Եթե զգան, որ Հանրապետականները «համը հանում են», չեն մասնակցի ռեալիթի շոուին

Եթե զգան, որ Հանրապետականները «համը հանում են», չեն մասնակցի ռեալիթի շոուին

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատից միակ անձնավորությունն է, որ մասնակցելու է «Այո»-ի և «Ոչ»-ի ռեալիթի շոուին: Խումբ-խումբ մարզերում «այո» և «ոչ» քարոզելու «մերկ» գործընթացի հեռարձակմանը, սակայն, Պետրոս Մակեյանն այդքան էլ չի վստահում, նշում է, եթե «մխտռեն», իրենք չեն մասնակցի:



«Մեր մասնակցությունն ամբողջական չէ, որովհետև մենք նաև մեր քարոզչական խմբերով մասնակցում ենք մարզերի քարոզչությանը: «Պատուհան» օրերին փորձում ենք նաև օգտվել այդ ընձեռված հնարավորությունից: Մենք գիտենք, որ իրենք ժողովրդին հավաքելու են, և իրենց բերած ժողովրդին փորձենք հասկացնել, որ այն խաղը, այն գործընթացը, որ սկսել է վարչախումբը, շարունակում է իրենց և իրենց սերունդների ապագային քար գցել»: Հանրապետական կուսակցության անդամները կարծես ավելի շատ են, վստահ ե՞ք, որ ռեալիթի շոուն մոնտաժումներ չի իրականացնի. «Ճիշտն ասած, իրենք խաղի կանոններն ասում են, որ ժամանակ կտրամադրվի հավասար երկու կողմին: Փորձում են հասարակությանը ներգրավել, եթե ինչ-որ ընթացքում նկատեցինք, որ թատրոն է, ինչպես միշտ բոլոր ոլորտներում, որ եղել է, մենք չենք մասնակցի, դա խնդիր չէ»:



Այնուամենայնիվ սա ևս հնարավորություն է, Ձեր ճակատից միայն Ձեր անունն ենք կարդում, ինչո՞ւ այլոք չեն մասնակցում. «Մենք մեր ռազմավարությունը՝ «Նոր Հայաստանի», մշակել ենք, մեր կուսակցության քաղաքական խորհրդի հետ հարցում ենք արել, որովհետև նիստ չենք հրավիրել, և մենք փորձնական մասնակցում ենք, բայց նորից եմ ասում, եթե նկատենք, որ բոլոր ոլորտների նման համը հանում են, խաղի կանոնները խախտում են, մենք չենք մասնակցի»:«Նոր Հայաստան» փրկության ճակատի քարոզարշավի մասին էլ Պետրոս Մակեյանը հայտնեց, որ այսօր իր ընկերները մեկնելու են Էջմիածին և Արմավիր. «Ես առաջիկա մի շաբաթը մասնակցելու եմ Ձեր ասած այդ ֆորմատով, այնուհետև միանամ մարզերի քարոզչությանը»:



Հիշեցնենք, որ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 4-ը ռեալիթի շոու կհեռարձակի՝ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ: Շոուի իմաստն այն է, որ 20-22 օր շարունակ, ճանապարհորդելով ողջ Հայաստանով, «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցներն ուղիղ եթերում օրական 10-12 ժամ քարոզարշավ իրականացնեն: