ԲՀԿ-ն այս պահին եթե պատասխանատվություն վերցնի, չի կարող իրականացնի

ԲՀԿ-ն այս պահին եթե պատասխանատվություն վերցնի, չի կարող իրականացնի

ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Ավետիսյանը կուսակցության ղեկավարի ու եւս 3-4 պատգամավորի հետ ԲՀԿ-ի «արմատական» թեւում է, որը համաձայն չէ ՀՀԿ-ի հետ կոալիցիային:



- Պարոն Ավետիսյան, վերջին օրերին ԲՀԿ-ում արշալույսները կարծես այնքան էլ խաղաղ չեն, ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն գործընթացները մեծ խառնաշփոթ են ստեղծել, ձեր կուսակցությունը բաժանել երկու մասի: Դուք ինչպե՞ս կհիմնավորեք ձեր մոտեցումը, որ պետք չէ հիմա համագործակցել ՀՀԿ-ի հետ:



- Նախ՝ նման խառնաշփոթ չկա, խմբակցության ներսում միշտ էլ քննարկումներ ունենում ենք տարբեր ձեւաչափերի, ընդհանուր՝ ես արտառոց ոչինչ չեմ տեսնում։ ՀՅԴ-ի խնդիրն է՝ մտնում են կոալիցիա, թե չեն մտնում, եղել է իրենց առաջարկ, թե չի եղել, այս պարագայում մենք ընդամենը քննարկել ենք տվյալ ձեւաչափի վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը: Իհարկե, բազմակարծություն է եղել, որը ես քաղաքականության մեջ ընդունված բան եմ համարում, չի կարող 22 կամ 32 պատգամավոր ունեցող խմբակցությունը մեկ կարծիք ունենալ, բայց, ինչպես հայտարարել ենք, մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ այս փուլում մեզ նպատակահարմար չէ որեւէ ձեւաչափով կոալիցիա կազմել:



- Իսկ ինչպե՞ս եք եզրահանգման եկել, որովհետեւ կարծես գերիշխել է կոալիցիային կողմ կարծիքը, ամեն դեպքում, դա խմբակցության քվեարկություններից էլ է երեւում:



- Ես նման բան չէի ասի, ես անձամբ դեմ եմ եղել, իհարկե, չեմ կարող թվարկել, թե քանիսն են դեմ, քանիսը՝ կողմ:



- Ինչո՞ւ եք դեմ կոալիցիա կազմելուն: ՀՅԴ-ից եւ ՀՀԿ-ից հայտարարում են, որ քանի որ Դաշնակցությունն աջակցություն է ցուցաբերել սահմանադրական փոփոխություններին, հետեւաբար, պատասխանատվություն է վերցնում իր ուսերին փոփոխված Սահմանադրությունը կյանքի կոչելու, կառուցվածքային, օրենսդրական փոփոխությունների մշակմանը մասնակցելու, ստացվում է՝ ԲՀԿ-ն կողմ էր փոփոխություններին, բայց պատասխանատվություն չի՞ ուզում կիսել:



- Ես չեմ համարում, որ կոալիցիա մտնելն ինքնանպատակ պրոցես է, ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն եթե իր վրա ինչ-որ պատասխանատվություն վերցնի, կկարողանա այդ պատասխանատվությունն իրագործել: Իրենք (նկատի ունի ՀՅԴ-ն) ունեն այդ տեսլականը, մենք չունենք:



Աջակցել ենք, այո, սահմանադրական փոփոխություններին եւ սպասում ենք, որ 2017 թվականին, երբ կընտրվի նոր պառլամենտը, ու լիարժեք այդ փոփոխությունները կմտնեն ուժի մեջ:



Նոր Սահմանադրության դրույթները գործելու են ընտրություններից հետո:
Մենք հիմա աշխատում ենք հին Սահմանադրությունով:



- Պարոն Ավետիսյան, կառավարման վերաբերյալ գլուխներն են ընտրություններից հետո ուժի մեջ մտնելու, նոր Սահմանադրության 4-5 գլուխ արդեն իսկ գործում է, բացի դրանից, մոդելը պետք է կյանքի կոչել, օրենսդրությունը համապատասխանեցնել եւ այլն: ՀՅԴ-ն հայտարարում է, որ նոր համակարգի ներդրմամբ կարելի է սահուն իշխանափոխության անգամ հասնել:



- Բերեք դրա վրա չբեւեռանանք, մենք ունենք տարբեր կարծիքներ դրա վերաբերյալ, 2017 թվականից հետո, այո, նոր Սահմանադրությանը, որին կողմ ենք եղել, երբ կմտնի ուժի մեջ, մենք կնայենք՝ նպատակահարմարություն կունենա՞ հաղթած կուսակցությունը, թեպետ դեռ վաղ է խոսել, թե ով է հաղթելու, եւ ինչ ֆորմատով է կոալիցիան լինելու կամ չի լինելու, կամ որեւէ քաղաքական ուժ ցանկություն կունենա՞ կոալիցիայի մաս կազմելու, թե՞ ոչ:



- Իսկ գուցե դուք հույս ունեք, որ կհաջողվի՞ ընդդիմություն խաղալ:



- Մենք քաղաքական ուժ ենք, ունենք մեր ճանապարհը, որը հստակ իրականացնում ենք:



- ԲՀԿ-ն հիմա ընդդիմությո՞ւն է, թե՞...



- Այսինքն՝ հիմա մենք ի՞նչ կարգավիճակում ենք:



- Թղթի վրա՝ ընդդիմություն, բայց բոլորն են տեսնում, որ աջակցում եք իշխանություններին, կողմ եք կառավարության բյուջեին եւ այսպես շարունակ:



- Քվեարկելուց առաջ մենք ասել ենք, որ տալիս ենք քարտ-բլանշ, որ գրված բյուջեն իրականացնեն, ամեն անգամ դեմ ենք եղել, բայց հիմա տեսնում ենք, որ այս բյուջեն ուռճացված չէ:



- Իսկ հաջորդ ընտրություններին, ըստ Ձեզ, քանի՞ տեղ կունենա ԲՀԿ-ն, հիմա 30-քանի հոգի եք…



- Էդքան էլ լինելու ենք, ցտեսություն: