Այսպես նաեւ` կգա ոգու սով

Այսպես նաեւ` կգա ոգու սով

«Բուժման նպատակով ԱՄՆ մեկնելու կապակցությամբ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ դեսպանատանը հանդիպել է դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում եւ տարածաշրջանում ընթացող իրադարձությունների շուրջ»:



Հայկական, այսպես կոչված, էլեկտրոնային մամուլը, որ սաստիկ տագնապած է ՀՀ առաջին նախագահի առողջական խնդիրներից, պետք է որ ծանոթ լիներ ՀԱԿ գրասենյակի վերոբերյալ հայտարարությանը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ ՀՀ առաջին նախագահը բուժման նպատակով ԱՄՆ մեկնելու համար նույնիսկ կես բերան տեղյակ չի պահել ՀՀ իշխանություններին: Էլ չենք խոսում այն մասին, որ Տեր-Պետրոսյանը նույնիսկ որեւէ հայ բժշկի կամ բուժական հաստատություն չի դիմել նախնական հետազոտության հարցով: Շատ տիպիկ դեպք է, իմիջիայլոց, որը ցույց է տալիս առաջին նախագահի քամահրական վերաբերմունքն իր երկրի իշխանությունների, իր երկրի առողջապահության համակարգի նկատմամբ: Իսկ գուցե Տեր-Պետրոսյանը խորշո՞ւմ է իր թողած ավերակներից:



Առողջությունը, իհարկե, թանկ բան է, բայց պետական մտածողությունը երբեք չի կարող վնասել առողջությանը: Նաեւ մի այսպիսի նկատառում` եթե Հայրիկյանի կյանքը փրկելու համար 20 միլիոն ճարվեց, ապա ՀՀ առաջին նախագահին վիրահատելու համար փող հաստատ կճարվեր: Իսկ հարցը միայն փողը չէր: Հարցն այս դեպքում սեփական երկրին ապավինելն ու նրա բարի համբավը օտարների աչքում բարձրացնելու առիթն էր, որ Տեր-Պետրոսյանը չցանկացավ անել:



Եվ հիմա այս ամենը լռության մատնելով` որոշ հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ներ լուրեր են տարածում, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունն ու Լոս Անջելեսի հյուպատոսարանն անուշադրության են մատնել առաջին նախագահի` ԱՄՆ-ում բուժում ստանալու հանգամանքը: Հետաքրքիր է, թե ինչ պետք է անեին ՀՀ դիվանագետներն ԱՄՆ-ում, եթե ի սկզբանե էր հայտնի, որ ԱՄՆ է ժամանել ոչ թե ՀՀ առաջին նախագահը, այլ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի մեծ ախպերը:



Թերեւս այս համատեքստում պետք է դիտարկել նաեւ ոչ անհայտ հրապարակախոս եւ խմբագիր Հարութ Սասունյանի դեմ սկսված ցեխարձակումները, թե իբր նա բողոքել է Գլենդեյլ Մեմորիալ հիվանդանոցի տնօրինությանը, թե ինչու են, առանց հաշվի առնելու լոսանջելեսահայության կարծիքը, բուժել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Որքան էլ զարմանալի է, սրա համար հիմք է ծառայել ֆեյսբուքյան մի գրառում, որն այնուհետեւ տարածել են զանազան ֆեյսբուքասուն լրատվամիջոցներ` հղումներ տալով լոսանջելեսյան իրենց աղբյուրներին: Արդյունքում նույնիսկ որոշ լուրջ կայքեր շտապել են խոսել Հարութ Սասունյանի անմարդկային էության մասին, իսկ ողջ Ֆեյսբուքն էլ պայթում է սփյուռքահայության մասին «անասուններ», «անմարդկային արարածներ», «թուրքեր» եւ այս կարգի արտահայտություններից:



Հետաքրքիր է, որ այս ամենին դեռ ոչ մի կերպ չի արձագանքել ՀԱԿ գրասենյակը: Կարծում ենք՝ անտեղյակ չեն, բայց համեստորեն լռում են, որովհետեւ սա քաղաքական շահարկումների հիանալի առիթ է, իսկ նման առիթը ձեռքից բաց թողնելը քաղաքական փոսում հայտնված Կոնգրեսին ձեռնտու չէ: Բայց Կոնգրեսին ասենք, որ ազնվություն ունենալ, այնուամենայնիվ, պետք է:



Եթե Հարութ Սասունյանը դիմեր ամերիկյան առողջապահական որեւէ հիմնարկի եւ բողոքեր, թե ինչու են բուժել իրենց պացիենտին, ԱՄՆ-ի նման երկրում նրան կուղարկեին 7 սարից այն կողմ: Բայց հարկավոր էր պարզել, թե Հարութ Սասունյանը, եթե, իհարկե, դժգոհել է Տեր-Պետրոսյանին բուժօգնություն տրամադրելու փաստից, ի՞նչ իրավիճակում, ո՞ւմ ներկայությամբ, ի՞նչ միջոցառման ժամանակ է արտահայտել իր բողոքը, մանավանդ` լոսանջելեսահայության 99 տոկոսի անունից: Մարդկայնորեն, այո, դժվար է պատկերացնել, որ Հարութ Սասունյանը կարող էր չիմանալ, որ մարտադաշտում բժիշկներն օգնության ձեռք են մեկնում նույնիսկ թշնամու արյունաքամ լինող զինվորին: Չի բացառվում, իհարկե, որ այս ամենը փորձ է սփյուռքահայության շրջանում հերթական ցեցը գցելու եւ դաշնակցական Հարութ Սասունյանի դիմումի առիթն օգտագործելով՝ ՀՅԴ-ին գոտկատեղից ներքեւ հարվածելու համար: Զգացմունքները, ինչպես ասում են, զգացմունքներ, բայց երբ դրանք տեղափոխում ես քաղաքական հարթություն, բոլորովին այլ բան է դուրս գալիս տակից: Ցանկության դեպքում կարելի է Քենեդու սպանությունն էլ քաղաքական խաղաքարտ դարձնել Հայաստանում: Դրա համար մի փոքրիկ երեւակայություն է պետք ընդամենը: Իսկ հայկական ԶԼՄ-ներում ի՞նչն է շատ` հենց երեւակայությունը: