Գյուղատնտեսության աճի թվերը «վատ նկարչություն» են

Գյուղատնտեսության աճի թվերը «վատ նկարչություն» են

Մոտենում է տարեվերջը, ճտերին հաշվելու ժամանակը, եւ ՀՀԿ-ի համար կարեւոր է ցույց տալ, որ տնտեսական աճի խոստացած թիվը՝ 7 տոկոսը, ապահովվում է։ Կայծակնային աճի ցուցադրությունն արդեն սկսվել է՝ 14.5 տոկոս աճ գյուղատնտեսության ոլորտում։ Այնպես որ, պետք չէ անակնկալի գալ ու մտածել, թե ինչու ՀՀ քաղաքացիները դա չեն զգում իրենց առօրյա կյանքում եւ կենցաղում, կամ եթե, ասենք, գյուղատնտեսության արտադրանքը շեշտակի ավելացել է, ապա ինչո՞ւ աշնան սկզբին միրգն ու բանջարեղենը շուկայում չեն էժանանում։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ։



- Պարոն Մանուկյան, տնտեսագետներն արդեն քննադատել են ներկայացված աճի թվերը, եւ նույնիսկ վարչապետն ու ֆինանսների նախարարը տարբեր գնահատականներ են տվել։ Կարելի՞ է ասել, որ ներկայացված աճը թվաբանություն է՝ հանուն թվաբանության։



- Գյուղատնտեսությունը դասական այն ճյուղն է, որը զարգացած է թույլ տնտեսություն ունեցող երկրներում։ Որովհետեւ մտավոր սեփականության տարրեր չկան, ձեռքի աշխատանք է, որը վաճառվում է։ Որեւէ զարգացած երկիր չի կարող ունենալ գյուղատնտեսության մեծ մասնաբաժին։ Հայաստանի պարագայում խնդիրը զավեշտալի է, որովհետեւ գյուղատնտեսության վիճակագրությունը հենված է գյուղատնտեսների կողմից տրամադրված վիճակագրության վրա։ Ոչ մի բան չի խանգարում, օրինակ, որեւէ հանրապետական գյուղապետի՝ ավելի առաջանցիկ տեմպեր ցույց տալու, այսինքն, 1000 տոննա դեղձի փոխարեն նկարելու 1500 տոննա դեղձ։



- Այսինքն, մեր գյուղատնտեսության վերաբերյալ մեր վիճակագրության մեթոդաբանությունն այնպիսին է, որ ստուգվում են մարզպետարաններից եկած տվյալները, իսկ համայնքների թվերը ոչ ոք չի նայում, եւ դրանք գործնականում շատ բա՞րդ է ստուգելը։



- Այո, ըստ էության, սա վիճակագրական խութ է։ Եթե նկատել եք, կամայական պահի, հենց որ տնտեսության վիճակը պրոբլեմային է դառնում, գյուղատնտեսությունն օգնության ձեռք է մեկնում։ Հաջորդ նմանատիպ ոլորտն էլ շինարարությունն էր՝ ոլորտ, որի վերահսկողությունը զուտ վիճակագրական եղանակով շատ թույլ է դրված։ Բայց այս նկարչությունն այնքան թույլ է, որ պարզ հաշվարկով այդ ամենը ջարդվում է։ Կարելի է խոսել, որ բնակլիմայական պայմանները լավացել են, եւ գյուղատնտեսական արտադրանքն ավելացել է, բայց այդ ավելացման չափի տեմպերը կասկածելի են, քանի որ չկա վստահություն մեթոդաբանությանը։



- Ինչո՞ւ մրգի, բանջարեղենի արտադրության ավելացումը չի արտահայտվում գների վրա։



- Գյուղացին երբեք ժամանակ չունի, որ կարողանա մանրածախ առեւտրում ներգրավվի։ Քանի որ մեծածախ կազմակերպությունները հիմնականում օլիգարխիայի հետ են կապված, նրանք, ըստ էության, շատ էժան գներով ձեռք են բերում գյուղացու արտադրանքը, եւ քանի որ իրենք խոշոր են, շուկայում կարողանում են գերշահույթներ ապահովել։ Նույն գյուղացու օգուտը գյուղատնտեսական գների աճից որեւէ կերպ չի ազդում նրա բարեկեցության վրա։ Եթե մենք ուսումնասիրում ենք օտարերկրյա ուղղակի ներդրումները, աղքատության մակարդակը, ապա տեսնում ենք անկում։ Չի կարող մի երկիր ունենա կայուն տնտեսական իրավիճակ, եւ ներդրումների անկում լինի, իսկ մեզ մոտ 5 տարի շարունակ անկում է արդեն։ Չի կարող մի երկրում լինի տնտեսական աճ, եւ աղքատության մակարդակը նույնը մնա, կենսաթոշակներն ավելի առաջընթաց չաճեն, քան ինֆլյացիան։ Եթե մենք ուսումնասիրենք նույն ինֆլյացիան, եթե ճիշտ եմ հիշում՝ 5,1 տոկոս է, այս ամսվա կտրվածքով, իսկ ՀՆԱ-ն մեզ մոտ այդքան չի աճել։ Հասարակ թվային հաշվարկներով ապացուցվում է, որ տնտեսական աճը նկարված է ու վատ է նկարված։



- Մենք տեղեկություն ունենք, որ աշխատավարձի ավելացման մեջ հաշվում են նաեւ կուտակայինի ցուցանիշները։ Ձեզ հայտնի՞ է այս մասին։



- Այո, կուտակայինի բաղադրիչը 11 տոկոս է։ Դա մեթոդաբանորեն ոչ կոռեկտություն է։ Քիչ մասնագետներ գիտեն, բայց ՀՆԱ-ի մեջ նաեւ հաշվարկվում է ստվերը։ Այսինքն, ՀՆԱ-ի մեթոդաբանության մեջ ստվերայնության գնահատականը, ըստ էության, ներառված է։ Սա էլ բավականաչափ մանիպուլյացիաների հնարավորություն կարող է տալ։



- Եվ անապացուցելի ոլորտ է, փաստորեն, ստվերը։



- Այո, որովհետեւ սովորաբար հիմնված է փորձագիտական գնահատումների վրա։ Հայաստանում 30 տոկոս է ստվերայնության վերջին ցուցանիշը։ Հիմա եթե այդ փորձագետներին հրավիրեն, եւ այս 30 տոկոսը դառնա 20 կամ 40 տոկոս։ Այլ երկրներում եւս, ինչպես եւ Հայաստանում, ստվերային մակարդակը ՀՆԱ-ում ներառված է։ Բայց, հաշվի առնելով, որ մեզ մոտ թվանկարչությունն ընդունված է, սա եւս կարող է մի օր դառնալ թվանկարչության առարկա: