Ազգային ժողովում մոտ 1.5 միլիոնի չգիտես ինչ են գնել

Ազգային ժողովում մոտ 1.5 միլիոնի չգիտես ինչ են գնել

Ազգային ժողովի աշխատակազմը, հետեւելով կառավարության օրինակին, շարունակում է բյուջեի փողերը քամուն տալ։ Պարզվում է՝ ԱԺ-ում կարող են մոտ 700 հազար դրամ փող դուրս գրել՝ ինչ-որ սոխուկներ, մոտ 1 միլիոն դրամ էլ՝ վարագույրի կտոր գնելու համար։ Եվ այս փողերը գնում-մտնում են չգիտես ում խիստ կասկածելի գրպանները։ 



Այսպես, օգոստոսի 12-ին կնքված պայմանագրով ՀՀ Ազգային ժողովը 686 հազար դրամի սոխուկ է ձեռք բերել Տիգրան Հարությունյան անունով ԱՁ-ից։ Ով է նա՝ չհաջողվեց պարզել, քանզի Պետռեգիստրում գրանցված նման ԱՁ չկարողացանք հայտնաբերել։ Պայմանագիրը նայելիս առաջին հայացքից զգացվում է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Ձեռագիր գրված ինչ-որ թղթի կտոր է, որը լրացված է շատ փնթի ձեւով եւ կիսատ-պռատ։ Միակ քիչ թե շատ վստահություն ներշնչող հանգամանքը ներքեւում առկա կնիքն է։ Պայմանագրում նշված է, որ սոխուկները 3 հազար 430 հատ են, որոնցից յուրաքանչյուրն արժե 200 դրամ։ Նշենք, որ դրանք միամյա չեն, եւ եթե նախորդ տարի ձեռք էին բերել, կարող էին այս տարի եւս օգտագործել։ Պայմանագրում, սակայն, նշված չէ ոչ մի ամիս-ամսաթիվ, պայմանագրի կնքման օրը նշված է միայն գնումների կայքի համապատասխան տողում։



Մեկ այլ պայմանագրով էլ Ազգային ժողովը որոշել է վարագույրի կտոր գնել։ Փաստորեն, դրա համար էին խորհրդարանի պատուհանները մերկացել․ վարագույրներն են փոխում՝ շերտավորից կտորի։ Մյուս տարի էլ երեւի կտորի որակն ու գույնը կփոխեն, դե, միեւնույն է, այդ փողերն աշխատակազմն իր անձնական գրպանից չի վճարում, այլ պետական բյուջեից։ Այս պայմանագիրն էլ կնքել են օգոստոսի 18-ին, ինչ-որ անհայտ մի ՍՊԸ-ի՝ «Տիգրան գրուպի» հետ, որին վճարել են 980 հազար դրամ եւ ձեռք բերել 200 հատ վարագույրի կտոր։ Այս ընկերությունն էլ պատկանում է ոմն Տիգրան Մանուկյանի։ Այս պայմանագրում էլ մի տարօրինակ բան նկատեցինք․ այնտեղ նշված է՝ «վարագույրի կտոր», այնուհետեւ՝ «մետր», որի տակ ոչինչ չկա նշված, իսկ «քանակ» բաժնում գրված է՝ 200, մեկ հատի գինն էլ՝ 4 հազար 900 դրամ։ Եվ այստեղից պարզ չի դառնում՝ 200 հատ քանի՞ մետրանոց վարագույր են գնել, թե՞ դա հենց մետրն է, ուղղակի սխալ տեղ են նշել։ Իսկ եթե կտոր են գնել՝ առանց ձեւելու, ապա այստեղ լրացուցիչ ծախս պետք է անեն՝ նաեւ դրանցից վարագույր կարելու համար։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ