«Փրկության ճակատ»-ը կշրջափակի կառավարության շենքը

«Փրկության ճակատ»-ը կշրջափակի կառավարության շենքը

Սահմանադրական գործընթացին զուգահեռ, օր օրի իշխանության դեմ պայքարի նոր օջախներ են բոցկլտում՝ ճակատներ, դաշինքներ, նախաձեռնություններ, բայց ռեալ պայքարն այդպես էլ ուշանում է: Նախօրեին հասարակական-քաղաքական նոր միավորման գաղափար է ծագել․ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյաննի նախագահությամբ Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում կլոր-սեղան քննարկում են հրավիրել, մասնակիցները որոշել են Հայաստանում ձեւավորել «ազգային փրկության ճակատ» եւ կոչ անել երկրի ճակատագրով մտահոգ ուժերին ու հասարակական-քաղաքացիական կազմակերպություններին մասնակցել դրան։



Ճակատի պայքարի գլխավոր նպատակակետը լինելու է իշխանափոխությունը: Հանդիպմանը մասնակցել են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ՀԽ-ից Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը, Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից Ռուդիկ Սարուխանյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շարժման ներկայացուցիչը: Քննարկման մասնակիցները որոշել են մինչեւ սեպտեմբերի 12-ը հռչակագիր ստորագրել, իսկ մինչ այդ հանդիպումներ ու քննարկումներ կլինեն տարբեր քաղաքական ուժերի հետ՝ կոչ անելով միանալ իշխանության դեմ հայտարարվող «պատերազմին»:



Պարույր Հայրիկյանը մեզ վստահեցրեց, որ հռչակագրի տակ ավելի շատ ստորագրություններ կլինեն, քան եղել է անդրանիկ քննարկման ժամանակ: Իսկ ՀԱԿ-ի՝ որպես սահմանադրական բարեփոխումների դեմ արմատական դիրքորոշում ունեցող ուժի մասնակցության մասին ասաց, որ ինքը դեմ չէ եւ հուսով է, որ ՀԱԿ-ում նույնպես կքննարկեն «ազգային փրկության ճակատում ներգրավվելու» հարցն ու խելամիտ որոշում կկայացնեն:



Ներկա կազմի մասին քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն էլ բացատրեց. «Այդ քննարկումն ըստ էության սեպտեմբերի 4-ի հանրահավաքի տրամաբանական շարունակությունն էր, որտեղ ներկա էին նաեւ քաղաքական ուժերը, եւ հենց այնտեղ էլ նման պայմանավորվածություն ձեռք բերվեց»: Անդրիաս Ղուկասյանի կարծիքով, սկսվող գործընթացը կհանգեցնի «ժողովրդի վստահության կառավարության ձեւավորման»: Ղուկասյանն ասաց, որ իրենց խնդիրը լինելու է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն իշխանափոխության գործընթացի վերածելը. «Մենք գտնում ենք, որ իշխանափոխությունը մինչեւ հանրաքվեն կասեցնում է հանրաքվեն: Օրենքի պահանջն է՝ հանրաքվե չի կարող լինել, եթե թափուր է նախագահի պաշտոնը, ու առաջ ենք եկել հենց այդ առաջարկով։ Ովքեր որ գտնում են, որ նոր սահմանադրությունը պետք է չանցնի, պետք է մասնակցեն այդ գործընթացին», որովհետեւ, նրա խոսքով, քաղաքական դաշտում առկա մյուս կոնցեպտը՝ կոնսոլիդացնել ժողովրդին, որպեսզի դեմ քվեարկի, թույլ է. «Մեր երկրում ընտրությունները եւ քվեարկություններն անցել են ոչ ազատ, ժողովուրդն էլ ազատ չէ, կա վախի մթնոլորտ, հարկադրանքի ազդեցության տակ են իրենց քաղաքական դիրքորոշման ժամանակ, դրա համար հանրաքվեի վերաբերյալ վստահություն չկա, եւ գտնում ենք, որ իշխանափոխությունը եւ արտահերթ նախագահական ընտրությունները եւ ժողովրդի վստահության կառավարության ձեւավորումը կկանխի այդ հանրաքվեն, եւ, վերջապես, դա մեր երկրի գլխավոր քաղաքական խնդրի լուծմանը կհանգեցնի՝ ազատ, արդար եւ ազնիվ ընտրությունների միջոցով ձեւավորել լեգիտիմ իշխանություն»:



Հռչակագրի ընդունումից եւ դիրքորոշումների ճշգրտումներից հետո «փրկության ճակատն» իր առջեւ դրված խնդիրն իրագործելու համար քաղաքացիական անհնազանդության միջոցն է ընտրելու։ «Կառավարության շենքի շրջափակման միջոցով հարկադրել ՀՀԿ-ին հեռանալ գործադիր իշխանությունից, այսինքն՝ հրաժարական պարտադրել կառավարությանը, նշանակել նոր կառավարություն եւ Սերժ Սարգսյանին տալ հրաժարական»,- եզրափակեց Անդրիաս Ղուկասյանը՝ հիշատակելով նաեւ Մոլդովայի թարմ օրինակը, որ էներգետիկ շարժումը հասավ նախագահի եւ կառավարության հրաժարականին: