Փոփոխություններն ուշանում են

Փոփոխություններն ուշանում են

Թեեւ դեսպանների փոխատեղումների մասին խոսվում էր նոյեմբեր-դեկտեմբերին, սակայն դիվանագիտական կորպուսում դեռ լուռ է։ Մենք հայտնել էինք, որ փոխվելու են Չինաստանի, Սինգապուրի, Մոնղոլիայի, նաեւ՝ Բուլղարիայի, բալթյան երկրների եւ Կենտրոնական Եվրոպայի մի շարք դեսպաններ։ Կան պետություններ, որտեղ մեր դեսպանները պաշտոնավարում են բավականին երկար տարիներ: Իսկ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը սահմանում է քառամյա ժամկետ՝ նույն պաշտոնում աշխատելու համար։ Այժմ փոփոխությունների ուշանալը դիվանագիտական ոլորտում կապում են ձեւավորվելիք կոալիցիայի հետ, ասում են, թե հնարավոր է ՀՅԴ-ին դեսպանների պաշտոններ էլ տան, սպասում են գլխավոր հարցը լուծվի, նոր փոփոխություններ անեն: Առայժմ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ, ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնն ստանձնած Տիգրան Սարգսյանի եղբորը՝ Չինաստանում դեսպան Արմեն Սարգսյանին, կտեղափոխեն այլ երկիր: Նրան առաջարկվել է Բուլղարիայում ՀՀ դեսպանի պաշտոնը, եւ նա համաձայնել է: Մեզ հասած տեղեկություններով՝ Չինաստանում դեսպան կնշանակվի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: Վերջինս մինչեւ ԱԳ նախարարի տեղակալ նշանակվելը դեսպան է աշխատել նաեւ Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում, Օմանում, Բուլղարիայում: