ՄԻՊ-ի տեղականն է լավը, փոխնախարարի՝ ցեղականը

ՄԻՊ-ի տեղականն է լավը, փոխնախարարի՝ ցեղականը

Թե ինչպես կպաշտպանի ՀՀԿ-ն ՄԻՊ-ի իր թեկնածուին, դրանից կերևա, թե որքանով են ՀՀ իշխանությունները կարևորում այդ ինստիտուտը: Եթե ատամներով պահեն արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը, ապա այդկերպ միայն կապացուցեն, որ ՄԻՊ գրասենյակն իրենց համար մի բան, այնուամենայնիվ, նշանակում է: Հակառակ պարագայում, եթե այդ կառույցը զիջեն ընդդիմությանը, մի կողմից դա կդիտվի որպես ինքնավստահության նշան, իսկ մյուս կողմից էլ կնշանակի, որ այնքան էլ չեն կարևորում ՄԻՊ ինստիտուտը:



Լավագույն տարբերակը, թերևս այն կլիներ, եթե ՄԻՊ-ի թեկնածուին վերցնեին, այսպես ասած, «փողոցից», որը չէր դիտվի ոչ որպես իշխանության, ոչ էլ ընդդիմության մարդ: Այդ դեպքում թե իշխանությունը կկարողանար սրտի ուզածի չափ քննադատել ՄԻՊ-ի զեկույցները, թե ընդդիմությունը կքննադատեր Պաշտպանին՝ վատ աշխատանքի համար: Արդյունքում կշահեր ինստիտուտը, որովհետև կայացման գործում անփոխարինելի է քննադատության նշանակությունը՝ առողջ, բայց ոչ երբեք կուսակցական դիրքերից ու անձնական ինչ-ինչ հարցերով արված քննադատությունը:



Հենց այսօր, Արման Թաթոյանն իր վրա զգաց ԶԼՄ-ների ճնշումը, երբ լրագրողները հարցեր ուղղեցին, թե ինչպե՞ս կարելի է լինել իշխանության ներկայացուցիչ և զբաղեցնել մի պաշտոն, որտեղ անընդհատ պետք է քննադատվի հենց այդ իշխանությունների կողմից և ի վերջո բռնի իր նախորդի ճանապարը:



Կարելի էր խուսափել այս իրավիճակից: Չեզոք թեկնածուն շատ ավելի մեծ հավատ կհաղորդեր ՄԻՊ-ի նկատմամբ: Վստահաբար համախոհություն կլիներ նաև խորհրդարանական ուժերի կողմից և այս կարևոր պաշտոնը կզբաղեցներ մի մարդ, ով ոչ միայն կկարողանար օգնել քաղաքացուն պաշտպանել իր իրավունքները, այլև բոլորին, այդ թվում նաև իշխանությանն ու ընդդիմությանը կսովորեցներ չոտնահարել դրանք:



Եվս մեկ նկատառում: Արդյոք, լա՞վ մասնագետ և լա՞վ փոխնախարար է Արման Թաթոյանը: Եթե այո, ինչպես կպնդեն ՀՀԿ-ականները, ապա ինչպե՞ս կարելի է բացառել, որ, ի դեմս նրա, արդարադատության բազմաչարչար նախարարությունը չի կորցնի թանկարժեք մի բան: