Ծառուկյանից հետո մեջքներս դեռ չենք կարողանում շտկել

Ծառուկյանից հետո մեջքներս դեռ չենք կարողանում շտկել

Ազգային ժողովի նիստերի դահլիճում երեկ ԲՀԿ-ականները մի պահ իրար գլխի էին հավաքվել, լրագրողների օթյակից երեւում էր, որ ինչ-որ թեժ թեմա են քննարկում, երեւում էր նաեւ, որ հիմնական դերակատարներից մեկը Վահան Բաբայանն է, որը կաս-կարմիր էր կտրել, փորձում էր բոլորին պատասխաններ տալ։ Ի վերջո, նա փրփրած դուրս եկավ դահլիճից: Ավելի ուշ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ որոշ ԲՀԿ-ականներ նախատել են Բաբայանին ՀՀԿ-ականից առավել ՀՀԿ-ական լինելու համար: Դրանից հետո զրուցեցինք կուսակցականների «բազարին» մասնակցած Լյովա Խաչատրյանի հետ:



- Պարոն Խաչատրյան, ինչի՞ մասին էիք այդպես թեժ քննարկում:



- Կատակներ էինք անում, երեւի:



- Վահան Բաբայանի՞ վրա:



- Չեմ հասկանում խոսքն ինչի մասին է:



- Բաբայանը դուրս գնաց Ձեր «կատակներից» հետո, երեւի կատակով իրեն նախատել եք, որ քիչ իշխանական տեսակետ հայտնի:



- Նման խնդիր չի քննարկվել, անեկդոտ ենք պատմել, կատակներ էինք անում:



- Պարոն Խաչատրյան, իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք ԲՀԿ դիրքորոշումը հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարելու համար ՍԴ դիմելու նախաձեռնությանը չմիանալու հարցում. պահանջվում է 27 պատգամավորի ստորագրություն, որը չի հավաքվում:



- Նախ՝ ԲՀԿ-ն դեռ որոշում չունի, բայց ես կարծում եմ, որ ի՞նչ իմաստ ունի անընդհատ նույն ջուրը մտնել:



- Ի՞նչ ջուր եք առաջարկում մտնել:



- Ես չգիտեմ, բայց եթե պիտի առանց հետագա լուծումների լինի… իմաստ չունի:



- Ձեր կուսակից Միքայել Մելքումյանն ասում է, որ ընդդիմությունը միայն քննադատելու համար չէ, չպիտի իշխանության դեմ նման քայլեր անի, իսկ ընդդիմությունն ի՞նչ պիտի անի:



- Իրեն հարցրեք:



- Պարոն Խաչատրյան, ԲՀԿ-ն հիմա ընդդիմությո՞ւն է, թե՞… Այլընտրանք կարգավիճակում ավելի ռադիկալ էիք, քան ընդդիմադիր:



- Կանոնակարգն է պահանջում, ըստ հայտարարության՝ ընդդիմություն է գրված:



- Իսկ իրականո՞ւմ:



- Իրականում Ծառուկյանից հետո մեջքներս դեռ չենք կարողանում շտկել: Համոզված եմ, որ կհաջողվի, կափսոսամ, եթե չհաջողվի:



- ՀԱԿ-ի հայտարարությանը չմիացաք… (հարցն անավարտ է մնում)



- Չի կարելի ասել, թե չմիացաք, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը համագործակցում էին, թող միանային միմյանց, ես կարծում եմ՝ մարտավարության ընտրության հարց կա: Ինչ է՝ միանալը նշանակում է հարցի վերջնական լուծո՞ւմ, որը մենք դա չարեցինք, մենք էլ մտածում ենք, որ նույն ջուրն անընդհատ մտնելը հարիր չէ:



- Օրինակ, մի քանի ժամկետ է՝ անընդմեջ պատգամավոր եք դառնում, նույն ջուրն եք մտնում, դա հարի՞ր է։ Հարիր չէ՞, որ պետք է հնարավորություն տաք, որ մարդկանց մեծ խմբի բողոքը քննվի, դե թողեք ուրիշները գան ձեր փոխարեն:



- Երեկ ջրային օրենսգրքի հետ կապված օրենք քննարկվեց, որն իմ օրենքն էր՝ առնվազն 50 տոկոսով, մնացած 30-ը քննարկման փուլում է: Շատ հարցեր մեր տարածքի համար լուծել եմ, մարդիկ իրենց անձնական խնդիրներով դիմում են ինձ, ես էլ լուծում եմ, որին օգնում է պատգամավորական մանդատը: Ես հասանելի եմ իմ ընտրողներին:



- Սա էլ է, չէ՞, ժողովրդի խնդիր, ԲՀԿ-ն էլ էր հայտարարում, որ պայքարելու են ազատ-արդար ընտրությունների համար, հիմա մարդկանց մեծ խումբ համամիտ է, որ կեղծվել է հանրաքվեն, իսկ ԲՀԿ-ն համաձայն չէ՝ դրա համա՞ր չի միանում:



- Ես հանրաքվեի ընտրություններին չեմ մասնակցել եւ տեղյակ չեմ ինչ է եղել:



- Ինչո՞ւ չեք մասնակցել, ԲՀԿ-ն ակտիվ «այո»-ի կողմնակից էր, շտաբ ուներ:



- Ես չեմ մասնակցել, որովհետեւ չեմ մասնակցել, այդ պատճառով էլ տեղյակ չեմ՝ կեղծիք եղե՞լ է, թե՞ չի եղել:



- Փաստորեն, Դուք ԲՀԿ-ի արմատականներից եք, կիսում եք Ծառուկյանի տեսակետը:



- Ես ընտրություններին չեմ մասնակցել:



- Իսկ Ձեզ չե՞ն նախատել կուսակցությունում:



- Ես ընտրություններին չեմ մասնակցել:



- Ազնիվ չի՞ լինի, որ ԲՀԿ-ն առաջիկայում հրաժարվի ընդդիմության թղթային կարգավիճակից․ բյուջեին կողմ է՝ ընդդիմության նախաձեռնություններին՝ դեմ, գովաբանում է իշխանություններին, մասնակցում նրանց կարեւորագույն գործերին:



- Բյուջեին կողմ եղանք, որովհետեւ մինչեւ դա չէինք ունեցել ռեալ բյուջե: Միշտ ունեցել ենք նկարված բյուջե:



- Որը ո՛չ աշխատավարձերի, ո՛չ նպաստների, թոշակների բարձրացում չի նախատեսում, իսկ վարչապետն էլ ասում է, որ վատ ենք ապրելու. դրա՞ն էիք կողմ:



- Ուրեմն դա երկրորդ խնդիրն է, ինչ օրի հասցրեցինք մեր բյուջեն, մեր տնտեսությունն այս տարիների ընթացքում: Դա չի նշանակում, որ մենք ձեռներս պետք է ծալած նստենք ու ասենք, որ այլեւս հնարավոր չէ:



- Այդուհանդերձ, կարծում եք, որ ընդդիմության դաշտում դեռ անելի՞ք ունեք:



- ԲՀԿ-ն երկրի կառուցման եւ բարգավաճման գործում խոսք ունի ասելու եւ ասելու է, ես ունեմ երկիր, որտեղ չպիտի խաբեն ժողովրդին եւ ծառայեն ժողովրդին:



- Իսկ ինչո՞ւ է ԲՀԿ-ն խաբում ժողովրդին, սահմանադրական բարեփոխումների մասին մի քանի ամիս առաջ բոլորովին այլ տեսակետ ունեիք, հիմա՝ այլ: Համացանցում էլ ԲՀԿ-ականների նախկին ու ներկա ելույթներով՝ «Քաղաքական պոռնկության ջատագովները» վերտառությամբ, տեսանյութեր են հայտնվել։



- Ես կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մասով մեծ հաշվով կարծես թե փոփոխություն չեմ նկատել, իսկ քաղաքական պայքարի մարտավարության ընտրության հարցում քաղաքական ուժերն ընտրում են այն, որն իրենց հոգեհարազատ է: Ոմանք ընտրում են պոռնկության ձեւը, ոմանք մարդկային դեմքը չեն կորցնում: Նաիրա Զոհրաբյանն իր արմատական դեմքը չի փոխել:



- Նրա ղեկավարած կուսակցությունը կողմ է քվեարկել նախագծին, ԲՀԿ-ն առանձին «այո»-ի շտաբ է հիմնել, քարոզչություն էր անում:



- Ինքը ճանապարհ հարթողների շարքում չի եղել, ինքը չի քվեարկել խորհրդարանում: Քաղաքական տեսակետն արտահայտվում է քվեարկությամբ:



- Այդ դեպքում ի՞նչ է անում նա մի կուսակցության ղեկին, որի հետ արմատապես տարբեր դիրքորոշում ունի, կամ Դուք ինչպե՞ս եք նման ղեկավար հանդուրժում:



- Կուսակցությունն ընդհանրապես որոշում չունի «այո» եւ «ոչ»-ի հետ կապված, նման որոշում չի կայացրել:



- Բայց դուք քվեարկեցիք կողմ եւ «այո» էիք քարոզում:



- Ես չեմ մասնակցել, կուսակցության ղեկավարը չի մասնակցել, չի քվեարկել: