Կտրուկ շրջադարձից հետո

Կտրուկ շրջադարձից հետո

Ինչքան բան փոխվեց, չէ՞, մեր կյանքում ՀՅԴ հայտնի հայտարարությունից հետո: Թերթերը մեկեն ծառս եղան, սկսեցին եռալ քաղաքական կրքերը, Ֆեյսբուքում փոթորիկ է: Նոր ընդունված Սահմանադրությունը, որի մասին շատերն ասում էին` չի գործելու, թղթի կտոր է եւ այլն, հանկարծ բոլորովին այլ նշանակություն ստացավ, դարձավ զորավոր փաստաթուղթ, օրակարգ, որով պայմանավորված կլինեն առաջիկա գործընթացները:



Նորանկախ Հայաստանի պատմության մեջ կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել: Մենք այս ամենը կկարողանանք արժեւորել տարիներ անց միայն, երբ կզգանք, որ ազատվել ենք քյոխվայապետությունից, երբ մեր աչքով տեսնենք համակարգի ցմահ գահակալության եւ ապաշնորհ պաշտոնյաների անվերջ խեղկատակությունների վախճանը:



Այս ամենից առաջին հերթին շահեց երկրի երիտասարդությունը: Ճիշտ ժամանակն է ապացուցելու, որ իրենք են իրենց երկրի տերը: Ավարտվեց ուսանողներին փուչիկներով Վարդան Մամիկոնյանի ձիու տակ քշելու էպոխան: Հրապարակում քաղաքական բամբասանքն իր տեղը զիջել է գաղափարների ազատ ընտրությանն ու պայքարի արդիական ձեւերին: ՀՀ իշխանություններն ու այսօր դեռ հրապարակում մնացած քաղաքական ուժերը, որոնք որոշակի ազդեցություն ունեն երկրի կյանքում, պարտավոր են այդ հնարավորությունը տալ երիտասարդությանը: Մնացածը երիտասարդները կանեն:



2017 թվականի խորհրդարանական ընտրություններով սկիզբ է դրվելու մեծ փոփոխությունների: Այսօր, տակավին հին մտածողությամբ, շատ ու շատ քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ, հրապարակային խոսք ասող շատ հեղինակներ, մի գլուխ քննադատում են ՀՅԴ-ին` ՀՀԿ-ի հետ համագործակցության գնալու համար: Ինչպես ասում են` անցյալն աղմկում է: Անցյալը դիմադրում է, եւ դա բնական է: Ոչինչ: 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները շատ բան կդնեն իրենց տեղը:



Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մեր կյանքը գնալով վատացել է: Հետեւաբար, անիմաստ է վիճելը, որ այդ պայմաններում որեւէ քաղաքական ուժ` լինի իշխանական, թե ընդդիմադիր, ինչ-որ կերպ մեծացրել է իր քաղաքական կշիռն ու ընտրազանգվածը: Ավելի ստույգ՝ ճիշտ հակառակն է տեղի ունեցել. իրենց ռեսուրսը մաշել են թե ՀՀԿ-ն, թե մյուսները: Եվ այս պայմաններում թիրախ դարձնել մեկ ուժի, թե չէին կարողանալու խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարել, դրա համար էլ գնում են կոալիցիա կազմելու` ճիշտ չէ: Կարո՞ղ է որեւէ մեկը մատնանշել այն ընդդիմադիր քաղաքական ուժը, որ հայաստանյան ընտրությունների ավանդույթների շարունակության պարագայում կկարողանար հաղթահարել այդ շեմը: Կոնգրե՞սը, «Օրինաց երկի՞րը», «Ժառանգությո՞ւնը», «Բարգավաճ Հայաստա՞նը»… ո՞ր մեկը: Խնդրին այս կողմից մոտենալու դեպքում հանկարծ պարզվում է, որ այդ շեմը հաղթահարելու հնարավորություններ, ՀՀԿ-ից զատ, թերեւս, ավելի շատ հենց ՀՅԴ-ն ունի, եթե հաշվի առնենք այդ կուսակցության այն կայուն ընտրազանգվածը, որին հնարավոր չէ փախցնել կամ փոշիացնել, եւ որը համապետական ընտրություններին միշտ քվեարկում է նրա օգտին:



Վրաստանը ոչնչով գեղեցիկ չէ Հայաստանից, բայց այդ երկիրը մերի հանդեպ մի շատ կարեւոր առավելություն ունի: Այնտեղ արդեն մի քանի տարի է, ինչ քաղաքական ուժերի միջեւ համակեցության խաղի բոլորովին նոր կանոններ են հաստատվել: Վրաստանում ընտրությունների միջոցով իշխանություններ են փոխվել: Մեր աչքի առջեւ Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց` իր վրա ճնշումներ զգալուն պես: Կառավարության կազմը, ճիշտ է, մեծ հաշվով չվերանայվեց, բայց վարչապետի հրաժարականն արդեն բավական էր մյուսներին զգոն պահելու համար: Պատկերացնո՞ւմ եք Հայաստանում նման բան: Փորձեք պատկերացնել, բայց դրա համար դեռ պետք է պատկերացնել այն քրտնաջան աշխատանքը, որ հարեւան երկրի քաղաքական ուժերը կատարում են ընտրություններից ընտրություններ ընկած ժամանակահատվածում: Մեզ մոտ քաղաքական ուժերը, բոլորը, փոխանակ աշխատելու, այդ ընթացքում լավ գլուխ գովել են սովորում, իսկ վերջին մի քանի օրը սկսում են վազվզել, որ մարդ բերեն հրապարակ: Վերջացան այդ ժամանակները:



Ասվածի վառ ապացույցը Վանաձորում «Ժառանգության» հայտարարած տեւական հանրահավաքներն էին, որոնք չկայացան: Իսկ չկայացան ոչ թե այն պատճառով, որ Րաֆֆին Վանաձոր չգնաց, այլ այն, որ երկու կողմն էլ հոգնել է անկապ, ոչ մի տեղ չտանող հարայհրոցից: Եվ ի՞նչ, եթե «Ժառանգությունից» որեւէ մեկն ինչ-որ բնագավառում աշխատելու ցանկություն հայտնի, պետք է ասենք՝ դավաճանե՞ց իր սկզբունքներին:



Ես, ամենայն անկեղծությամբ, առաջարկում եմ Հ1-ը վստահել Լեւոն Զուրաբյանին: Ի՞նչ պատահեց, հարգելի ՀՀԿ-ականներ, ինչո՞ւ փշաքաղվեցիք: Մարդ պետք է հողին կամաց-կամաց սովորի, որ երբ ժամանակը գա, չվախենա: Իսկ Լեւոն Զուրաբյանն էլ պետք է իմանա, որ ինքը ոչ թե միտումնավոր ՀՀԿ-ի դեմ հաղորդումներ պետք է հեռարձակի, այլ պետք է մնա Հանրային հեռուստաընկերության մասին օրենքի շրջանակում: Այդ ժամանակ միայն մենք կունենանք իսկական հանրային հեռուստատեսություն եւ ոչ թե այն, ինչ ունենք այսօր:



Ես վստահ եմ, որ 2017 թվականի ընտրություններում անակնկալների պակաս չի լինելու: Ճիշտ վերադասավորումների արդյունքում իսկական անակնկալներ կարող են մատուցել նույնիսկ վերջին շրջանում ստեղծված քաղաքական ուժերը, որոնք պայքարի բոլորովին նոր որակ, կազմակերպական կառույցների նոր ձեւեր են հրապարակ բերում: Այս ուժերը, եթե, իհարկե, հաջողության հասնելու ծրագիր են մտմտում, պետք է աշխատեն չփոշիացնել մեկը մյուսին, մանավանդ, երբ չունեն գաղափարական մեծ տարբերակվածություն: Պատկերացրեք, որ ոչ պակաս հրաշալի եռյակ կստացվեր Նիկոլ Փաշինյանից, Էդմոն Մարուքյանից եւ Հրանտ Բագրատյանից:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ



ՀՅԴ անդամ