Մեր նախարարները լուսա-տեսանկարվելու «մանյակներ» են

Մեր նախարարները լուսա-տեսանկարվելու «մանյակներ» են

Նախարարությունների կայքէջերը, բացի պաշտոնական տեղեկություններից, նաեւ պատկերացում են տալիս ՀՀ գործադիր իշխանության առաջին դեմքերի բնավորության մասին։ Դրանք աստղագուշակից էլ շատ բան են ասում նախարարների պահանջկոտության, ճաշակի, աշխատասիրության, ինքնասիրահարվածության աստիճանի, ամբիցիաների մասին եւ, իհարկե, աստղագուշակից էլ հավաստի են, «պաշտոնապես» հաստատված։ Նրանք գրեթե բոլորը պաշտոնական կայքերի գլխավոր էջերին իրենց լուսանկարներն են պատկերում։ Առողջապահության նախարարը հմայիչ ժպիտով է նայում աշխարհին։ Երեւի գիտի իր արտաքինի առավելությունների մասին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հակառակը, «ծանր տղամարդու» լուրջ դեմքով է նստած իր կայքում։ Նախարարության անցուդարձը ներկայացնող լուսանկարներում հիմնականում ինքն է՝ նախարարը։ Աջ լուսանցքի 8 լուսանկարներից նա չկա միայն 3-ում։ Բայց լուսանկարվելու իսկական «մանյակ» է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Նա նման է ակնոցավոր գերազանցիկի, որին ուսուցիչները միշտ առաջին շարքում են կանգնեցնում։ Միայն թե այստեղ կանգնեցնողը հենց ինքն է՝ Սերգո Կարապետյանը։ Նրա պատկերը դրոշմված է լրահոսի բոլոր մասերում։ Մեկ դաշտում է՝ գյուղացու կողքին, մեկ իր սեղանի մոտ նստած ճառ է ասում, մեկ՝ մարզերի ներկայացուցիչներով շրջապատված, ինչ-որ ելույթ է ունենում, եւ բոլորը նրան ուշադիր ու բերանները բաց լսում են։ Նկարահանվելու սիրահար է նաեւ պաշտպանության նախարարը։ ՊՆ պաշտոնական կայքի տեսաշարը, սակայն, տխուր է․ կամ զինվորականների խումբ է այնտեղ պատկերված, կամ Սեյրան Օհանյանը, կամ էլ՝ երկուսը միասին։ Գագիկ Բեգլարյանը, Հրանուշ Հակոբյանը, Էդվարդ Նալբանդյանն ավելի քիչ են հայտնվում «սեփական» կայքէջերում, իսկ Երվանդ Զախարյանի փոխարեն հաճախ էներգետիկայի նախարարության շենքն է պատկերված։ Առհասարակ, ՀՀ հասարակության հետ կապերի ոլորտում գավառական մոտեցումներ են իշխում՝ շեֆին նկարել, շեֆից այն կողմ ուրիշ մարդ չտեսնել, խցիկը շեֆի վրա պահել։ Սա նաեւ հաճոյանալու ձեւ է։ Դիցուք, մշակույթի, էկոնոմիկայի, սպորտի եւ երիտասարդության նախարարությունների էջերը։ Լավ, Ճշմարիտյանի ինքնասիրահարվածությունը հայտնի է, նրան սազում է սեղանի մոտ նկարվել, բայց Գաբրիել Ղազարյանն ինչո՞ւ է նորությունների բաժնի բոլոր նյութերում։ Ինչ է, քի՞չ սպորտսմեններ ունենք, որոնց կարելի էր օրվա հերոս սարքել, գովազդել, ցուցադրել։ Մի խոսքով, նկարվելու ցավը պատել է գործադիրին, եւ այս ցավից փրկություն չկա։ PR-շչիկներն ու մամուլի խոսնակներն ավելի են խորացնում այն։ Մինչդեռ հասարակ միջոց կա՝ մի անգամ նախարարը մոտենում է իր օպերատորին, թեքում է օբյեկտիվն ու ասում․ «Ինձ մի նկարիր, մարդկանց նկարիր»։



ՀԳ․ Խորհրդային շրջանում մի լավ ավանդույթ կար՝ հեռուստատեսության ղեկավարությանը հատուկ հրահանգում էին նկարահանել ժողովրդին, ոչ թե չինովնիկներին։ Ղեկավարները պետք է քիչ երեւային կադրում, իսկ գլխավոր հերոսը ժողովուրդն էր՝ հասարակ մարդիկ, գյուղացիները, բանվորները, ծառայողները՝ բոլոր նրանք, ովքեր մեր օրերում հետին պլանում են կամ ընդհանրապես չկան ՀՀ պաշտոնական վերնախավի համար։