Ղարաբաղյան սյուրպրիզ՝ в том числе - мэр столицы

Ղարաբաղյան սյուրպրիզ՝ в том числе - мэр столицы

Եկող կիրակի Ղարաբաղում ՏԻՄ ընտրություններ են: Ստեփանակերտը քաղաքապետ է ընտրելու՝ ուղղակի, քաղաքացիների կողմից: Ստեփանակերտի առաջին քաղաքապետն ընտրվել է 1998 թվին, երկու թեկնածուներից հաղթել է Կարեն Բաբայանը՝ Սամվել Բաբայանի եղբայրը: 2004 թվին Դաշնակցության օգնությամբ քաղաքապետ է ընտրվել Էդվարդ Աղաբեկյանը: Ղարաբաղում դեմոկրատիայի պիկը դա էր:



Եկող կիրակի Ստեփանակերտի ընտրողները կգնան տեղամասեր, բայց ընտրություն չի լինի: Քաղաքապետի ընդամենը երկու թեկնածու կա: Մեկը 2011 թվականին ընտրված գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն է, մյուսը՝ Ղարաբաղի կոմկուսի ներկայացուցիչ Արիս Գրիգորյանը։ Ֆորմալ մրցակցություն կա, փաստացի՝ ոչ: Դրա համար էլ ընտրարշավ գոյություն չունի: Ինչո՞ւ ավելորդ ներվեր, ժամանակ եւ միջոցներ ծախսել:



Վերարտադրության մեխանիկան Սուրեն Գրիգորյանի համար ապահովում է եւս չորս տարվա պաշտոնավարություն: Սուրեն Գրիգորյանը նախկին կոմսոմոլական չինովնիկ է, տասը տարուց ավելի եղել է կառավարության աշխատակազմի ղեկավարը: Մայիսի 3-ի պառլամենտական ընտրություններում Սուրեն Գրիգորյանը եղել է Արցախի ժողովրդավարական կուսակցության շտաբի պետը: Ընտրություններում այդ կուսակցությունը երրորդ արդյունքն է ունեցել: Ստեփանակերտի մեր զրուցակիցներից մեկը հետաքրքիր բացատրություն բերեց, թե ինչու Սուրեն Գրիգորյանը քաղաքապետ է ընտրվում առանց լուրջ մրցակցության: Նրա ասելով, քաղաքապետն ապահովել է, որ պառլամենտական ընտրությունների ժամանակ Դաշնակցությունը Ստեփանակերտի մի ընտրատարածքում հաղթի, իսկ համամասնականով նախորդի համեմատ ավելի շատ ձայներ ստանա, «դրա համար էլ դաշնակները նրա դեմ թեկնածու չեն դրել»:



Այսինքն՝ միայն ՀՅԴ-ն կարո՞ղ էր մրցակցություն ստեղծել: «Այո,- կարծում է մեր զրուցակիցը, ով 2012 թվի նախագահի ընտրություններում Վիտալի Բալասանյանի շտաբում գործելու համար հեռացվել է,- կարող էր, բայց հլա չի ուզում»: Նրա իմացածով, Դաշնակցությունը սահմանադրական բարեփոխումների քարոզչությամբ է զբաղված: Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններով չի հետաքրքրվում: «Ուրիշ բան, որ դաշնակները Հայաստանում իշխանություն դառնան»,- ասում է ղարաբաղցի նախկին դաշնակցականը: «Այ, էդ վախտ լրիվ փոխվելու է»,- համոզված է նա: Ի՞նչ կամ ո՞վ է փոխվելու: «Շատ բան եւ շատ մարդ, в том числе - мэр столицы»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ