«Հիգիենայի» հեղափոխությունը՝ Լիբանանում

«Հիգիենայի» հեղափոխությունը՝ Լիբանանում

Լիբանանի մայրաքաղաքում արդեն քանի օր է՝ ցուցարարները գրավել են Ռիադա Սոլխայի հրապարակը՝ կառավարության շենքի մոտ, եւ պահանջում են կառավարության հրաժարականը։ Եվ ո՞վ կմտածեր, որ 10 հազար լիբանանցիների ոտքի կհանի փողոցներում թափված աղբը։ Օգոստոսի 23-ից Բեյրութում հավաքված ցուցարարները խաղաղ ակցիա են իրականացրել, ըստ արեւմտյան լրատվամիջոցների, ակցիան կազմակերպել են Լիբանանի ձախակողմյան ընդդիմության, արհեստակցական միությունների եւ հասարակական կազմակերպությունների ուժերը։ Խաղաղ ակցիային հաջորդել է ոստիկանության հարձակումը, նախնական տվյալներով, տուժել են ոստիկանության 35 աշխատակից եւ 30 քաղաքացի, զոհերի մասին տեղեկությունները դեռ հաստատված չեն, սակայն լիբանանյան պարբերականները խոսում են այդ մասին։ Թե ինչու է ժողովուրդը ոտքի կանգնել, ինչպես վերը նշեցինք, փողոցներում օրերով չհավաքվող աղբն է, մարդիկ երկար ժամանակ բողոքել են, որ աղբը չի հավաքվում, աղբի հոտից եւ հակահիգիենիկ միջավայրից տարատեսակ հիվանդություններ են առաջանում, սակայն բողոքները տեղ չեն հասել, եւ լիբանանցիները որոշել են ոտքի կանգնել։ Աղբը միակ պատճառը չէ, ակցիայի մասնակիցները մատնանշում էին նաեւ աշխատատեղերի սղությունը, ֆինանսական խնդիրները եւ կառավարող մարմինների անգործությունը, երկիրը խժռող կոռուպցիան։ Ի դեպ, ակցիայի մասնակիցները նաեւ պահանջում էին, որ իշխող կուսակցությունները համաձայնության գան եւ վերջապես երկրի նախագահ ընտրեն։ Լիբանանը դեռ անցյալ տարվանից առանց նախագահի է մնացել, քանի որ պառլամենտում իշխող կուսակցությունները, որոնք պարտավոր են համաձայնության գալ նախագահի ընտրության հարցում, այդպես էլ իրար մեջ չկիսեցին այդ պաշտոնը։ «Մենք թշնամիները չենք այն քաղաքացիների, ովքեր կուտակված խնդիրների պատճառով փողոց են դուրս եկել, դա նրանց օրինական իրավունքն է։ Սակայն ոչ ոք չպետք է ձեզ օգտագործի իր քաղաքականության համար»,- հայտարարել է Լիբանանի վարչապետ Թամամ Սալյամը։ Նա խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր այն մարդկանց, ովքեր ուժ են կիրառել քաղաքացիների դեմ։ «Ժողովուրդն ուզում է տապալել ռեժիմը»․սա երիտասարդ ցուցարարների լոզունգն է, որոնք նշում են, թե գնալու են մինչեւ վերջ։ Լիբանանի քաղաքական գործիչներից մեկի՝ Խալեդ Խադադի խոսքերով, Բեյրութի կենտրոնում ակցիաները վկայում են այն մասին, որ «եկել է նոր սերունդ, որն արմատական փոփոխություններ է ցանկանում։ Այս կոռումպացված կրոնական համակարգին պետք է փոխարինի դեմոկրատական նոր համակարգ»։