Երաշխիքները, ո՞ւր են երաշխիքները, պարոն Թաթոյան

Երաշխիքները, ո՞ւր են երաշխիքները, պարոն Թաթոյան

Երեկ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունը նիստ արեց եւ պաշտոնապես հաստատեց իրենց ՄԻՊ թեկնածուին՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին։ Նիստից հետո Թաթոյանին հարցերը շատ էին, սակայն նա նախընտրեց ոչ թե կանգնել ու հստակ պատասխանել, այլ լղոզել ու փախչել։ 



«Պարոն Թաթոյան, ինչպե՞ս եք պատկերացնում օմբուդսմենի աշխատանքը՝ հաշվի առնելով, որ իշխանությունների կողմից քննադատվում են ՄԻՊ-ի զեկույցները»,-եղավ առաջին հարցը։



«Գիտե՞ք, այս պահին դեռ նոր որոշվել է իմ թեկնածությունն առաջադրել, հանձնաժողովում դեռ քննարկումներ կլինեն, կարծում եմ, որ էնտեղ մանրամասն այդ հարցերը կքննարկվեն»,-պատասխանեց նա։ «Դուք կարծում եք, որ կարո՞ղ եք անկաշկանդ, ազատ լինել, քաղաքացու կողքին կանգնել»,-եղավ երկրորդ տհաճ հարցը։



«Այո, ես համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել եւ քաղաքացու կողքին կանգնել՝ օմբուդսմենի առջեւ դրված խնդիրներին համապատասխան, բայց մանրամասն հարցերը հանձնաժողովում կլինի քննարկում, ես ինքս պատրաստ եմ քննարկել լրագրողների հետ եւ, ընդհանրապես, բաց լինել քաղաքականության իրականացման ընթացքում եւ աշխատանքի ընթացքում, բայց ճիշտ կլինի, կարծում եմ, որ հանձնաժողովում սահմանված կարգով ընթանան քննարկումներ»,-ասաց նա, բայց չասաց, թե այդ ինչպես, որ տրամաբանությամբ է նա ազատ ու անկաշկանդ լինելու, երբ առաջադրվել է իշխանությունների կողմից։



«Պարոն Թաթոյան, Դուք պատկերացնո՞ւմ եք այն ծանրությունը, որն սպասվելու է Ձեզ այդ պաշտոնում, եւ պատկերացնո՞ւմ եք, որ «միջատային գրոհի» կենթարկվեք իշխանությունների կողմից»,-հարցրինք մենք։



«Ես աշխատել եմ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում եւ համագործակցել եմ գրեթե յոթ տարի եւ, այո, պատկերացնում եմ»,-իր պատկերացումներով կիսվեց մեզ հետ դեռեւս արդարադատության փոխնախարար Թաթոյանը։



Հետո նա ուղղակի փորձեց փախչել լրագրողների հարցերի տարափից դեպի ԱԺ նախագահի սենյակ։ Վայրկյաններ անց նա դուրս եկավ այնտեղից ու նորից հանդիպեց լրագրողներին, որոնք տարակուսել էին, թե ինչու է խուսափում լրագրողների հարցերին պատասխանելուց, սա չի՞ նշանակում արդյոք, որ արդեն իսկ ոտնահարում է լրագրողների իրավունքները՝ դեռ մարդու իրավունքների պաշտպան չդարձած։



«Ոչ, խնդրում եմ՝ նման պրովոկացիոն բաներ մի ասեք, ես հարգում եմ բոլոր լրագրողների իրավունքները, եւ իմ գործունեությունն ընդհանրապես կապված է անձի իրավունքների պաշտպանության հետ, պարզապես այս պահին ընթացակարգային առումով կլինի ամսի 12-ին հանձնաժողովում նիստ, լիարժեք կներկայացվեն բոլոր հարցերը»,-ասաց նա։



Դրանից հետո, երբ նա հեռանում էր դեպի Հովհաննես Սահակյանի աշխատասենյակ, փորձեցինք եւս մի քանի հարց ուղղել՝ կապված իշխանական թեկնածուի անկաշկանդ աշխատելու երաշխիքների հետ։ Մի քանի մետր երկարությամբ ԱԺ «Լաչինի միջանցքը», սակայն, ՄԻՊ թեկնածուի համար ասես Գողգոթայի ճանապարհ դարձավ, մինչեւ որ հասավ պետաիրավական հարցերի հանձնաժողով եւ ազատվեց մեր պարզ հարցերին հստակ պատասխան տալու տանջանքներից։



- Պարոն Թաթոյան, ո՞րն է երաշխիքը, որ իշխանության կողմից առաջադրված մարդու իրավունքների պաշտպանն անկաշկանդ կլինի իր գործողություններում։



- Այդ հարցին, խնդրում եմ, ես արդեն պատասխանեցի, կքննարկենք ընթացակարգերին համապատասխան։



- Հասարակությանը հուզող եւ այսօր առաջ քաշված խնդիրը հենց դա է, որ իշխանության թեկնածուն չի կարող անկաշկանդ լինել եւ լիարժեք պայքարել, օրինակ, իշխանությունների ապօրինությունների դեմ, եթե այդպիսիք լինեն։ Երաշխիքները որո՞նք են, ըստ Ձեզ, որ չեք կաշկանդվի։



- Ես այդ հարցին հստակ արդեն պատասխանել եմ։



- Մեկ բառով այդ երաշխիքը կձեւակերպե՞ք՝ ո՞րն է։



- Պատասխանեցի արդեն, մնացածը հետո ըստ ընթացակարգի կքննարկենք։



- Ընթացակարգը երաշխիքներ կապահովի՞ Ձեզ համար։



- Շնորհակալություն։



- Ձեզ չի՞ հուզում այդ հարցը, որ նման խնդիր է բարձրացվում այսօր, որ հասարակության մոտ կասկած կա երաշխիքների առումով։



- Բոլոր հարցերն էլ հուզում են, կարող եք վստահ լինել։ Շնորհակալություն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ