Պրագմատիզմը պետք է հաղթի

Պրագմատիզմը պետք է հաղթի

«Առաջին սխալը թույլ տվեց Եվրամիությունը: Նրանք չհասկացաան իրենց որոշ նախապայմանների հետեւանքները: Ուկրաինայի ներքին քաղաքականության լույսի ներքո Յանուկովիչին անհնար պատկերվեց ԵՄ պայմանների ընդունումը եւ իր վերընտրությունը, իսկ Ռուսաստանին՝ Ուկրաինային նայել որպես զուտ տնտեսական տեսանկյունից: Իսկ երբ Ուկրաինան սայթաքեց դեպի Մայդանի խռովություն, Ռուսաստանում դա, անկասկած, ընկալվեց այնպես, որ Արեւմուտքն օգտագործում է այն, ինչ նման է ռուսական զբոսախնջույքի, որպեեսզի Ուկրաինան դուրս բերի ռուսական ուղեծրից:
Եւ այդ ժամանակ Պուտինն սկսեց գործել որպես ռուսական ցար»,- ուկրաինական ճգնաժամն այսպես է մեկնաբանում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը: (http://inosmi.ru/world/20150821/229779825.html)



Ահա թե ինչպես է լուրջ քաղաքագետը կարողանում վեր կանգնել քարոզչությունից: Նա խոստովանում է, որ չի արդարացնում Պուտինին, փորձում է նրան հասկանալ: Ամենադիպուկը Քիսինջերի բնութագրումն է՝ Ուկրաինան Ստալինգրադից հեռու է ընդամենը 200 մղոնով: Ռուսաստանյան հսկայական քարոզչամեքենան, թերեւս, այդքան հստակ, շոշափելիորեն չի կարողանում բացատրել Ուկրաինայի կարեւորությունը, որքան Քիսինջերն է մեկ առարկայական օրինակով պարզաբանում:



-Եւ այդ ժամանակ Պուտինը սկսեց գործել որպես ռուսական ցար,- ասում է Քիսինջերը: Այն ժամանակ, երբ Ստալինգրադից 200 մղոն հեռավորության վրա եղավ Մայդան, որ սկզբում ռուսական զբոսախնջույքի էր նման, բայց կարճ ժամանակ անց դարձավ արյունալի բախումների թատերաբեմ, իսկ հետո՝ իշխանությունը տապալելու գործիք:
Այդ ամենը Քիսինջերը նրբանկատորեն անվանում է «սայթաքում»: Բայց էականը դա չէ, այլ՝ որ ԱՄՆ նախկին պետքարտուղարի, ով սառը պատերազմի տարիներին Նիքսոնի թիմում է աշխատել եւ միջազգային հեղինակություն ունի որպես լրջագույն քաղաքագետ, ահա նման մակարդակի գործչի անունից ամերիկյան մամուլում հայտնվում է ուկրաինական ճգնաժամի շատ սթափ վերլուծություն:



Հարցին, թե ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ը դուրս գալ Ուկրաինական ճգնաժամից, Քիսինջերը պատասխանում է.
-Խնդիրը դրանում չէ, այլ՝ որպեսզի ճգնաժամը կարգավորվի միջազգային կարգի համար նպաստավոր ձեւով:
Պատակա՞ն է, որ նման հարցազրույց ամերիկյան մամուլում տեղ է գտել շրջանառվող լուրերի ֆոնի վրա, որ ՄԱԿ-ի հոբելյանական նստաշրջանը հնարավորություն է, որպեսզի Պուտին-Օբամա հանդիպում կայանա: Սպիտակ տունը պաշտոնապես «նման անհրաժեշտություն» չի տեսնում:
Բայց մի՞թե դա ամբողջ ճշմարտությունն է: Ոչ ոք չէր հավատում, որ Կարիբյան ճգնաժամը կհանգուցալուծվի կամ Բեռլինում դեմ-դիմաց կանգնած՝ ամերիկյան եւ խորհդային տանկերը կվերադառնան իրենց ելման դիրքերը:



Եւ եթե ՄԱԿ-ի հոբելյանական նստաշրջանում չգտնվեն ճգնաժամերը կարգավորելու նոր մեխանիզմներ, եթե ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը չպայմանավորվեն, ապա ի՞նչ իմաստ ունի այդ կազմակերպությունը, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվել է որպես խխաղաղության եւ փոխըմբռնման միջազգային ատյան:



Վահրամ Աթանեսյան