Կրճատումների մեխանիկան

Կրճատումների մեխանիկան

Վերջապես լավ առիթ է ստեղծվել մեր տուն-տնտեսությունը կարգավորելու, այս թափթփված վիճակը հաղթահարելու համար: Հովիկ Աբրահամյանը շատ էլ ճիշտ է անում, որ Ճշմարիտյանին հանում է: Կառավարությունում ճշմարտությունը մեկ մարդ պետք է ասի, իսկ մյուսները պետք է լսեն: Եվ, առհասարակ, պետք է այնպես անել, որ այսպիսի աղմկահարույց ազգանուններով մարդիկ հնարավորինս քիչ լինեն կառավարությունում: Խնդրեմ` Երիցյան: Երկու նախարարություն գրկել` նստել է, բայց եթե ազգանունին նայես` երրորդն էլ կվերցնի: Չի կարելի, չէ, հետո էլ պարոն Ալեքսանյանի մենաշնորհներից ենք խոսում: Ի՞նչ, ասում եք նրա ազգանունը «երեց» բառի՞ց է: Ավելի վատ իր համար: Կառավարությունում երեցություն անել կարող է միայն մեկ մարդ:



Բա անուննե՞րը... Սերգո: Սա այն դեպքն է, երբ ասում է` անունս Սերժիկ է, բայց գործի տեղն ինձ Սերգո են ասում: Մեկն էլ կա` համ Սերգո է, համ` Երիցյան: Լուրջ առաջ է գնացել համ գիտության ու կրթության ոլորտում, համ էլ դատական համակարգում: Նրա որդուն օրերս Լոռուց հետ են քաշել Երևան, որովհետև Լոռիում բոլորին դատել-վերջացրել է արդեն:



Անուն ազգանունների մաքրազարդման գործում անելիքներ շատ կան, բայց միայն դրանով սահմանափակվել, նշանակում է ոչինչ չանել օպտիմալիզացիայի ուղղությամբ:



Արդեն քանի տարի է, խոսում ենք գիտությունների ակադեմիայի անտերությունից: Ես չգիտեմ հիմա, մեզ էլի քանի՞ տարի է պետք, որպեսզի հասկանանք, որ ՀՀ ԳԱԱ-ն պետք է ընդգրկել կամ Երևանի քաղաքապետարանի, կամ էլ ՀՀ պաշտպանության նախարարութանյ կազմում: Միևնույնն է` թե Երևանի քաղաքապետարանում և թե ՊՆ-ում պաշտպանում և գիտնականներ են դառնում առանց այդ ավելորդ օղակի անհարկի միջամտության: Իսկ ավելի լավ է` հենց ՊՆ-ի մեջ ընդգրկել: Ռազմական ակադեմիա ունեն, թող գիտության ակադեմիա էլ ունենան: Էլ չենք խոսում ակադեմիկոսների և գեներալների տարիքային ցենզի մասին, որ մեկին մեկ համընկնում է:



Գանք Ոստիկանությանը: Աշխարհաբեկ Գասպարյանին թողնես` ձեռուոտ կտրի, իսկ եբ պետք է գործ անել` համեստ է շատ: Մի քանի հատ ոստիկան, մի քանի հատ տեսուչ` չնայած իր անունից չես ասի` համեստության մարմնացում է: Իբր տեսուչներն էլ այնքան զբաղված են, որ նրանց գործի կեսը տվել են Սաշիկին` արագաչափերի տեսքով: Չէ, շատ արագ` ԱԱԾ-ն պետք է միացնել Ոստիկանությանը: Մի սենյակ տվեք, թող այնտեղ նստեն մինչև Գորիկ Հակոբյանի վաղաժամ... թոշակի անցնելը: Հայաստանում, որտեղ մեր հարևան Սիրուշն ավելի շատ բան գիտի քան ԱԱԾ-ն, այդպիսի կառույց պահելը մեղմ ասած` շքեղությունների շքեղությունն է: Նորքի հանցավոր խմբի պատմությունը` ձեզ օրինակ: Մարդկանց տասնյակներով բռնոտել են ու չգիտեն ինչպես ազատեն: Ի՞նչ էր պատահել` Վովան կգար, այդ երեխաներին մի-մի թաթալոշ կտար, շատ-շատ երկու ժամով բերման կենթարկեր որպես ակտիվիստների և վերջ:



Մեր ցավոտ տեղերից մեկն էլ ԿԳՆ-ն է: Գիտությունն, ինչպես ասացինք` տալիս ենք ՊՆ-ին, իսկ կրթությունն էլ կարելի է տալ «Ֆեյսբուքին»: Այս դեպքում կարելի նույնիսկ Աշոտյանից ծաառայողական մեքենան վերցնել, որ տնից աշխատի և, պատահաբար, մյուս ոտքն էլ չկոտրի:



Օպտիմալիզացիան նաև պատասխանատվության մեծացում է նշանակում: Թերթերը իզուր չեն գրում, որ տիկին Հասմիկ Պողոսյանը մատը մատին չի տալիս: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց է: Դա ծանրաբեռնվածության պակասից է: Խոսք չունենք, տիկինը պրպտող է, ուզում է ձեռքը մի բանի գցել, քաղաքաշինությանն է անգամ միջամտում, երբ որևէ շենք են ուզում քանդել: Հարց է առաջանում` մեզ պե՞տք է թերի զբաղբածությամբ նախարարություն, թեկուզ դա լինի մշակույթի նախարարություն: Կարծում ենք` այս գերատեսչությունը նույնպես կարելի է տալ Պաշտպանության նախարարությանը: Հայրենիքի սահմանների, գիտության արժանապատվության պաշտպանությունն իրականացնող այդ կառույցը կարող է նաև իրականացնել մշակութային արժեքների պաշտպանությունը: Անձամբ Հասմիկ Պողոսյանն էլ թող աշխատանքի անցնի ՊՆ համակարգում գործող գեղագիտության խմբակում, որ բացել է մի ոչ անհայտ տիկին` խիստ բարձրաճաշակ:



Կարծես ահագին օպտիմալացրեցինք: Ի՞նչ մնաց այնտեղ: Հա, Սպորտ- երիտասարդություն, ֆինանսներ- հարկեր: Այս երկուսի հարցում կարելի է հետաքրքիր լուծում գտնել: Սպորտն ու երիտասարդությունը կարելի է տալ գործարարներին, որպեսզի, երբ Գագիկ Խաչատրյանն ընկնի հետևներից, կարողանան լավ փախչել: Իսկ երբ նրանք լավ փախչեն, Գագիկ Խաչատրյանին ոչինչ չի մնա անելու, քան ինքնալուծարվելը: Իսկ երբ նրա ամենակուլ նախարարությունը լուծարվի, գործարարները կանգ կառնեն, կհասկանան, որ այսուհետ հարկ են վճարելու բացառապես պետությանը, որն էլ իր հերթին լինելու է իրենց հուսալի տանիքը:



Ավարտելով` Հովիկ Աբրահամյանին հաջողություններ մաղթենք իր սկսած այս նոր շարժման մեջ և հույս հայտնենք, որ այս շարժումն էլ, ինչպես ստվերը արևերես հանելու ձգտումը, չի դառնա նրա ու մեր գեղեցիկ հիշողություններից հերթականը: