնիկական կրթություն ստանալով՝ Հունաստանի այլեւս նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, որ արդեն ձախ գաղափարախոսության բուռն համակիրներից էր, հասարակական-քաղաքական կյանքում սկսում է ակտիվ գործունեություն ծավալել: 2009 թվականից Ցիպրասը ձախականների Սիրիզա կուսակցության ղեկավարն է։ Նրա օրոք կուսակցությունը մեծ առաջընթաց է գրանցել պառլամենտական երկու ընտրություններում՝ տանելով զգալի հաղթանակներ: 2015 թվականի հունվարի ընտրություններից հետո, ստանալով ձայների 32 տոկոսը, Ցիպրասի կուսակցությունը ձեռք է բերել հունական խորհրդարանի 300 պատգամավորական աթոռներից 149-ը։ Վարչապետը Հունաստանի կառավարությունն ստանձնել էր 2015 թվականի հունվարից 26-ից:



Եվ ահա, Եվրոպական կենտրոնական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Եվրահանձնաժողովի հետ համաձայնությունների ստորագրումից հետո վարչապետի դիրքերն սկսեցին թուլանալ: Նրա ղեկավարած Սիրիզա կուսակցության անդամները հանդես են եկել վարկատուների հետ «հակաժողովրդական հուշագրերի» կնքման դեմ: Կուսակցության լիդերներից Լաֆազանիսը վարչապետին մեղադրեց կուսակցությունը դավաճանելու մեջ: Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Հունաստանում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիները պետք է պատասխանեին «ոչ» կամ «այո» հարցին, թե արդյոք հարկավո՞ր է ընդունել հունիսի 25-ին Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկած համաձայնագիրը: Հանրաքվեի արդյունքում հույների ավելի քան 61 տոկոսը պատասխանեց՝ «ոչ»: Դրանից ժամեր անց հրաժարականի դիմում ներկայացրեց ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը: Փաստորեն, իշխանության եկած Ցիպրասի Սիրիզա կուսակցությունն այդպես էլ չկարողացավ լուծել այն կարեւորագույն խնդիրները, որոնք Հունաստանին կանգնեցրին ծանրագույն, գրեթե անելանելի դրության առջեւ:



Արամ ՊԱՉՅԱՆ