Աքսյոնովը պիտի գա, բա ինչո՞ւ են Բակո Սահակյանին ընդունում

Աքսյոնովը պիտի գա, բա ինչո՞ւ են Բակո Սահակյանին ընդունում

Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն են տարածվել, որ Հայաստան կժամանի Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը, ընդ որում՝ հաղորդվում է, որ այցը կլինի պաշտոնական: Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը Ղրիմի կառավարության նիստում ասել է, որ Հայաստանում տեղի է ունենալու միջտարածաշրջանային համաժողով, որտեղ ներկայացված կլինի ղրիմյան մեծ ստենդ: «Մենք պայմանավորվել ենք, որ դուք մասնակցելու եք Հայաստանում կայանալիք համաժողովին: Սոչի ուղևորության ընթացքում դուք այցելելու եք Աբխազիա»,- ասել է Մուրադովը՝ դիմելով Աքսյոնովին։



Ռուսաստանին միացված Ղրիմի, միջազգային հանրության կողմից չճանաչված ղեկավար Աքսյոնովը, ինչպես հայտնի է, գտնվում է միջազգային սեւ ցուցակում, եւ նրա մուտքը ԱՄՆ կամ եվրոպական երկրներ արգելված է: Հետեւաբար՝ պաշտոնական այցով Աքսյոնովին հյուրընկալող Հայաստանը հերթական անգամ կարող է միջազգային դիվանագիտական սկանդալի թեմա դառնալ, վտանգի տակ դնել Հայաստանի միջազգային վարկը եւ այլ երկրների հետ միջպետական հարաբերությունների հեռանկարը: Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել Աքսյոնովի Երևան կատարելիք այցի մասին տեղեկատվությանը:



Անցած տարի Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ի հեճուկս մեծամասնության դեմ քվեարկեց Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, որով անօրինական է ճանաչվում Ղրիմում անցկացված անցած տարվա մարտի 16-ի հանրաքվեն: Բանաձեւին կողմ էր քվեարկել 100 երկիր, ձեռնպահ՝ 58-ը, դեմ՝ 11-ը, որոնց թվում՝ Հայաստանը:



ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը ոչ մի խնդիր չի տեսնում Աքսյոնովի այցի հետ կապված.«Բա ինչո՞ւ են Բակո Սահակյանին ընդունում», հարցով հակադարձեց Համլետ Հարությունյանը.«Չճանաչված հանրապետության նախագահ է չէ՞ Բակո Սահակյանը, այո, շատ ճիշտ կանենք, որ Աքսյոնովին ընդունենք, որովհետեւ մենք ունենք նման պրոբլեմ», պնդում է Համլետ Հարությունյանը՝ չհամաձայնելով Արցախի ու Ղրիմի կարգավիճակների տարբերության մասին մեր պնդումներին.«Ի՞նչն ենք բռնակցել, դե հիմի ամեն մեկը մի ձեւով վերցրել է»: Այլ երկրների հետ միջպետական հարաբերություններ փչացնելու եւ դիվանագիտական սկանդալի հեռանկարի առիթով էլ Հարությունյանն ասաց.«Ինչի՞, որ ամեն օր Ադրբեջանը սպանում է խաղաղ բնակիչներին, զինվորներին, դա սկանդալ չի, բայց որ Հայաստանը ընդունում է չճանաչված պետության ղեկավարին, դա սկանդա՞լ է»:



«ՀՀԿ-ականները որ հարցերում են խնդիր տեսնում, որ մի հատ էլ այս հարցում տեսնեն», չզարմացավ քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Իրականում Սաֆարյանի գնահատմամբ՝ Ռուսաստանը նման «սիմվոլիկ դեմոնստրատիվ քայլերով» ուզում է ցույց տալ, որ Հայաստանը ճանաչել է Ղրիմը. «Ռուսաստանը էլ ավելի է փորձում կոնսոլիդացնել Ղրիմի հետ կապված դիրքորոշումները: Ղրիմի հարցով Հայաստանի դիրքորոշումը ըստ էության չի դրսեւորվել, դրա մասին քիչ է խոսվում, թերեւս այդ խնդրի մասին լռություն պահպանելով Արեւմուտքը փորձում է ցույց տալ, որ այդ ամենը պարտադրված է եղել Մոսկվայի կողմից, բայց անցած տարի Հայաստանում դիվանագիտական կորպուսները գնահատականներ հայտնեցին եւ կարծում եմ, որ դրանք դեռ ուժի մեջ են»:



Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Հայաստանը նմանատիպ սկանդալի մեջ հայտնվեց, հայ-վրացական հարաբերությունները խզվելու եզրին հայտնվեցին Գալուստ Սահակյանի՝ Հարավային Օսեթիայի չճանաչված հանրապետության խորհրդարանի խոսնակի հետ պաշտոնական հանդիպման պատճառով: