Հիմա շնորհավորե՞նք, թե՞ ցավակցենք Գագիկ Ծառուկյանին. մեկ տարի առանց քաղաքականության

Հիմա շնորհավորե՞նք, թե՞ ցավակցենք Գագիկ Ծառուկյանին. մեկ տարի առանց քաղաքականության

Այս տարի լրանում է ԲՀԿ հիմնադիր, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալու մեկ տարին, շնորհավորե՞նք, թե՞ ցավակցենք:



Ամեն ինչ սկսվեց ՀՀԿ խորհրդի նիստից, շուրջ ժամուկես տևած նիստից հետո «ռումբը պայթեց», թե Գագիկ Ծառուկյան չի, այլ՝ Դոդի Գագո է: Եվ մինչ Հանրապետական կուսակցության «ոսկե երիտասարդությունը» ղեկավարությունից ոգևորված Գագիկ Ծառուկյանի «սև փիառ»-ով էր զբաղվում, «Հրաշալի եռյակը» դանդաղ «մահանում էր»:



ԲՀԿ նախկին առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեցինք, արդյոք Հայաստանո՞ւմ է Գագիկ Ծառուկյանը, ինչո՞վ է զբաղվում, հետևո՞ւմ է քաղաքական իրադարձություններին. «Գագիկ Ծառուկյանն այս պահին գտնվում է Հայաստանում, զբաղված է օլիմպիական կոմիտեի նախագահի գործառույթներով: Տարին օլիմպիական է գիտեք, խաղերին մնացել են ընդամենն ամիսներ: Ամենօրյա ռեժիմով և խիստ ծանրաբեռնված գրաֆիկով պարոն Ծառուկյանը զբաղվում է իր գործառույթներով, ինչպես նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեության համակարգմամբ և մնացածն արդեն մասնավոր կյանքով, գործառույթներով: Պարոն Ծառուկյանը բնականաբար ապրում է Հայաստանում և տեղեկացված է ամեն ինչից և ցանկացած հարցի մասին ունի ամբողջական տեղեկատվություն».- պատասխանեց Իվետա Տոնոյանը:



Լևոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան և անկրկնելի Գագիկ Ծառուկյան. ինչպիսի հպարտությամբ էին նրանք կանգնում Ազատության հրապարակի հարթակին և թաքուն հրճվանքով հիանում այն «լսարանով», որ հավաքվում էր ունկնդրելու իրենց ելույթները: Այս օրերին, ի դեպ, «ամբոխները խելագարված» արդեն հեղափոխության «ճիչեր» էին արձակում, սակայն...



«Փաստորեն, այդ մարդու ծրագրային ելույթն անձամբ ինձ էր վերաբերում, այսինքն՝ նրա ծրագիրն ինձ պատերազմ հայտարարելն ու ցմահ իշխելու խոչընդոտը վերացնելն է։ Դա՛ է նրա ծրագիրը։ Առաջ անցնելով ասեմ, որ ես ընդունում եմ մարտահրավերն ու գնալու եմ մինչև հաղթանակ։ Ես համոզված եմ, որ միակ հանգուցալուծումն ամբողջական իշխանափոխությունն է` արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով: Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի». (Հատված Գագիկ Ծառուկյանի պատասխանից ուղղված Սերժ Սարգսյանին):



Թե որքան էին ոգևորվել մարդիկ, սակայն մի գեղեցիկ օր, ինչպես սովորաբար լինում է մեր քաղաքական կյանքում, Գագիկ Ծառուկյանը մտքափոխվեց, կամ «մտքափոխեցին»: Ահա այսպիսի գեղեցիկ պատմություն, որը կարող էր ֆանտաստիկ ժանրի գեղեցիկ հեքիաթ դառնալ:



Ինչ մնում է «Հրաշալի եռյակին», ապա Րաֆֆի Հովհաննիսյանը սովորության համաձայն շարունակում է «պայքարել» Ազատության հրապարակում, Լևոն Տեր-Պետրոսյանն առողջության հետ խնդիրներ ուներ, կարծես դեռ չի վերադարձել ԱՄՆ-ից, Գագիկ Ծառուկյանն էլ արդեն իմացաք: Լավ է գոնե պարոն Ծառուկյանն այս օրերին խիստ զբաղված է, երևի չի էլ հիշի անցյալ տարի իր հետ տեղի ունեցած իրադարձությունները: Հիմա ինչպե՞ս, շնորհավորե՞նք, թե՞ ցավակցենք: