Ճգնաժամային Ադրբեջան

Ճգնաժամային Ադրբեջան

Ադրբեջանի միջազգային բանկի վարկային կորուստները, որ հասնում են, ըստ տարբեր աղբյուրների, 7-10 մլրդ. դոլարի, այդպես էլ չեն վերականգնվում: Իշխանություններին հաջողվել է ձերբակալել մի քանի վարկառուների եւ որոշակի գումարներ հետ ստանալ, բայց ընդամենը՝ 300 մլն. դոլարի չափով: Խոշոր վարկառուները կամ հայտարարվել են հետախուզման մեջ, կամ շարունակում են իրենց գործունեությունը:
Բանկի հիմնական բաժնետերը կառավարությունն է: Հետեւաբար, տուժում է պետական բյուջեն, որի մուտքերն առանց այդ էլ զգալիորեն նվազել են՝ կապված նավթի գների անկման հետ: Ադրբեջանում վերջին երկու ամիսներին լայն սպառման ապրանքների գնաճը կազմել է 30 տոկոս: Անցած շաբաթա վերջին Բաքվի տարադրամի փոխանակման կետերը դադարեցրել են դոլարի վաճառքը:



Պատճառը կենտրոնական բանկի հրահանգն է՝ մեկ դոլարը վաճառել ոչ ավելի, քան 1,07 ադրբեջանական մանաթի դիմաց: Փետրվարին ադրբեջանական մանաթն արժեզրկվել է մեկ երրորդով: Իսկ թե ներկայում իրական փախարժեքն ինչքա՞ն է, ոչ ոք ստույգ չգիտի: «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիեւի գնահատմամբ՝ մանաթի հետագա արժեզրկումն ախուսափելի է: Ալիեւը կոպիտ սխալ է համարում Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից չինական յուանի խոշոր չափերով ձեռքբերումը:



Արդյունքում, ինչպես նա է ասում, յուանի կտրուկ արժեզրկման հետեւանքով Ադրբեջանը կես միլիարդ դոլարի պետական պահուստի կորուստ է ունեցել: Ալիեւը համեմատում է իրավիճակն Ռուսաստանում եւ Ադրբեջանում՝ կարծիք հայտնելով, որ եթե Մոսկվայում ճգնաժամի մասին բաց բանավեճ է ընթանում, առաջարկվում են տնտեսությունը դիվերսիֆիկացնելու տարբեր գաղափարներ, ապա Ադրբեջանում համատարած լռություն է տիրում: Ի վերջո, նա ամփոփում է, որ եւս շուրջ կես միլիարդ պահուստային գումարների հաշվին կառավարությունը կփորձի մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտ պահպանել մանաթի ներկա փոխարժեքը, բայց թե ի՞նչ կհետեւի դրան՝ նրա կարծիքով՝ «մնում է միայն ենթադրել՝ սոցիալ-տնտեսական կոլապս»:



Ադրբեջանի համար չի ուրվագծվում աղետից խուսափելու հեռանկար: Բաքվի մամուլը բավական մեծ ուշադրություն է հատկացնում Իրանի հետ առեւտրատնտեսական կապերի թեմային: Վերջերս Թեհրան էր այցելել Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւը: Սպասվում է, որ փոխադարձ այց կանի Իրանի հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզին:



Մինչ այդ, սակայն, Վայեզին Իռնա գործակալությանն ասել է, որ Իրանը մտադիր է մասնաբաժին ունենալ ադրբեջանական Շահդենիզ գազի հանքավայրի շահագործման եւ Տրանսադրիատիկ գազամուղի կառուցման ծրագրերում: Իրանցի պաշտոնյան շատ հեռագնա նպատակ է ուրվագծել՝ ասելով, որ Թեհրանը մտադիր է Պարսից ծոցի եւ Կասպից ավազանի էներգակիրների արդյունահանման նոր կազմակերպություն ստեղծել:
Regnum-ի մեկնաբանն իրանական այդ նախագիծը որակել է ՕՊԵԿ-ի այլընտրանք՝ նակտել տալով, որ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հակասություններն են Թեհրանին ստիպում «իր թեւի տակ առնել» Կասպից ավազանի նավթ եւ գազ արդյունահանող երկրներին:



Ռուսաստնյան լրատվամիջոցը, սակայն, Իրանին նման ինքնուրույն դերակատարություն չի վերապահում: Նա գտնում է, որ այդ հարցում կարող են պայմանավորվել միայն Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, իսկ եթե դա տեղի չունենա, ապա Կասպից ծով- Պարսից ծոց «աղեղին սպասում է տեւական անկալունություն»:
Այդպես, թե ռուս-ամերիկյան պայմանավորվածությամբ՝ էական չէ, Ադրբեջանի բոլոր սպասումները հայտնվում են կասկածի տակ: Իշխող վարչախումբը հույս ունի մինչեւ 2018թվականն սկսել գազի արտահանումը Հարավային Եվրոպա: Էներգակիրների համաշխարհային շուկայում Իրանի հավանական ներկայության հեռանկարը, սակայն, կարող է առկախել այդ ծրագիրը:



Հայտնի չէ նաեւ, թե Ռուսաստանն ինչպես է ծրագրում խոչընդոտել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հավակնոտ ծրագրերին, բայց որ Մոսկվան այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու է, նույնիսկ Բաքվում չեն կասկածում:
Խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կարող են սկանդալային դառնալ: Իսլամական միություն շարժումը հայտարարել է, որ նախապատրաստվում է քաղաքական գործունեություն ծավալել: Մեկնաբանները բավական բարձր են գնահատում իսլամական քարոզչության հնարավորությունները: Այդ մասին Իլհամ Ալիեւին զգուշացրել են նաեւ քաղաքացիական նախաձեռնության մի քանի խմբեր՝ հորդորելով ապահովել խորհրդարանական ընտրությունների ազաատությունը եւ թափանցիկությունը:



Բացառված չէ, որ ստեղծված իրավիճակում իշխող վարչախումբն ստիպված լինի որոշակիորեն թուլացնել ճնշումը՝ սոցիալական ընդվզումների հզոր ալիքը կանխելու համար:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ