Տիգրան Նաղդալյանի դափնիները Աշոտյանին հանգիստ չեն տալիս

Տիգրան Նաղդալյանի դափնիները Աշոտյանին հանգիստ չեն տալիս

Նախարարը լուրջ պաշտոն է։ Լրագրողը՝ նույնպես։ Մանավանդ, քաղաքական շոու վարող լրագրողը։ Եթե գործդ լավ ես կատարում, այսինքն, անկապ չես ճամարտակում եթերում, այլ պատրաստվում ես այնպես, որ հեռուստադիտողը չձանձրանա, չզզվի, չքնի, իշխանությանը չհայհոյի, ապա քեզ շատ ժամանակ է պետք։ Աշոտյան-լրագրողի դեպքում պարզ է, որ այդ ժամանակը ապահովվելու է կրթության և գիտության նախարար աշխատելու հաշվին։ Բայց ինչեր ասես, որ չես անի հայրենի իշխանության և կուսակցության վերարտադրության համար։ «Ես լրագրող չեմ, չեմ էլ դառնա, ես հեռուստահաղորդավար եմ», - ճշտում է կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախարար Արմեն Աշոտյանը կառավարության միջանցքում գլխին թափած լրագրողների համար։ Պետք է ասի՝ մեկնաբան եմ, որովհետև քաղաքական շոուներ նորմալ երկրներում վարում են հենց մեկնաբանները։ Մեկնաբանը, կարելի է ասել, ավագ լրագրող է, մասնագիտության երրորդ աստիճանը՝ թղթակցից և լրագրողից հետո։ Իսկ հաղորդավարը, որն արդեն հնացած կարգավիճակ է, սովորական տեքստ կարդացող է։ Նրա համար լրագրողների խումբ է աշխատում։ Բայց ոչինչ, Աշոտյանը նոր է մեկնաբան դառնում և նրան սխալվել կարելի է։ Կառավարության միջանցքում տեսախցիկների առաջ նա փորձում է համոզել, որ օբյեկտիվ է «Եռանկյունի» հաղորդումը վարելիս։ Հաղորդմանը «այո» են ասել «Ժառանգությունը», ՕԵԿ-ը, մի քանի քաղաքացիական նախաձեռնություններ։ ՀԱԿ-ը կտրուկ մերժել է ՀՀԿ փոխնախարարին, չնայած օբյեկտիվ լինելու նրա բոլոր հավաստիացումներին։ Այսօր լրագրողների առաջ նախարարը դոշ էր ծեծում, թե տաղավարում նույն հարցերն է տալու բոլորին, «կադրից դուրս մնալով կրթության նախարար, ՀՀԿ փոխնախագահ, ընտանիքի լավ հայր և այլն»։ Օգտվելով առիթից, «Հրապարակը» «ընտանիքի լավ հորը» հիշեցրեցինք Տիգրան Նաղդալյանի փորձը, որը հանուն Ռոբերտ Քոչարյանին նախագահ դարձնելու, Հ-1-ի եթերից, «Դեմքեր» հաղորդման ժամանակ կեղտ էր նետում Քոչարյանի հակառակորդի՝ Կարեն Դեմիրճյանի վրա, արժանանալով շատերի ատելությանը։
- Բայց եթե ՀԱԿ-ը չգա, չի ստացվի Ձեր հաղորդումը, չ՞է 



- Դուք հիմա խանգարում եք։ Գիտեք, եթե չգան էլ, այդ հաղորդումը կսատցվի, որովհետև «Ոչ»-ը միայն ՀԱԿ-ը չի, «Ժառանգությունն» է, «Հիմնադիր խորհրդարանն» է, քաղաքացիական նախաձեռնություններն են, «Ոչ»-ը ՕԵԿ-ն է։ Ես զարմանում եմ, ինձ մոտ տպավորություն է, որ ՀԱԿ-ը մոռացել է քարոզարշավը, մոռացել է, որ սահմանադրական բարեփոխումներին «ոչ» է ասում և բացառապես կեղծ, ըստ Նիկոլի, Նիկոլի ականջը կանչի, կեղծ օրակարգ է ձևավորել, ուշադրության կենտրոնում պահելով ոչ թե սահմանադրական փոփոխությունները որպես երևույթ և բովանդակություն, այլ նպաստելով Արմեն Աշոտյանի նոր ծրագրի հանրայնացմանը, ինչի համար, իհարկե, շատ շնորհակալ եմ։ Անսպասելի նվեր էր ՀԱԿ-ի կողմից։



-Հիմա «Ոչ» ասողների դատարկ աթոռնե՞ր եք դնելու ստուդիայում, ինչպես Տիգրան Նաղդալյանն էր ժամանակին անում։



- Չհասկացա ձեր հարցադրումը։ Մենք «Ոչ»-ի ճակատներ ունենք, «ՀԱԿ»-ը միակը չի, մի քանիսն են։ Տարբեր մասնակիցներից ցանկություն ունեն գալու, և հրավերները ուղարկվելու են նաև ՀԱԿ-ին, ՀԱԿ-ի ղեկավարությանը։




Նախարարի օբյեկտիվությունը բացահայտելու համար մեզ նեղություն տվեցինք բացել youtube-ը և դիտել նրա առաջին քայլերը եթերում։ Հյուրերն էին ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը, «շտատով» ազատ մամուլի խմբագիր Արա Աբրահամյանը և «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը, որպես սահմանադրությանը «Ոչ» ասող։ Բնականաբար, հենց նրան էին ուղղված հաղորդավար Աշոտյանի ընդդիմությանը փչացնելու միտված հարցերը։ «Եթե «ոչ »–ի իմաստը չեք կարողացել բացատրել ընդդիմությանը, ինչպես կբացատրեք ողջ հասարակությանը», կամ ՝ «Դուք որոշ ընդդիմադիր կուսակցությունների համարու՞մ եք իշխանական պրոեկտ»։ Կամ՝ «Ժողովուրդը երկրորդ անգամ պարտք չի տալիս արդեն պարտված քաղաքական գործիչներին։ Դուք իրո՞ք կարծում եք, որ ընդդիմադիր մարդիկ երկրորդ անգամ շանս կտան Րաֆֆի Հովհաննիսյանին»։ Երբ Արմեն Մարտիրոսյանը փորձեց խոսել ընտրակեղծիքների մասին, բացատրել, որ, ախր, Րաֆֆին շատ ձայն է ստացել, Աշոտյանը կոպիտ կտրեց՝ թեման դա չէր։ Մարտիրոսյանը մի կերպ հակաճառեց, թե ձայներն ավելի շատ են եղել, բայց Աշոտյանն ագրեսիվ էր․ «Եկեք խոսենք ապագայի մասին։ Րաֆֆին կենթարկվ՞ի ռեինկարնացիայի»։ Մարտիրոսյանը դժգոհեց, որ Աշոտյանն ինքը հարցը տալիս է, ինքը պատասխանում է։ Ճիշտ-ճիշտ «զվիոզդը տարած» հաղորդավարների նման։ Իր կուսակցին՝ Խոսրով Հարությունյանին, Աշոտյանն անմեղագույն հարց տվեց՝ ի՞նչ ռեսուրս է օգտագործելու իշխանության քարոզչարշավը։ Մի հատ էլ ընդդիմությանը փչացնողներից տվեց՝ «Սոցիալ-տնտեսական խնդիրները դառնալ՞ու են պարարտ հող «Ոչ»-ի քարոզչության համար»։ Իսկ Արամ Աբրահամյանից նա կենսագրական տեղեկություն ճշտեց․ «Երբևէ «այո» ասե՞լ եք սահմանադրությանը»։ Դա նույնն էր, թե ասեր՝ եկեք խոսենք եղանակի մասին։



Հ․ Գ․ Հ-1-ի տաղավարում ինչ-որ «սխալ» ժողովուրդ էին հավաքել, որը նման չէր փողոցում քայլող մարդկանց։ Կասկածներ ունենք, որ Աշոտյանի բերած ուսանողներն ու մանկավար-ներն են՝ իշխանական ռեսուրսը։ Չգիտես ինչու, հավաքվածները ինքնամոռաց ծափահարում էին Աշոտյանին և Խոսրով Հարությունյանին՝ այդպիսի օվացիաներ վերջիններս իրենց կյանքում «իսկական» ժողովրդից դժվար ստացած լինեն։ «Ժողովուրդը» վախեցած լռում էր, երբ խոսում էր ըստ սցենարի «ընդդիմության ներկայացուցիչ» Արմեն Մարտիրոսյանը։
Սյուզան Սիմոնյան