Ես եմ, դու ես, ես ու դու՝ ՕԵԿ-ում այս վերածնված

Ես եմ, դու ես, ես ու դու՝ ՕԵԿ-ում այս վերածնված

ՕԵԿ-ի ձեւավորած «Հայկական վերածնունդ» քաղաքական միավորման հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 21-ին։ «Ռեբրենդի՞նգ է լինելու, ՕԵԿ-ին վերջնականապես հրաժեշտ ենք տալու եւ ընդունելու ենք այլեւս որպես «Հայկական վերածնո՞ւնդ»,-հարցրինք ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանին։ Վերջինս այդ քաղաքական միավորման ձեւավորումն «աննախադեպ» համարեց։



«Եվ պետք է ասեմ, որ սա կարեւորագույն է քաղաքական տեսանկյունից, որը մեր քաղաքական դաշտի ապագայի պահանջն էր։ Որեւէ կուսակցություն չի լուծարվում, սա լուծարման գործընթաց չէ եւ սա նոր, քաղաքակիրթ մոտեցում է, երբ քաղաքական ուժերը վերակազմակերպման միջոցով միաձուլվում են։ Հիմա համագումարը կորոշի, բոլոր կուսակցությունները կունենան իրենց պատվիրակները։ Որոշումից հետո, երբ գրանցվեց «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, բոլոր այն կուսակցությունները, որոնք դարձան հիմնադիր, այսինքն՝ հանդես կգան որպես «Հայկական վերածնունդ» կուսակցություն, այդ թվում՝ նաեւ ՕԵԿ-ը»,-ասաց նա։



Այստեղ, սակայն, մի տեխնիկական խնդիր կա՝ ՕԵԿ խմբակցության անվան հետ կապված։ Մարգարյանն ասաց, որ այստեղ իրենք ժամկետի խնդիր ունեն, պետք է սպասեն, մինչեւ խորհրդարանի լիազորություններն ավարտվեն։



- Այսինքն, ըստ էության՝ ռեբրենդինգ լինելու է։



- Իհարկե, լինելու է։ Էսպես ասեմ, որ ավելի պատկերավոր լինի. հիմնադիր համագումարի կայանալուց հետո ես ինքս լինելու եմ նորաստեղծ այդ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ։



- Ռեբրենդավորված ՕԵԿ-ի՝ «Հայկական վերածնունդի» հիմնական բրենդը ո՞րն է լինելու քաղաքական շուկայում։



- Իմ պատկերացումներով՝ բրենդը ոչ թե անուններն են, բրենդը քաղաքացիներն են, բրենդը անդամներն են, ովքեր կարող են այդ բրենդը բարձրացնել կամ գցել։ Բայց, նախ, ես Ձեզ ասեմ, որ ամենակարեւորը մեր այն ծրագրերն են, այն կանոնադրական մոտեցումներն են, որ ունենք, երկրորդը՝ հավատը, որ ունենք դրա նկատմամբ, եւ երրորդ՝ վերջնականապես այն, ինչ տեղի է ունենում, հպարտություն է մեր ժողովրդի համար, որ վերջապես 150 հասարակական-քաղաքական կազմակերպություններ միավորվել են․․․



- Ժողովուրդը ճանաչո՞ւմ է այդ 150 կազմակերպություններին։



- Գիտե՞ք ինչ, միայն 150 հոգի որ ես ասեմ, դա մեր փոքրաթիվ ազգի մեջ պատիվ է բերում բոլորիս։ Ինչի՞ ենք էսօր շեղում հարցերը միշտ։ Դա ինձ համար անընդունելի է։ Ժողովուրդը որ չճանաչի, չի քվեարկի մարդկանց, որ չճանաչի, չի համախմբվի, որպեսզի գնա գրանցվի այդ կուսակցություններում։



- Բայց դրանցից շատերը մարդ-կուսակցություններ են։



- Ո՞րը, օրինակ, մեկին օրինակ բերեք։



- Օրինակ՝ քանի՞ անդամ ունեն «Հայկանդուխտը» կամ «Մարիամը»։



- 2 հազար 264 անդամ ունի «Հայկանդուխտը»։ Եթե չգիտեք, ինչո՞ւ եք վարկաբեկում։



- Լավ, «Հայկական վերածնունդն» ընդդիմադիր դաշտում կամ ընտրություններին պայքար մղելո՞ւ է իշխանությունների դեմ։



- Գործերն ավելին արժեն, քան խոսքերը։ Մենք գործով ապացուցել ենք միշտ, որ կենսունակ քաղաքական ուժ ենք եղել, մեր ծրագրերը միշտ լավն են եղել, եւ միավորված «Հայկական վերածնունդն» ավելի լուրջ լծակներ եւ վստահություն է ունենալու քաղաքական դաշտում․․․



- Քան ՕԵ՞Կ-ը։



- Ոչ, ես չասացի՝ քան ՕԵԿ-ը։ Ավելին, ավելի մրցունակ է լինելու՝ որպես միավորված, որովհետեւ միշտ կյանքը ցույց է տվել, որ առանձին քո հնարավորությունն ավելի քիչ է, քան ընդհանուրի հետ։ Մենք մեր «ես»-ը խառնելու ենք մեր ժողովրդի, մեր «մենք»-ի հետ։ Այլեւս մեր «ես»-ը չկա, կա մեր «մենք»-ը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ