Սարգսյան-Պուտին հանդիպման լույսն ու ստվերը

Սարգսյան-Պուտին հանդիպման լույսն ու ստվերը

ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումը կայացավ Հայաստանում եւ Ադրբեջանում ընթացող զորավարժությունների թեժ պահին։ Ակնկալվում էր, որ հիմնական խոսակցությունը պատերազմի-խաղաղության մասին է լինելու, եւ որ Ռուսաստանի նախագահը նույնիսկ կարգավորման ինչ-որ անհայտ «իքս-պլան» է առաջարկելու հայկական կողմին, ընդհուպ որոշ տարածքների հանձնում։ Այս մասին գրում էր ռուսական եւ ադրբեջանական էլեկտրոնային մամուլը, իսկ Հայաստանում փորձում էին վերծանել այս «իքս-պլանը» եւ, ինչպես ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, տարածել, որ զիջումները գոնե փոխադարձ կլինեն։



Հնարավոր է, որ զիջումների մասին զրույց եղել է



Սակայն երկու նախագահների միջեւ կայացած զրույցի «ղարաբաղյան» հատվածի մասին պաշտոնական տեղեկությունները քիչ են։ Ընդամենը հաղորդվում է, որ նախագահ Սարգսյանը հանդիպման ավարտին ասել է․ «Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, անձամբ Ձեզ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ ջանքերի համար։ Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։ Ադրբեջանական կողմը, բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ»։ Եվ այս խոսքից ընդամենը երեւում է, որ Պուտինն ինչ-որ ջանքեր է գործադրել կարգավորման նպատակով։ Թե ինչ ջանքեր՝ պարզ չէ։ Արդյոք զիջումների տարբերակ քննարկվե՞լ է։ Ըստ քաղաքագետ Աղասի Ենոքյանի, «շատ կոպիտ է տարածքների վերադարձի մասին խոսելը։ Հնարավոր է, որ զիջումների մասին զրույց եղել է, բայց եղած ինֆորմացիան բավարար չէ դա պնդելու համար, եւ պետք է ժամանակ անցնի, որ հասկանանք, թե ինչ է կատարվում»։ Ավելի վաղ նա կանխատեսել էր, որ ՌԴ նախագահը, ինչպեսեւ անցյալ տարի ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ, «ցույց կտա, որ իր միջոցով է, որ կանխվում է պատերազմը», իսկ ՌԴ արտգործնախարարը Բաքու գնալուց հետո որոշակի «մեսիջներ» է հաղորդել, որոնք, անկասկած, կփոխանցվեն Սերժ Սարգսյանին: «Այդպես էլ եղավ»,- ասում է Ենոքյանը։



Պուտինը վիժեցրեց կողմերի անմիջական շփումները



Այնուամենայնիվ, անցյալ տարվա համեմատ այս հանդիպումը հետընթաց էր, որովհետեւ այն ժամանակ հակամարտության անմիջական մասնակիցներն էին հանդիպել, իսկ այս անգամ կողմերի միջեւ շփում չեղավ։ Անմիջական շփումների փուլն այսպիսով ավարտված է։ ՌԴ նախագահը, որը միանձնյա է ստանձնել կոնֆլիկտի կարգավորումը, «ֆուկ» անելով Մինսկի խմբի համանախագահներին, ուղղակի վիժեցրեց այն։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ վիժեցվել է նախագահների հանդիպումը, ինչը Ռուսաստանին ձեռնտու չէր։ «Պուտինը փորձեց իմաստազրկել արտգործնախարարների հանդիպումը, որը տեղի կունենա առաջիկայում Միացյալ Նահանգներում,- ասում է նա։- Բազմաթիվ վկայություններ կան, որ նախեւառաջ Ռուսաստանն ուկրաինական ավանտյուրայից հետո երկրորդ ավանտյուրան որոշել է ստեղծել այս անգամ արդեն Մերձավոր Արեւելքում՝ Սիրիայում, եւ Հայաստանի նշանակությունը Ռուսաստանի համար այս իմաստով արդեն փոխվում է, եւ փոխվում է ընդհանուր տեսլականը, որը նա ուներ ԼՂՀ կոնֆլիկտի հետ կապված։ Այսինքն, Ռուսաստանը շահագրգռված է կառավարվող անկայունության մեջ, այնուամենայնիվ, որեւէ չվերահսկվող գործընթաց դեմ է նրա երկարաժամկետ շահերին»։ Նույն մեղադրանքները ռուսամետ գործիչները եւ ռուսական ԶԼՄ-ները հնչեցնում են Արեւմուտքի նկատմամբ։ Այսինքն, որ Արեւմուտքն է շահագրգռված, որ այստեղ, Ռուսաստան-Իրան-Չինաստան շահերի բախման կետում ունենա թեժ կետ։ Այս կարծիքների հիմքում, ըստ քաղաքագետի, չկան փաստեր։ «Խոսել կարելի է ամեն ինչ, բայց փաստ է, որ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ամերիկյան կողմից է եկել վստահության եւ զինադադարի ամրապնդման համար լրացուցիչ պարտավորություններ ստանձնելու նախաձեռնությունը։ Դա փաստ է եւ փաստ է, որ Ռուսաստանն այս հնարավորությունը եւս վիժեցրեց»։




Խուսափենք Ռուսաստանի դերը բացառապես վատ գույներով տեսնելուց



Այնուամենայնիվ, բարձրագույն հանդիպումն ուներ նաեւ տնտեսական բաղադրիչ, որի հանդեպ հնարավոր չէ անտարբեր մնալ․ 200 մլն․՝ հայկական բանակին, 25 դոլարով էժան գազ Հայաստանի համար եւ ատոմակայանի մոդեռնիզացիա։ «Անվտանգության առումով մեր պաշտպանության «բարձրացումը» 200 մլն․ դոլարի չափով կատակ չէ։ Պետք է նաեւ գնահատել գազի գնի նվազեցումը՝ որպես մեր վերաբերյալ ունեցած կամեցողական կեցվածք։ Այո, բանակցություններ են տեղի ունենում, որոնք կարող են լինել նաեւ գաղտնի, եւ պետք է զսպվածություն ցուցաբերել,- կարծում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։- Պետք է բոլոր դրական կողմերը մոբիլիզացնել՝ այս արհավիրքային վիճակի մեջ հանկարծակի վտանգավոր դաշտերով չհայտնվելու համար»։ Նա կոչ է անում նաեւ խուսափել Ռուսաստանի դերը «բացառապես վատ գույներով տեսնելուց»։ «Եղել են պահեր, երբ ՌԴ շահերն ստիպել են նրան մեր հանդեպ ոչ ցանկալի դիրք ունենալ։ Բայց ՌԴ փորձագետները, քաղաքագետները մեծ մասամբ չեն կասկածում, որ խոշոր առումով Հայաստանը Ռուսաստանի հուսալի եւ հավատարիմ գործընկերն է մնում։ Արեւմուտք-Արեւելք մեծ ընդհարում է տեղի ունենում։ Կան երկրներ, որոնք պատմականորեն, անհրաժեշտաբար գտնվել են Ռուսաստանի ազդեցության տիրույթում, եւ նրա համար այդպիսին է նաեւ Ադրբեջանը։ Պետք է սա հաշվի առնել։ Դիվանագիտական քայլերի արանքում հնարավոր չէ մեր փոքր կեցվածքով եւ հզորության դեֆիցիտով կանգնել ու մեծ-մեծ բրդել, ոնց որ ջունգլիում խոշոր կենդանու հետ կռվելիս։ Սա համ ծիծաղելի է, համ էլ պարզ են հետեւանքները։ Նման հանգամանքներում պետք է ճկուն մանեւրել»։



Նախագահը պարբերաբար շնորհակալություն է հայտնում Պերմյակովի համար
Նախագահների հանդիպման ժամանակ արծարծվեց նաեւ Պերմյակովի գործով քննությունը Հայաստանի արդարադատությանը հանձնելու հարցը։ «Շնորհակալություն» բառը Սերժ Սարգսյանը կրկնել է երկու անգամ։ Պերմյակովի գործը, սակայն, ցավոտ կոշտուկ է հայ հանրության համար, եւ նախագահի «շնորհակալությունը» միանշանակ չի ընդունվում։ Նախ․ Ավետիսյանների ընտանիքի սպանդն ու այն միայն Պերմյակովին վերագրելը մեծ կասկածներ է հարուցում։ Երկրորդը․ ՀՀ նախագահը չի խոսել Պերմյակովին հայկական կողմին հանձնելու մասին, ինչն ավելի արդիական պահանջ է, եւ, ի վերջո, արժե՞ արդյոք շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահին մի բանի համար, որը սահմանված էր միջպետական պայմանագրով։ Այս հարցին պատասխանելով, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ ՀՀ նախագահը մեկ անգամ էլ է շնորհակալություն հայտնել ռուսական կողմին՝ ՌԴ տրանսպորտի նախարարի հետ հանդիպելուց հետո, «Էլեկտրիկ Երեւանի» թեժ ցույցերի ժամանակ։ «Սա կարելի է, մի կողմից, դիվանագիտական արտահայտություն համարել, երախտիքի, բայց խնդիրը նրանում է, որ Պերմյակովի նկատմամբ Ավետիսյանների սպանության գործով ռուսական կողմը որեւէ իրավասություն չուներ ոչ քրեական գործ հարուցելու, ոչ էլ նախաքննություն իրականացնելու, մի հատ էլ ռուսական կողմից հավաքած նյութերը հայկական կողմին փոխանցելու։ Երկու երկրների միջեւ միջպետական պայմանագրում հստակ նշված է, որ ռուս-հայկական բազայի տարածքից դուրս ՀՀ քաղաքացիների նկատմամբ հանցագործության դեպքում, որի համար կասկածվում են ռուսական բազայի ծառայողները, քննությունն իրականացնում են ՀՀ իրավապահ մարմինները։ Փոխանակ արձանագրելու, որ ռուսական կողմը ցինիկ ձեւով խախտել է միջպետական պայմանագրի դրույթները, եւ մի պահանջ էլ ներկայացնելու, որ նման բան անթույլատրելի է, նա ռուսական կողմին շնորհակալություն է հայտնում բարի կամքի դրսեւորման համար»։ Սաքունցը կարծում է, որ այս շնորհակալությամբ խախտվում է սուվերենության սկզբունքը պետությունների միջեւ․ «Սա միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտում է։ Սա կարող է լինել միայն իրապես վասալային հարաբերությունների պարագայում, երբ մի կողմը մյուսի նկատմամբ դրսեւորում է իր գերակա դիրքը»։



ՀԳ․ Հասարակ մարդիկ, ՀՀ քաղաքացիները, որոնք այս օրերին բոլոր ալիքներով զորավարժություններ, կռվի տեսարաններ էին դիտում, պատերազմական լեքսիկոն էին լսում, «հակամարտ կողմերի» փոխադարձ վիրավորանքներով հագեցված, մի բան էին սպասում նախագահի վերադարձից հետո՝ որ նա դիմի ժողովրդին ու ասի․ «Պատերազմ չի լինելու»։ Մարդկանց համար միեւնույն է, թե ով կօգնի իրենց լսել այս բառերը՝ Արեւմո՞ւտքը, Արեւե՞լքը, Պուտի՞նը, թե՞ ինքը՝ սատանան։