Մարտի 1-ը՝ համախմբման օր

Մարտի 1-ը՝ համախմբման օր

Երեկ՝ փետրվարի 5-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ մարտի 1-ին, բացի պահանջներ ներկայացնելուց, կատարելու են անհնազանդության գործողություններ` շրջափակելով վարչական շենքեր կամ փողոցներ, եթե հանրության շոշափելի աջակցություն լինի։ Նրանք նաեւ ներկայացրին այն պահանջները, որոնք մարտի մեկին պատրաստվում են հանձնել միջազգային հանրության դատին՝ միջազգային պատժամիջոցներ կիրառել այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների, համատարած կոռուպցիայի եւ չբացահայտված հանցագործությունների համար, ճանաչել Հայաստանում քաղբանտարկյալների արդարությունը եւ նրանց անհապաղ ազատ արձակել, կրճատել ոստիկանական ուժերի թիվը, ստեղծել նորմալ քաղաքական պայմաններ ազատ հավաքների համար։ Պահանջները ներկայացրեց Անդրիաս Ղուկասյանը: Հմայակ Հովհաննիսյանը նույնպես կոչ արեց հանրությանն ու ընդդիմադիր ուժերին միանալ մարտի 1-ի հանրահավաքին: Մեզ հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ իրենց գլխավոր խնդիրն է՝ զրկել «քրեական ռեժիմին» արտաքին կարողություններից. «Կարծում եմ, որ համապատասխան միջազգային գնահատականը որպես քաղաքական գործառույթ տեղի կունենա: Էապես կփոխվի հանրության վերաբերմունքը քաղաքականության նկատմամբ, երբ մարդիկ կտեսնեն, որ ՀՀԿ-ի եւ քրեական օլիգարխիայի տարրերը մտել են պատժամիջոցների ցուցակներում: Սպասում ենք հանրության աջակցությանը»: 



Մեր տեղեկություններով, մարտի 1-ի հանրահավաքին մասնակցելու են այն բոլոր ուժերը, որոնք ընդդիմության դաշտում են գործում եւ առաջիկայում պատրաստվում են հենվել հասարակության դժգոհ զանգվածի վրա։ Ինչպես նաեւ նրանք, ովքեր մարտի 1-ին բարիկադների վրա էին։ Սա կլինի յուրօրինակ համախմբման հանրահավաք, որտեղ մեկ օրով այդ ուժերը կմոռանան իրենց տարաձայնությունները եւ կհարգեն մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Հանրահավաքին, ենթադրվում է, ներկա կլինեն եւ հարթակից ելույթներ կունենան ՀԱԿ-ի, ՀԺԿ-ի, «Ժառանգության», Հիմնադիր խորհրդարանի, «Նոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի» եւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։