Սերժ Սարգսյանից «մի տեսակ սառել, վիրավորվել են» նրան նվիրված մարդիկ

Սերժ Սարգսյանից «մի տեսակ սառել, վիրավորվել  են» նրան նվիրված մարդիկ

Մի հետաքրքիր նկատառում:



Սերժ Սարգսյանից «մի տեսակ սառել, վիրավորվել են» նրան նվիրված մարդիկ: Սա էլ որերորդ անգամ լսում եմ նախագահի նվիրյալներից.



-Պաշտոնները ստանում ու ստանալու են այն մարդիկ, ովքեր նրան դեմ են եղել, նրա դեմ են խոսում: Հարկավոր է նրանց բերել կողմերի դաշտ: - Իսկ մե՜նք, այդպես էլ կմնանք…- Նվիրվածությունը խանգարում է պաշտոնի առաջընթացին:



Ակամայից հիշեցի Վազգեն Սարգսյանին: Երբ Սյունիքում պետական նախարար էր, ինձ կանչեց և ասաց.



-Վաղվանից Սյունիքի ռադիո խմբագիրն ես, գնա, պատրաստվիր, վաղը կգաս:
Երբ հաջորդ օրը պատրաստակամ գնացի, ասաց.



-Խմբագիրը լինելու է Սեդրակյանը:



Իմ զարմանքին՝ նա անկեղծացավ.



-Դե դու մերն ես, չես նեղանա, նա դաշնակցական է /իսկ այն ժամանակ դաշնակցականների նկատմամբ վերաբերմունքը հայտնի է/,  մեր դաշտ ենք բերում:



Ես  անվնաս ոչ կուսակցական էի, ով պատերազմի ժամանակ նրանց կողքին էր:  



Այդ ժամանակ շատ բան չէի հասկանում, հիմա հասկանում եմ, որ պաշտոն տալը քաղաքական կատեգորիա է: Կապ չունի ոչ նվիրվածությունը, ոչ մասնագիտական կարողությունը, ոչ էլ իրար նկատմամբ թշնամությունը:



Հասմիկ Բաբաջանյան