Պահանջում ենք Սերժ Սարգսյանին

Պահանջում ենք Սերժ Սարգսյանին

Չգիտեմ ինչու է ՀՀԿ-ն շրջանաձև պաշտպանության դիմել: Ոչ մի կերպ չեն ուզում, որ Սերժ Սարգսյանն անձամբ ՙայո՚ քարոզի: Շարմազանովը ՙԺողովուրդ՚ թերթին այնպիսի բան է ասել, որ մարդիկ մտածեն՝ Սերժ Սարգսյանը խիստ զբաղված է և նախագահի իր պարտականություններն է կատարում ամբողջ ծավալով: Շատ ներողւթյուն, իսկ որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է՝ իրավունք ունի՞ իր պարտականությունները ողջ ծավալով չկատարելու: Եզրակացությունը մեկն է՝ խաբում են:



Մեր կարծիքով՝ սահմանադրությունից դենը Սերժ Սարգսյանը ավելի կարևոր գործ պետք է որ չունենար: Բայց այս ի՞նչ է տեղի ունենում: Քարոզչությունը հանձնել է «էրեխեքին», իսկ ինքը մի կողմ քաշվել: Զբաղված եմ՝ հասկանում ես:



Ոչ, ժողովուրդը Սերժ Սարգսյանին է ուզում: Մարդիկ իրենց տներում նստած՝ հանգիստ սպասում էին 2018 թվականին, որպեսզի տեսնեն՝ էս անգամ ովքեր են իրար փոր թափելու նախագահի աթոռի համար: Վերցրեց, բոլորին խառնեց իրար ու հիմա, ասացեք խնդրեմ՝ զբաղված է:



Ասում են՝ երբ սուտը շատ մեծ է, հավատում են: Բայց սա ՀՀԿ-ին չի վերաբերում: ՀՀԿ-ի մասին ինչքան էլ մեծ լինի սուտը, մեկ է, ոչ ոք չի հավատում: 15 տարին քիչ չէ և ժողովուրդը ՀՀԿ-ի կաշին, մեղմ ասած, դաբաղխանից գիտի:



Ես այստեղ կբերեմ Շարմազանովի շատ մեծ ստերից մեկը, իսկ դուք փորձեք հավատալ: Պարոն Շարմազանով, նաև Դուք փորձեք հավատալ: Եվ այսպես. «Դուք, օրինակ, պառլամենտում տեսնո՞ւմ եք, որ որեւէ մեկը կաշկանդված է, կամ որեւէ մեկը չի ցանկանում խոսել։ Ես չեմ նկատել գոնե մեր ֆրակցիայում որեւէ պատգամավորի, ով չի ցանկանում խոսել կամ խուսափում է իր դիրքորոշումը հայտնելուց»: Եթե կարճ՝ Շարմազանովը ասում է ՀՀԿ-ում բոլորն էլ խոսող ու քարոզող են: Այստեղ են ասել՝ no comment: Աչքիս առաջով մի պահ անցան ԱԺ ամբիոնի մոտ սահմանադրության մասին իրենց տեսակետը կամ գաղափարը ամեն օր պաշտպանող, խրամատներում ինքնամոռաց կռվող այնպիսի ՀՀԿ-ականներ, ինչպիսիք են Թոխմախի Մհերը, Շմայսը, Լֆիկ Սամոն, գեներալները, արվեստի և ոչ միայն արվեստի գործիչ ՀՀԿ կանայք:



Ոչ, պարոն Շարմազանով, չես համոզի: Մենք ուզում ենք Սերժ Սարգսյանին: Այլապես գիտե՞ք ինչ է ստացվում: Ստացվում է, որ երբ ՀՀԿ-ի կամ իր համար է պետք քարոզել, նա շարֆը հավեսով գցում է և գնում քարոզելու, իսկ երբ պետք է քարոզել երկրի հիմնական օրենքի օգտին, զբաղված է: Արդար չէ:



Արդարությունը դեռ մի կողմ: Մենք նկատել ենք՝ քանի որ ՀՀԿ-ն իր առաջին դեմքով չի ներկայանում, փորձում է նույնն անել նաև Ժառանգությունը, ՀԱԿ-ը, այդպես կվարվի նաև ՕԵԿ-ը, չի բացառվում՝ ԲՀԿ-ն: Եվ ամբողջ պրոցեսը կվերածվի չգիտեմ ինչի: Մարդիկ շատերին չեն ճանաչում, ոչ էլ նրանց խոսքին ականջ կդնեն: Այս հեռուստաշոուները որ ուզում են կազմակերպել ինչի՞ համար են: Կարծում եք դրանք կլրացնե՞ն նախագահի բացը: Բնավ, երբեք: Նախագահի մեկ կենդանի ժողովրդական հանդիպումը ավելին է քարոզչության առումով, քան տասնյակ հիմար 24-ժամյա շոուները:



Իսկ հիմա՝ լրջանանք:



Կա՞ր սրանից լավ առիթ՝ ձմռան շեմին հայտնված մարզերի բնակչության հետ հանդիպելու, խնդիրներից խոսելու, նրանց դարդին դարման անելու համար: Կա՞ր ավելի լավ առիթ սեփական աչքերով տեսնել սեփական կառավարության ապահոված տնտեսական աճը և այդ աճով ոգևորված սեփական քաղաքացիներին: Մի՞թե կարելի է պատկերացնել ավելի լավ առիթ հսկայական լսարաններ հավաքելու և հպարտանալու, որ իավական տեսանկյունից հրաշալի երկիր ունենք, երկնիշ թվերով՝ աղքատության կրճատում, ծով աշխատատեղեր, համարյա 0-ի ձգտող բանկային տոկոսներ: Այս ամենը թողնել Հովիկ Աբրահամյանի և նրա շուրջը հավաքված մի քանի ՙէրեխու՚ հույսին՝ ճիշտ չէր:



Ասենք՝ ինչո՞ւ ենք անցյալ ժամանակով խոսում: Հենց նեկայով ասենք՝ ճիշտ չէ:



Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ՀՀԿ-ականներն ում նկատի ունեն, երբ «Հայր մեր»-ն են արտասանում: Բա դրանից հետո ինչպե՞ս հավատաս նրանց քարոզին, որն, ըստ էության, քարոզ է այլևս այնպիսի «Հայր» չունենալու, ինչպիսին ունեն հիմա: Դեռ թարմ են Վահան Հովհաննիսյանի խոսքերը: Նրանց դալաններում կծեծեն, եթե Սերժ Սարգսյանը հետները չլինի: Բա Շարմազանովն էլ ի՞նչ է քամի անում՝ մե~նք, մե~նք…



Ոչ, ժողովուրդը Սերժ Սարգսյանին է ուզում, և միայն Սերժ Սարգսյանը կկարողանա մարդկանց բացատրել, թե ինչո՞ւ ինքը, դեմ լինելով այս բարեփոխումներին, ձեռնարկեց դրանք: Հավատացեք, Շմայսը չի կարողանա դա անել: Մեկ էլ տեսար՝ կանգնեց հրապարակում ու հայտարարեց. «Ով ասի «ոչ»՝ կամ բռնաբարելու եմ կամ գլուխը կտրեմ»: Հաստատ կտփեն տղուն: