Դա կապ չունի աղետի գոտուն ընդհանրապես. նախարարը՝ բնակարանի կարիք ունեցողների մասին

Դա կապ չունի աղետի գոտուն ընդհանրապես. նախարարը՝ բնակարանի կարիք ունեցողների մասին

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ամփոփելով անցնող տարին, թվարկում էր այն համալիրները, որոնք ավարտին են հասցվել և հանձնվել շահագործման, մեծամասամբ նախարարը մատնանշում էր հյուրանոցների անուններ, իսկ երբ հերթը հասավ աղետի գոտուն, ապա գործերն ավարտին կհասցվեն միայն 2016-ին. «Ոչ միայն Գյումրիում և աղետի գոտում կան բնակարանի կարիք ունեցող մարդիկ: Սոցիալական ապահովության նախարարությունն ունի այդ ամբողջ տվյալները, այսինքն՝ դա կապ չունի աղետի գոտուն ընդհանրապես: Հայաստանի բոլոր մարզերում էլ վթարային շենքեր կան և Եղեգնաձորում, և Ապարանում, և Սիսիանում, և Երևանում, և Գյումրիում, միայն 4-րդ, 3-րդ վթարային կարգի շենքեր կան շուրջ 100 հատ և Վանաձորում, և Գյումրիում: Այսինքն՝ այդ խնդիրն ամբողջ Հայաստանի խնդիրն է, այս տեսակետով նախարարությունն իրապես խորն ուսումնասիրություններ է արել: Անձամբ ես 30-ից ավել նոր տեխնոլոգիաներ առաջարկող ընկերությունների հետ եմ հանդիպել, մեր ծառայությունները լրջորեն քննարկել են: Խնդիրն ինչում է, որպեսզի մենք գտնենք նոր տեխնոլոգիաներ, որ կարողանանք արագ կառուցել և ավելի մատչելի գներով: Այսօր մոտավորապես այդ տիպի բնակարանի 1 քառակուսի մետրն արժենում է մոտավորապես 250 հազար դրամ: Առաջարկներ կան, հիմա գործարան է կառուցվում, որը մեզ առաջարկելու է 40 տոկոս ավելի էժան գներով»:



Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ աղետի գոտում շահառու ճանաչված 5363 ընտանիքից 4398 ընտանիքի բնակարանային խնդիրները լուծվել են: Երևանում էլ առկա կիսակառույց շենքերի խնդիրները նույնպես թողել են հաջորդ տարվան, իսկ թե կոնկրետ որքան կարժենա այդ շենքերին ավարտուն տեսք տալու գործընթացը, Նարեկ Սարգսյանը դեռ չգիտի. «Ավարտվել է մեր կողմից այդ շենքերի տեխնիկական եզրակացությունները, և 2016 թվականի հենց սկզբից նախարարության գերակա խնդիրների մեջ է գտնվում՝ մշակել և առաջարկություններ ներկայացնել այդ շենքերի հետագա վերակառուցման և շահագործման վերաբերյալ: Կոնկրետ ինչ արդյունք կունենա և որքան կարժենա, կարող եմ ասել մի քանի ամիս հետո: Դա մենք դիտարկում ենք որպես լուրջ ռեզերվ, դրանք վերակառուցելով, կարծում եմ, մենք լուրջ խնդիրներ կարող ենք լուծել և սոցիալական ենթակառուցվածքների, և վթարային շենքերի բնակիչների համար»:



Բուզանդ-Տերյան խաչմերուկում գտնվող շենքը, որի համար բազմաթիվ մարդիկ երկար ժամանակ պայքարում էին, արդեն վեր է խոյանում, սակայն ավելի բարձրահարկ է, քան պետք է լիներ. «Ցավոք սրտի, որպեսզի տեղավորվի բոլոր խնդիրները և ի վերջո այդ շենքը կառուցվի, կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել, դրա հիման վրա քաղաքապետարանը տվել է թույլտվություն: Դա միանշանակ ոչ վարչապետի, ոչ էլ իր ընտանիքի անդամների հետ կապված չէր»: